Jump to content

Կամքի պաթոլոգիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմականորեն ստացվել է այնպես, որ ի սկզբանե կամքի պաթոլոգիայի խնդիրը խիստ կապված էր մոտիվացիայի պաթոլոգիայի խնդրի հետ, քանի որ հենց մոտիվացիան էլ հաճախ հասկացվում էր որպես կամք։ Այսպիսի ուսումնասիրման սկիզբը դրվել է Թեոդյուլ Ռիբոյի,Էրնստ Կրեչմերի և այլ հոգեբանների աշխատանքներում։

Հոգեկան գործընթացների կամային կառավարման շեղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամային ուշադրության խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասթենիկ վիճակները, որոնք առաջանում են գերլարման հետևանքով նյարդային համակարգի հյուծումից (գերլարումը կարող է պայմանավորված լինել երկարատև ապրումներով, չափից շատ մտավոր ծանրաբեռնվածությամբ, ինֆեկցիաներով և ինտոքսիկացիայով) ուղեկցվում են կոնկրետ առաջադրանքների վրա ուշադրության կենտրոնացման դժվարությամբ։ Կողմնակի գրգռիչները, խոսակցությունները, աղմուկը և այլ խոչընդոտներ խիստ խախտում են ուշադրության կենտրոնացվածությունը,փաստացի անհնարին են դարձնում առաջադրանքի իրականացումը։

Գլխուղեղի ճակատային կեղև

Ուշադրության թուլության ձևերից մեկը, որը մասնավորապես հանդիպում է սկլերոզի սկզբնական դրսևորումներով հիվանդների մոտ, հանդիսանում է ցրվածությունը։ Սրա հիմքում ընկած է ուշադրության շեղումը, ուշադրության կայունության խախտումները։ Ուշադրության տեղափոխելիության կարողության խանգարումներ դիտվում են գլխուղեղի ճակատային շրջանների լոկալ վնասվածքների դեպքում։ Այսպիսի հիվանդների և մանիակալ վիճակներով հիվանդների մոտ այս կարողությունն ուժեղանում է։ Նրանց ուշադրությունը մշտապես տեղափոխվում է նոր օբյեկտների և մտքերի վրա՝ երկար ժամանակ չմնալով որևէ բանի վրա։ Շրջապատում կատարվող փոփոխությունների նկատմամբ այս բարձր ռեակտիվությունը բերում է, այսպես կոչված,«դաշտային վարքի»,որի հիմքում ընկած է պաթոլոգիապես ուժեղացած ոչ կամային ուշադրությունը։ Այսպիսի հիվանդները խառնվում են հիվանդասենյակի հարևանների խոսակցությանը, պատասխանում են այն հարցերին, որոնք հասցեագրված են այլ հիվանդի, սակայն չեն պատասխանում իրենց տրված հարցերին, որոնք պահանջում են կամային ուշադրության որոշակի լարում։ Այսպիսով, ուշադրության տեղափոխելիության կարողության ուժեղացումը ուղեկցվում է ուշադրության մեկ այլ հատկության՝ ուշադրության կենտրոնացման թուլացմամբ։ Ուշադրության տարբեր հատկությունների շեղումները բերում են ընկալման խանգարումների։

