Կատալոնիայի քաղաքական ապագայի մասին հարցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատալոնիայի տեղը Եվրոպայում
2014 թվականի նոյեմբերի 9-ին Կատալոնիայի քաղաքական ապագայի մասին հարցում
Catalan self-determination referendum, 2014.svg
Հարցման պաշտոնական տվյալների համաձայն բոլոր քաղաքներում և վարչատարածքային միավորներում ընտրողների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Կատալոնիայի անկախության օգտին
Արդյունքներ
Կատալոնիայի ամբողջական անկախությանը կողմ
  
80.76 %
Իսպանիայի կազմում իրավունքների ընդլայնմանը կողմ
  
10.07 %
Ստատուս քվոյի պահպանմանը կողմ
  
4.54 %
Մասնկացություն 37.1 %[1]

Կատալոնիայի քաղաքական ապագայի մասին հարցում (կատ.՝ Consulta popular no referendària sobre el futur polític de Catalunya, իսպ.՝ Proceso participativo sobre el futuro político de Cataluña de 2014), Կատալոնիայի լայնամաշտաբ հանրաքվեի այլընտրանքային տարբերակ, որի անցկացումը նախատեսվում էր 2014 թվականի նոյեմբերի 9–ին, բայց հետո սառեցվեց 2014 թվականի սեպտեմբերի 27–ին՝ Իսպանիայի սահմանադրական դատարանի կողմից հանրաքվեի՝ Իսպանիայի սահմանադրությանը հակասելու պատճառով։ Այնուամենայնիվ, 2014 թվականի հոկտեմբերին Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ հենց ինքը հարցումը անօրինական է[2]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի անկախության համար շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի անկախության համար շարժումը խորը արմատներ ունի։ Մինչ XVIII դարի սկիզբը Կատալոնիան Արագոնի թագավորության կազմում էր։ 1714 թվականին Իսպանիայի թագավորության դեմ պատերազմի ընթացքում Կատալոնիան գրավվեց և մտցվեց Իսպանական թագավորության կազմի մեջ։ Գեներալ Ֆրանկոյի դիկտատուրայի ժամանակ Կատալոնիայի ինքնորոշման կողմնակիցները հետապնդման էին ենթարկվում, իսկ առավել ակտիվ անջատողականներին գնդակահարում էին։ 1979 թվականին Կատալոնիային շնորհվեց ինքնավար կարգավիճակ, իսկ կատալոներենը ճանաչվեց Կատալոնիայի պաշտոնական լեզու։

2006 թվականի հունվարին Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն և «Կոնվերգենցիա և միություն» բլոկի առաջնորդ Արթուր Մասը պայմանավորվեցին բավականաչափ ընդլայնել Կատալոնիայի ինքնուրույնությունը։ Մասնավորապես, այդ համաձայնությունը բնորոշում էր կատալոնացիներին որպես առանձին ազգի և Կատալոնիային իրավունք էր վերապահում տնօրինել տեղական բոլոր հարկերը, ինչպես նաև կենտրոնական հարկերի կեսը, որոնք հավաքվում են նահանգից[3]։

2009 և 2010 թվականներին Կատալոնիայում անց էին կացվել ինքնավար կարգավիճակից անկախության անցման ոչ պաշտոնական, խորհրդատվական հանրաքվեներ։ Հանրաքվեներից մեկում հարցը այսպես էր ձևակերպված․ «Ցանկանում եք արդյոք տեսնել Կատալոնիան որպես սոցիալապես կողմնորոշված, դեմոկրատական, անկախ երկիր, որը կանդամակցի Եվրոպական միությանը»։ «Այո»–ի օգտին քվեարկել էր ընտրողների 94 տոկոսը։ Քվեարկությանը մասնակցում էին 7 միլիոն բնակիչների 30 տոկոսը[4]։

