Jump to content

Կիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովի կիթ

Կիթ, գյուղատնտեսական կենդանիներից (կով, այծ, մատակ, մաքի, զամբիկ) կաթի ստացման գործընթաց։ Կարող է լինել ձեռքով և ավտոմատացված։

Անընդհատ գոյացող կաթը կաթնագեղձերում կուտակվում է շնորհիվ վերջիններիս մազականության, ծորանների հատուկ կառուցվածքի և պտուկների սֆինկտրների (մկան-սեղմիչներ) առկայության։ Կիթ իրականացվում է կաթնազատության բարդ ռեֆլեքսի շնորհիվ։ Կաթի գոյացման և արտաբերման պրոցեսներում կարևոր դեր են խաղում հիպոֆիզի հորմոնները։ Կովերի մոտ կաթնաբեր ռեֆլեքսն առաջանում է կրծքի և պտուկների մաշկի զգացող նյարդային վերջույթների գրգռման հետևանքով (մերսման ժամանակ)։ Գրգիռները հաղորդվում են գլխուղեղ, ապա հիպոֆիզ, որի հետին բիլթն արտազատում է օքսիտոցին հորմոնը, վերջինս թափանցելով կուրծք, առաջացնում է ալվեոլների շուրջը տեղադրված աստղաձև բջիջների կծկում, և կաթը արտահոսում է կաթնամբարի և ծորանների մեջ։

Ամենախնամքով կթելուց հետո էլ կրծքում մնում է որոշ չափով (10-15%) կաթ (մնացորդային), որի յուղայնությունը 9-12% է։ Կիթը ձգձգելիս կրծքում գոյացած կաթը լրիվ չի կթվում, այն կասեցվում է ալվեոլներում և կաթնածորաններում։ Պտուկների ռեցեպտորների գրգռմանը պետք է անմիջապես հաջորդի կիթ։ Կովերին սովորաբար կթում են սահմանված ժամերին։ Այդ պատճառով նրանց մոտ մշակվում են պայմանական ռեֆլեքսներ։ Կթում են օրական 2-3, իսկ ծնից հետո առաջին օրերին՝ 3—4 անգամ մեքենայով կամ ձեռքով։ Մեքենայական կիթի դեպքում միաժամանակ կթվում են կրծքի 4, ձեռքով կթելիս՝ միայն 2 քառորդը։ Նախքան կիթը, կովի կուրծքը լվանում են գոլ ջրով, առաջին շիթերը կթում առանձին ամանի մեջ (ձեռքով), 1-1, 5 ր հետո պտուկներին հագցնում են կթող բաժակներ։

Կիթի ավարտից առաջ կատարում են ետնակիթ՝ բաժակները ձեռքով մի քանի անգամ ձգում են ներքև և քիչ առաջ։ Լավ նախապատրաստված կիթի տևողությունը 4-5 ր է։ Ձեռքով կթելու լավագույն եղանակը բռնցքակիթն է. պտուկը առնում են ափի մեջ՝ բռնելով որքան հնարավոր է բարձր, այն սեղմում են ռիթմիկ՝ մեկ րոպեում 60-80 սեղմում։ Սովորաբար սկզբից կթում են ավելի զարգացած (մեծ մասամբ ետին) քառորդները, այնուհետև՝ մյուսները։ Նպատակահարմար է կթել խաչաձև՝ սկզբում առջևի աջ և ետին ձախ պտուկները, իսկ հետո՝ մյուսները։ Կիթը այնպես են կազմակերպում, որ դրանց միջև ընկած ժամանակամիջոցում կուրծքը կաթով լցվի և կաթնագոյացումը չարգելակվի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 404