Ընկալման խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական ընկալման խանգարումներ դիտվում են տեսողական ճանաչողական առաջադրանքների կատարման ժամանակ։ Ճակատային բլթի վնասվածքով հիվանդները, նամանավանդ աջ բլթի վնասման դեպքում, չեն կարողանում կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են նկարների հաջորդական դիտում։ Օրինակ նրանք չեն կարող համեմատել երկու իրար նման նկարներ և գտնել դրանց միջև առկա տարբերությունները։ Լսողական ընկալման մեջ կամային կարգավորման դեֆեկտները հանդես են գալիս ձայների վերարտադրման և գնահատման դժվարությունների տեսքով։ Ճակատային բլթերի վնասվածքով հիվանդների մոտ ռիթմերի գնահատման ժամանակ ի հայտ են գալիս պերսևերատորային պատասխաններ։ Պերսևերատորային պատասխանը որևէ շարժման, մտքի, ապրման ցիկլիկ կրկնությունը կամ համառ վերարտադրությունն է՝ հաճախ հակառակ գիտակցական մտադրմանը։ Սա տեղի է ունենում ուշադրության անջատման հետևանքով և սեփական գործունեության կառավարման խախտման արդյունքում։ Ռիթմերի վերարտադրման առաջադրանքում հիվանդները աոաջադրանքը սկսում են կատարել ճիշտ, սակայն արագ կորցնում են ծրագիրը և սկսում վերարտադրել հարվածների չկարգավորված շարք։ Շոշափական(տակտիլ) ընկալման ժամանակ կամային կառավարման շեղումները դրսևորվում են տարբեր ֆիգուրների հպման ժամանակ ճանաչման դժվարություններում։ Այս դեպքում ճակատային բլթի վնասվածքով հիվանդների մոտ առաջանում են տակտիլ պսևդոագնոզիացիայի պերսևերացիաներ։ Ըստ Ուզնաձեի խախտվում է տակտիլ դիրքորոշումների մշակումը։

Կամային հիշողության խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի կեղևի որոշակի հատվածների վնասման դեպքում խախտվում է մտապահումը։ Օրինակ, գլխուղեղի կեղևի քունքային բլթի վնասման դեպքում դիտվում է լսողական հիշողության վատթարացում։ Այսպիսի խանգարումներով հիվանդները չեն կարողանում մտապահել այնպիսի հաջորդականություն, որում առկա է երեք կամ երկու ձայնային ազդակ։ Միաժամանակ նրանք կարողանում են առանց դժվարությունների մտապահել այնպիսի հաջորդականություն, որում կա չորսից հինգ տեսողական ազդակ։ Հակառակ երևույթը դիտվում է գլխուղեղի ծոծրակային բլթի վնասվածքով հիվանդների մոտ։ Այսպիսի հիվանդները լավ մտապահում են ձայնային ազդակների հաջորդականությունը, բայց մեծ դժվարություններ են ունենում տեսողական ազդակների մտապահման ժամանակ։ Վերարտադրման խանգարումները կարող են անմիջականորեն կապված չլինել հիշողությունից ինֆորմացիայի դուրսբերման պրոցեսի հետ, այլ կարող են առաջանալ երկրորդական ձևով՝ հիշողությունում ինֆորմացիայի պահպանման շեղումների արդյունքում։ Սակայն, մեզ ավելի շատ հետաքրքրում է խանգարման առաջին ձևը, որը կապված է սուբյեկտի կողմից սեփական ցանկությամբ ինֆորմացիայի վերարտադրման հետ։ Տարբերակում են ամնեզիա,հիպոմնեզիա և հիպերամնեզիա։ Ուղեղի ճակատային բլթերի զանգվածային վնասումների դեպքում հազվադեպ չեն հիշողության խանգարումները, որոնք առաջանում են պսևդոմնեզիաների ձևով։ Այս խանգարումները դրսևորվում են ցանկացած մոդալությամբ ստիմուլի կամային մտապահման և վերարտադրման դժվարություններում և համակցվում են այն դժվարությունների հետ, որոնք առաջանում են մտապահվող նյութի սեմանտիկ կազմակերպման ժամանակ։ Այսպիսի հիվանդների կողմից նշանակալիորեն ավելի լավ է կատարվում ճանաչումը, քան հենց վերարտադրումը։ Դիտվում է նաև կամային և ոչ կամային մտապահման արդյունավետության միջև հակասություն։ Այս դասի հիվանդներին բնորոշ է կամային մտապահման արդյունավետության իջեցում՝ ստիմուլային նյութի բազմիցս ներկայացման դեպքում, ինչն արտացոլում է կամային ակտիվության էներգետիկ պոտենցիալի սպառումը։ Առավել վաղ ընկալված օբյեկտները և երևույթները պատկերացնելու կարողության խանգարումները(Շարկո-Վիլբրանդտի ագնոզիաներ) դիտվում են գլխուղեղի գագաթա-ծոծրակային շրջանների վնասման դեպքում։ Հիվանդները չեն կարողանում պատկերացնել իրենց ծանոթ օբյեկտների արտաքին տեսքը՝ չնայած այդ օբյեկտների նկարների ներկայացման դեպքում ճիշտ ճանաչում են դրանց մեծ մասը։ Բայց եթե հեռացնենք նկարն ու խնդրենք հիվանդին պատկերացնել ցուցադրված առարկան, ապա հիվանդի մոտ կրկին կառաջանան դժվարություններ։

Գործողությունների նպատակասլացության շեղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամային կառավարումը խիստ կապված է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի ճակատային բլթերի հետ։ Այդ բլթերի վնասումը բերում է հոգեկան գործունեության կամային կառավարման խանգարման և ընդհանրապես ամբողջ վարքի նպատակասլացության խանգարման, ընդ որում առավելապես սա վերաբերում է գիտակցական գործունեության այն ձևերին, որոնք ուղղորդվում են խոսքային համակարգով միջնորդավորված մոտիվներով։ Այսպիսի հիվանդների մոտ գիտակցական, նպատակադրված վարքը խափանվում է և փոխարինվում վարքի առավել պարզ ձևերով կամ իներտ կարծրատիպերով։ Գիտելիքների և առանձին մասնավոր օպերացիաների(մտավոր գործողությունների) պահպանման հետ միասին դիտվում է դրանց նպատակասլաց կիրառման բարդություն։ Օրինակ ճակատային բլթերի երկկողմ ծանր վնասվածքով հիվանդը, պատահաբար հասնելով զանգի կոճակին, սեղում այն, բայց չի կարողանում ներս եկած բուժքույրին ասել, թե ինչու է կանչել։ Մեկ այլ հիվանդ գլխուղեղի նմանատիպ վնասվածքով, տեսնելով դուռը, բացում է այն և մտնումպահարանի մեջ։ Բայց իր գործողության պատճարը հիվանդը բացատրել չի կարողանում։ Ճակատային բլթերի լայնածավալ երկկողմ վնասման դեպքում հիվանդները ոչ միայն ունակ չեն ինքնուրույն կազմել գործողությունների ծրագիր, այլև չեն կարողանում գործել իրենց տրված պատրաստի ծրագրի ինստրուկցիային համապատասխան։ Ճակատային բլթերի առավել մեղմ վնասվածքների դեպքում պահպանվում է առաջադրված ծրագրերի իրականացման կարողությունը, բայց հիվանդն այլևս չի կարող ինքնուրույն կազմել իր գործողությունների ծրագիրը։ Վարքի ծրագրերի անկայունությունը, դրանց հեշտ փոփոխումը, ծրագրերի ամբողջական կորուստը տիպիկ են այսպիսի հիվանդների համար։

Կամային շարժողական գործողությունների խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամային շարժումների շեղումները նախ և առաջ կապված են կեղևի շարժողական ֆունկցիոնալ համակարգերի բաժինների վնասվածքների հետ, և կոչվում են ապրաքսիաներ։ Ալեքսանդր Լուրիան առանձնացրել է ապրաքսիաների 4 տիպ՝ կինեսթետիկ, տարածական, կինետիկ և կարգավորիչ։

Կինեսթետիկ ապրակքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է մեծ կիսագնդերի հետկենտրոնական շրջանների ստորին բաժինների վնասման դեպքում, այսինքն շարժողական անալիզատորի կեղևային միջուկի հետին բաժինների վնասման դեպքում։ Այս ապրակսիան դրսևորվում է պրոպրիոցենտրիկ աֆերենտացիայի շեղման մեջ, ինչը բերում է շարժման վատ կառավարման՝ մկանային ուժի պահպանման և պերեզների բացակայության դեպքում։ Հիվանդների մոտ խախտվում է ձեռքի տարբեր դիրքերի ճիշտ վերարտադրումը, նրանք չեն կարողանում «ձևացնել» շարժումը, այսինքն առանց առարկայի ցույց տալ, թե ինչպես է կատարվում այս կամ այն շարժումը(ինչպես են ծխում ծխախոտը և այլն)։ Այս հիվանդների մոտ խախտվում են նաև գրի շարժումները։ Տեսողական վերահսկման ուժեղացման դեպքում հնարավոր է շարժումների դեֆեկտները նշանակալի չափով կոմպենսացնել։