2012 թվականի հոկտեմբերին Իսպանիայի Գլխավոր կորտեսների պատգամավորները քվեարկեցին այն կանոնակարգի դեմ, որը թույլ էր տալիս Կատալոնիայի իշխանություններին անցկացնել Կատալոնիայի ինքնորոշման հարցով հանրաքվե։

2013 թվականի հունվարին Կատալոնիայի խորհդարանը ընդունեց Կատալոնիայի ինքնորոշման հռչակագիր, որը Կատալոնիայի ժողովրդին իրավունք էր տալիս ինքնուրույն որոշել սեփական քաղաքական ճակատագիրը։ «Կողմ» էր քվեարկել 85 մարդ, «դեմ»՝ 41։ Երկու պատգամավոր ձեռնպահ էին մնացել։ «Կողմ» էին քվեարկել կառավարող «Կոնվերգենցիա և միություն» բլոկը և Հանրապետական ձախ կուսակցությունը։ «Դեմ» էին Կատալոնիայի սոցիալիստները և Իսպանիայում իշխող Ազգային կուսակցությունը[5]: Մայիսին Իսպանիայի սահմանադրական դատարանը դադարեցրեց հռչակագրի գործունեությունը։

2013 թվականի սեպտեմբերին Իսպանիայի կառավարությունը մեկ անգամ մերժեց Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնելու խնդրանքը և առաջարկեց նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ համաձայն Իսպանիայի օրենսդրության՝ հանրաքվե անցկացնելու իրավունք ունի միայն կենտրոնական իշխանությունը։ 2013 թվականի սեպտեմբերի 11–ին հարյուր հազարավոր կատալոնացիներ ձևավորեցին 400 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա՝ պահանջելով հանրաքվեի անցկացում[6]։

2014 թվականին հանրաքվեի անցկացման փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 11 Via Catalana կենդանի շղթան

2013 թվականի դեկտեմբերի 12–ին Կատալոնիայի ժեներալիտետի նախագահ Արթուր Մասը հայտնեց, որ ինքնավարության հիմնական քաղաքական ուժերը համաձայության են եկել Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման ժամկետների և հարցերի ձևակերպումների շուրջ, որոնք պետք է ներկայացվեն հարցման մեջ։ Նախատեսվում էր ընտրողներին տալ հետևյալ հարցերը․ «Կցանկանայիք արդյոք, որ Կատալոնիան դառնար պետություն»[7][8], իսկ դրական պատասխանի դեպքում պետք է պատասխանեին հետևյալ հարցին․ «Եթե այո, ապա կցանկանայիք, որ Կատալոնիան դառնար անկախ պետություն»[9]։ Իսպանիայի արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս Գալյարդոն անմիջապես հայտարարեց, որ այդ հանրաքվեն չի անցկացվի[10]։ 2014 թվականի մարտի 26–ին Իսպանիայի սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող ճանաչեց նոյեմբերին նախատեսվող հանրաքվեի անցկացումը։ Որոշման մեջ ասվում էր, որ Իսպանիայի սահմանադրությունը արգելում է մարզերին միակողմանի կերպով ինքնավարության հարցով հանրաքվե անցկացնել[11]։

Ապրիլի 9–ին Իսպանիայի Գլխավոր կորտեսները պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժեցին Կատալոնիայի Ասամբլեայի՝ Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկը․ դեմ էր քվեարկել 299 պատգամավոր (կողմ՝47, ձեռնպահ՝ մեկ)[12]։ Վարչապետ Մարիանո Ռախոյը ասաց, որ ինքը ցանկանում է, որ Կատալոնիան շարունակի մնալ Իսպանիայի կազմում։

Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը, ով ցուցադրաբար չէր ներկայացել քվեարկությանը, իր հերթին հայտարարեց, որ իր ուղուց չի շեղվելու[13]։ Սեպտեմբերի 27–ին նա ստորագրեց 2014 թվականի նոյեմբերի 9–ին քվեարկություն անցկացնելու մասին հրաման։ Իսպանիայի կառավարությունը դեմ արտահայտվեց, ապա դիմեց Սահմանադրական դատարան, որից հետո Կատալոնիայի ղեկավարությունը դադարեցրեց հանրաքվեի անցկացման պատրաստությունները[14].։ Հոկտեմբերին պարզ դարձավ, որ Մադրիդից Բարսելոնա է տեղափոխվել 180 ոստիկան։

2014 թվականի հոկտեմբերի 11–ին «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես կողմ արտահայտվեց հանրաքվեի անցկացմանը[15]։

2014 թվականի հոկտեմբերի 14–ին Կատալոնիայի իշխանությունները պաշտոնապես որոշեցին չեղյալ հայտարարել Իսպանիայից Կատալոնիայի անկախության ձեռք բերման հանրաքվեն, քանի որ հանրաքվեի անցկացման իրավական երաշխիքներ չկան[16]։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցման և հանրաքվեի թերթիկները նույնական են

Չնայած նրան, որ առկա էր կրկնակի արգելք[17], Կատալոնիայի կառավարությունը Արթուր Մասի գլխավորությամբ շարունակում էր պատրաստվել ոչ պաշտոնական ընտրության, որը իրավական ուժ չէր ունենալու, սակայն հասարակության և մամուլի համար խորհրդատվական լուրջ դեր ուներ։ Հարցման նախապատրաստման ընթացքում Կատալոնիայի քաղաքապետարանների 947 ղեկավարներից 920–ը (97%) իրենց աջակցությունն հայտնեցին հանրաքվեի անցկացմանը, իսկ նրանցից 800–ը եկան Մասի հետ հանդիպման[18]։ Ի վերջո, ընտրություններ անցկացվեցին Կատալոնիայի գրեթե ողջ տարածքում (92,29%)[19]։ 2014 թվականի նոյեմբերի 9–ին, տեղական ժամանակով 9:00–ին բացվեցին ընտրատարածքները։ Կատալոնիայի տարածքի մոտ 8% հատվածում քաղաքապետարանները ղեկավարվում էին աջակողմյա մադրիդամետ Ազգային կուսակցության (PP) ներկայացուցիչները, ովքեր քվեարկությունը խաբեություն էին անվանում և հրաժարվեցին ընտրությունների անցկացման համար ընտրատարածքներ տրամադրել։ Այդ քաղաքային տարածքներում, որպես կանոն, բնակվում են Իսպանիայի այլ շրջաններից եկած մարդիկ։ Այնուամենայնիվ, նրանց բնակիչները, եթե ցանկություն ունենային, կարող էին քվեարկել իրենց մոտ գտնվող այլ քաղաքային ընտրատարածքներում։ Ընտրությունների կազմակերպման աշխատանքները իրականացվում էին 40000 կամավորների կողմից, քանի որ Իսպանիայի իշխանությունները արգելում էին այդ գործընթացի համար գումար ծախսել։ Ձևավորվել էր 1 317 ընտրատարածք[20]։

Հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրաթերթիկներում ներառված էին հետևյալ հարցերը․ «Կցանկանայիք արդյոք, որ Կատալոնիան դառնար պետություն», «Եթե այո, ապա կցանկանայիք, որ Կատալոնիան դառնար անկախ պետություն»[21]։

