Կարել Հանսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարել Հանսա
Hansa small.jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1890(1890-11-25)
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել է1951
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա
Մասնագիտությունգրող և ճանապարհորդ հետազոտող
Ուշագրավ աշխատանքներԱրևելքի սարսափները

Կարել Հանսա (չեխ. Karel Hansa, Նոյեմբերի 25, 1890, Վիեննա - 1951), չեխ գրող, ճանապարհորդ և հումանիստ։ Հայտնի է իր «Արևելքի սարսափները» (1923 թ.) գրքով, որտեղ ընթերցողի դատին է հանձնել հայ ժողովրդի պատմությանն ու ցեղասպանությանը նվիրված իր ուսումնասիրությունները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Հանսան ծնվել է Կարել և Ժոզեֆինա Հանսաների ընտանիքում, ունեցել է ավստրիական և չեխական ծագում։ 1922 թվականին նա ճանապարհորդել է Մերձավոր Արևելքի երկրներով՝ Ստամբուլից նավով ուղևորվել է Զմյուռնիա (Իզմիր), ապա՝ Բեյրութ և Հալեպ։ Հանդիպելով փողոցներում և վրաններում ապրող հայ գաղթականների՝ ականատես է եղել նրանց թշվառ վիճակին և կրած տառապանքներին։ Հալեպում Կ. Հանսան ծանոթանում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության գործունեությանը և ոգևորվում նրա ծավալած մարդասիրական աշխատանքով։ Նա միանում է ութ հազար հայ որբերին Սիրիա տեղափոխելու կազմակերպության ծրագրին։ Լիբանանի դանիական որբանոցում հանդիպում է Մարիա Յակոբսոնի հետ։ 1922 թվականի վերջին Հանսան Բեյրութից վերադառնում է Եվրոպա այն նավով, որով 896 հույն որբ երեխա էին տեղափոխում Աթենք։ Մերձավոր Արևելքում տեսածն ու զգացածը խորն ազդեցություն են թողնում Հանսայի վրա։ Հայրենիք վերադառնալով՝ նա ստեղծում է «Հայ որբերի օգնության Հանսայի» հիմնադրամը, որը սկսում է գործել Չեխոսլովակիայի «Կարմիր խաչ» կազմակերպությանը կից[1]։

1923 թվականին հրատարակում է «Արևելքի սարսափները» խորագիրը կրող գիրքը, որտեղ անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։ Գրքի հարուստ նյութը հագեցած է նաև ճամփորդության ընթացքում հեղինակի կատարած մոտ 60 լուսանկարով։ Չեխ հայասերի նախաձեռնությամբ գրքի վաճառքի հասույթը տրամադրվում է «Հայ որբերի օգնության Հանսայի ֆոնդ»-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների կողմից գիրքը մտցվել է արգելված գրականության ցանկ, թարգմանված է եղել մի քանի լեզուների։ Հանսան ստեղծել է հայ որբերի օգնության հիմնադրամ (Hansov fond pro armenske sirotky)։ Դրան զուգահեռ եղել է նաև Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչը Չեխոսլովակիայում։ Կյանքի վերջին տարիներին հիմնականում հանդես է եկել դասախոսություններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]