Տարածական ապրաքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է մեծ կիսագնդերի կեղևի գագաթծոծրակային բաժինների վնասման դեպքում, և բնութագրվում է տեսաշարժողական կապերի խանգարմամաբ, տարածական պատկերացումների շեղմամբ։ Տեսողական վերահսկման ուժեղացումն այս հիվանդներին չի օգնում.նրանց մոտ փակ կամ բաց աչքերով շարժումների կատարման միջև չկա հստակ տարբերություն։ Տարածական ապրաքսիայի ենթատեսակ է կոնստրուկտային ապրաքսիան՝ առանձին տարրերից ամբողջի կոնստրուկտավորման դժվարություն։ Կեղևի գագաթա-ծոծրակային բաժնի աջակողմյան վնասման դեպքում հաճախ առաջանում է տարածա-օպտիկական ագրաֆիա, որն արտահայտվում է տառերի ճիշտ գրելու, տարածության մեջ կողմնորոշվելու դժվարություններում։

Կինետիկ ապրաքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված է մեծ կիսագնդերի կեղևի պրեմոտոր շրջանի ստորին բաժինների վնասման հետ, այսինքն շարժողական անալիզատորի կեղևային միջուկի առաջնային բաժինների վնասման հետ։ Այս ապրակսիան դրսևորվում է «կինետիկ մեղեդու» անկման մեջ, այսինքն շարժողական ակտի ժամանակային կազմավորման, հաջորդականության խախտման մեջ։ Ապրաքսիայի այս ձևին բնութագրական են շարժողական պերսևերացիաներ, այսինքն սկսած շարժման չվերահսկվող շարունակում։ Կինետիկ ապրաքսիան դրսևորվում է նկարելու, գրելու, առարկայական գործողությունների խախտման մեջ։ Այս հիվանդների մոտ դժվար է հմտությունների՝ ավտոմատացված գործողությունների ձևավորումը։

Կարգավորիչ ապրաքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է գլխուղեղի կեղևի ճակատային բլթերի կոնվեկսիտալ(դրսային) բաժինների վնասման դեպքում և բերում է շարժումների ծրագրավորման շեղման, դրանց կատարման գիտակցական հսկման շեղման։ Այս խանգարումները կարող են բերել նաև անհրաժեշտ շարժումների փոխարինմանը շարժողական կարծրատիպերով, շաբլոններով, իսկ կոպիտ վնասվածքների ժամանակ հանգեցնում են էխոպրաքսիայի(ընդօրինակող շարժումներ) և էխոլալիա(լսած բառերի կրկնում)։

Խոսքի մոտոր շեղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակում են խոսքի խանգարման մի քանի տեսակներ, որոնք կապված են կամային կարգավորման խանգարումների հետ։

  • Էֆերենտ մոտոր աֆազիա(Բրոկայի աֆազիա),որն առաջանում է պրեմոտոր շրջանի ստորին բաժինների վնասման դեպքում(Բրոկայի 44-րդ և մասամբ 45-րդ դաշտեր)։ Այս շրջանի ամբողջական քայքայման դեպքում հիվանդները պրակտիկորեն չեն կարողանում արտաբերել ոչ մի բառ։ Ինչ-որ բան ասել փորձելիս՝ նրանք արտաբերում են չտարրանջատված ձայներ։ Միաժամանակ հասկանում են իրենց ուղղված խոսքը։ Ավելի «նուրբ» խանգարումների ժամանակ խոսքի հնչյունների արտիկուլյացիայի (խոսքի հնչյունների արտաբերման ժամանակ խոսքային օրգանների շարժումների կորդինացիա, որը իրականացվում է գլխուղեղի կեղևային և ենթակեղևային կառույցների խոսքային բաժիններով) կարողությունը պահպանվում է, սակայն տուժում է խոսքային ակտի հենց շարժողական կազմակերպումը, խոսքային շարժումների ճիշտ հաջորդականությունը։
Բրոդմանի 44 գոտի