Մասնակցություն և արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցում էր 2 305 290 Կատալոնիայի բնակիչ սկսած 16 տարեկանից (այդ թվում 13000 կատալոնացիներ արտասահմանից), որը կազմում է ընտրելու իրավունք ունեցող բնակչության 37%-ը: Այդպիսի իրավունք ըստ կատալոնական օրենքների այդ պահին ուներ Կատալոնիայի 7,5 միլիոն բնակիչներից 5,49 միլիոնը: Դա հաշվի չառնելով Կատալոնիայի իշխանությունները ընտրելու հնարավորություն տվեցին նաև 16 տարեկանից բարձր երիտասարդներին, ինչպես նաև այն արտասահմանցիներին, ովքեր Կատալոնիայում բնակության թույլտվություն ունեն, ինչպես նաև կատալոնյան գրանցում ունեցողներին: Այս ընտրական մեքենայությունների արդյունքում ընտրազանգվածի թիվը 5,49 միլիոնից դարձավ 6,2 միլիոն: Ընտրությանը մասնակցածների 80%-ից ավելին քվեարկել էր Կատալոնիայի ամբողջությամբ Իսպանիայից անկախանալու օգտին: Չնայած դրան, հարցումը իրավական ուժ չունի, սակայն դնում է բնակչության կամարտահայտության միջոցով ինքնիշխանության օրինականացման գործընթացի սկիզբը:

Պատասխանի տարբերակներ Ձայներ Տոկոս
այո-այո 1 861 753 80,76%
այո-ոչ 232 182 10,07%
այո-նշված չէ 22 466 0,97%
ոչ 104 772 4,54%
նշված չէ 12 986 0,56%
այլ 71 131 3,09%

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախնական արդյունքների հրատարակումից հետո Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը հայտարարեց, որ կատալոնացիները ցանկանում են իրենք որոշել իրենց ճակատագիրը և հրապարակայնորեն կոչ արեց Իսպանիայի կառավարությանը անցկացնել Կատալոնիայի անկախության հարցով վերջնական հանրաքվե, ինչպես դա արել են Շոտլանդիայում, իսկ դրանից առաջ՝ Քվեբեկում:
  • Ի պատասխան Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան բնորոշեց հարցումը որպես Կատալոնիայի բնակչությանը խաբելու ձև և ընդգծեց, որ Մադրիդը այդ հարցումը համարում է «անպետք», «իրավական հետևանքներ չունեցող», «Կատալոնիայի բնակչությանը պառակտող»[22]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 'Support for Catalan self-rule less than it seems' - The Local
  2. La Generalitat estima en 2,25 millones la participación y en un 81% el sí a la independencia . El Correo
  3. Lenta.ru // Каталония добилась широкой автономии
  4. Lenta.ru // Каталонские сепаратисты провели собственный референдум
  5. Lenta.ru // Каталония объявила о своём суверенитете
  6. Іспанія не дозволила Каталонії провести референдум про незалежність(ուկր.)
  7. Spain to block Catalonia independence referendum(անգլ.)
  8. Catalan President Mas: «The country’s good sense has made it possible to come to a consensus and agree on an inclusive, clear question, which enjoys broad support»(անգլ.)
  9. Lenta.ru // Каталонии запретили проводить референдум о независимости
  10. La consulta per la independència serà el 9 de novembre de 2014(կատ.)
  11. Конституционный суд запретил Каталонии отделяться от Испании
  12. Парламент Испании не дал провести референдум в Каталонии / Би-би-си
  13. Парламент Испании: нет независимости Каталонии! Euronews
  14. «В Каталонии заморожена деятельность по подготовке референдума»։ 2014-09-30։ Վերցված է 2014-10-14 
  15. Официально: Барселона поддержала референдум о независимости Каталонии — Футбол Испании: Чемпионат Испании по футболу — турнирная таблица, новости, результаты матчей. — СПОРТ
  16. Lenta.ru: Мир: Политика: Каталония отказалась от референдума
  17. Каталонцы выскажут позицию о независимости, несмотря на запрет властей | РИА Новости
  18. Mapa de los ayuntamientos catalanes que apoyan la consulta soberanista
  19. Los ayuntamientos catalanes cierran filas con la convocatoria del 9N: "Ahora o nunca" - RTVE.es
  20. Catalonian vote for independence could lead to compromise - Fortune
  21. ВЕДОМОСТИ - 80,72% каталонцев высказались за независимость региона
  22. Каталония высказалась за отделение от Испании | Forbes.ru