Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիա, ԿՄԴՖ (անգլ.՝ Women's International Democratic Federation, WIDF), կանանց իրավունքների միջազգային կազմակերպություն։
Ստեղծվել է 1945 թվականի դեկտեմբերին, Փարիզում, Կանանց միջազգային կոնգրեսում։ 1977 թվականին ԿՄԴՖ-ի մեջ մտնում էին 109 երկրների կանանց ազգային 123 կազմակերպություն։ Սկզբնապիս իր մտահոգության ոլորտների մեջ է ներառել էին հակաֆաշիզմը, համաշխարհային խաղաղությունը, երեխաների բարեկեցությունը և կանանց իրավունքների բարելավումը[2]։ Սառը պատերազմի ժամանակաշրջանում ունեցել է կոմունիստական և պրոխորհրդային ուղղվածություն։
Մասնակցում է ՄԱԿ-ի գործունեությանը և դրա մասնագիտացված հաստատությունների աշխատանքին, որի բարձրագույն մարմինը Կոնգրեսն է, գումարվում է 4 տարին մեկ։ Կոնգրեսն ընտրում է ԿՄԴՖ նախագահ և Խորհուրդ, որը ֆեդերացիայի ղեկավար մարմինն է կոնգրեսների միջև ընկած ժամանակաշրջանում։ Կոնգրեսի և Խորհրդի որոշումների կատարումն ապահովում է Բյուրոն։ Աշխատանքային մարմինն է Քարտուղարությունը՝ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Շտաբ-բնակարանը գտնվում է Բեռլինում։
Հիմնադրման 30 ամյակի կապակցությամբ 1975 թվականին պարգևատրվել է Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի անվան «Խաղաղության ոսկե մեդալով»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 234)։