Աֆազիայի այս ձևը հանդիսանում է շարժումների ձախկիսագնդային խանգարումների ախտանիշ(կինետիկ ապրաքսիա),որոնց դեպքում գլխավոր դեֆեկտը դրսևորվում է մի շարժումից մյուսին անցնելու դժվարության մեջ, ինչն էլ բերում է հաջորդական շարժողական ակտերի կատարման դժվարության։ Բառի արտաբերման փորձի ժամանակ հիվանդները չեն կարողանում մի վանկից անցնել մյուսին, արդյունքում առաջանում են խոսքային պերսևերացիաներ։ Սրանք դրսևորվում են ինչպես ակտիվ սպոնտան խոսքում և բառերի կրկնման ժամանակ, այնպես էլ գրավոր խոսքի ժամանակ։ Հիվանդներն առանձին հնչյուններն ու նույնիսկ վանկերն արտաբերում են ճիշտ, բայց հիվանդները չեն կարողանում դրանք միավորել մեկ բառում արդեն արտաբերված խոսքային էլեմենտների իներտության պատճառով։

Վերնիկեի գոտի
  • Վերնիկեի աֆազիա, որն առաջանում է առաջնային քունքային գալարի հետին մասի կամ Վերնիկեի գոտու վնասման ժամանակ։ Խոսքի յուրացումը խանգարված է, խոսքը՝ սահուն, սակայն պարունակում է գոյություն չունեցող բառեր։
  • Դինամիկ աֆազիա, որը նախ և առաջ կապված է ներքին խոսքի դեֆեկտների հետ. կորում է խոսքի պրեդիկատիվությունը՝ ստորոգելիությունը, երբ չեն կարողանում կապել ենթական և ստորոգյալը, կորում է նախադասության իմաստը, և անհնար է դառնում արտահայտության իմաստի կաոուցումը։

Կամային ազդակների ուժի խանգարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամային ազդակների ուժի իջեցումը դիտվում է տարբեր հոգեկան հիվանդությունների և գլխուղեղի օրգանական վնասումների դեպքում։ Առանձնացնում են կամքի այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են աբուլիան, հիպոբուլիան, հիպերբուլիան և պարաբուլիան։

  • Աբուլիա, որը կամքի, գործունեության ազդակների բացակայության վիճակ է։ Հիվանդը դադարեցնում է ամեն տեսակի գործունեություն, կորցնում բոլոր ցանկությունները։ Նա երկար ժամանակ պառկում կամ նստում է անկողնում՝ հաճախ կարծրատիպային դիրքով։ Հիվանդը նույնիսկ չի կարողանում կատարել այնպիսի գործողություններ, որոնք կապված են ամենապարզ ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ(դադարում է ուտել, դառնում է անփույթ)։ Հաճախ աբուլիայի դեպքում դիտվում է մուտիզմ՝ լռակյացություն.հիվանդը չի խոսում, չի պատասխանում հարցերին։
  • Հիպոբուլիա, որի տակ հասկանում են կամային ազդակների առավել քիչ արտահայտված իջեցում։
  • Հիպերբուլիա, որը բնութագրվում է հիվանդի կամային ակտիվության թվացյալ բարձրացմամբ։ Այստեղ խոսքը կամային ակտիվության չափից դուրս բարձրացման և մանիակալ տրամադրության մասին է, որն էլ բարձրացնում է ակտիվությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ильин Е. П., Психология воли. 2-е изд. — СПб.։ Питер, 2009. — 368 с.։ ISBN 978-5-388-00269-3