Կապուտանի երկաթի հանքավայր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապուտան (այլ կիրառումներ)
Կապուտանի երկաթի հանքավայր, հանքավայր ՀՀ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ՝ Հատիս լեռան ստորոտին։ Բարձր ջերմաստիճանի, ջրաջերմային-միներալատեղակալված մագնետիտ-ապատիտային հանքավայր է։
Առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանքանյութն առաջացել է մագմայական օջախից դուրս եկող երկաթով հարուստ հանքաբեր լուծույթներից։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են նեոգենի և անթրոպոգենի անդեզիտներ, բազալտներ, դացիտներ, ռիոլիտներ, վանակատներ, պեռլիտներ, նստվածքային գոյացումներ՝ կավեր (հաճախ՝ գիպսի ու քարաղի շերտերով) և կիսախորքային երակային ապարներ։
Կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանքանյութը կազմված է հիմնականում մագնետիտ և ապատիտ միներալներից։ Հանքայնացումը հարում է պլիոցենի թթվային՝ անդեզիտադացիտային կազմի ապարներին և ներկայացված է երակաձև ու ոսպնյակաձև հանքամարմիններով (երկարությունը՝ 150-300 մ, հաստությունը՝ մինչև 70 մ)։ Առանձնացվում են հոծ երկաթով հարուստ (58-65% Fe), երակաձև միջին հարստության (30-55% Fe) և երակիկացանավոր աղքատ (20-29% Fe) հանքանյութեր։ Հետախուզված արդյունաբերական պաշարները 240 միլիոն տ են՝ 32% Fe-ի միջին պարունակությամբ։ Հանքանյութում ապատիտի հետ կապված առկա են հիմնականում արդյունաբերական նշանակության ցերիումի խմբի հազվագյուտ հողեր։
Կապուտանի երկաթի հանքավայրի մասին տեղեկություններ կան Վ․ Մելլերի (1917) և Կ․ Պաֆենհոլցի (1948) ամփոփագրերում։ Հանքավայրը մանրամասն ուսումնասիրել են երկրաբաններ Հ․ Մաղաքյանը (1947), Լ․ Սարուխանյանը (1971), Գ․ Մեժլումյանը (1978), Ա․ Կարապետյանը (1982) և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |