Կամբուրովի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամբուրովի տուն
Տեսակտեսարժան վայր և պատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կամբուրովի տուն (ռուս.՝ Дом Камбурова), մեկհարկանի շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, տուն 102 հասցեում։ Շենքը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է` համաձայն 18.11.1992-ի թիվ 301 որոշման։ Այս տանը կից տնակում բնակվել է ծովային սպա Պյոտր Պետրովիչ Շմիդտը, իսկ հենց տանը` գեներալ Պավել Կարլովիչ Ռենենկամպֆը։

Հասցեն` ք. Տագանրոգ, Հունական փողոց, 102։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Կամբուրովի տուն

Ոչ մեծ մեկհարկանի աղյուսե տունը Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 102 հասցեում կառուցվել է քաղաքի ժառանգական պատվավոր քաղաքացի Պավել Իվանովիչ Կամբուրովի (1817-1885) միջոցներով։ Տան բակում գտնվում է կարմիր աղյուսով կառուցված մեկհարկանի տնակ։

Շինարարության ավարտից հետո Պավել Իվանովիչ Կամբուրովը բնակվել է այստեղ ընտանիքի` տիկնոջ՝ Մարիա Նիկոլաևնայի (1820-1880), որդու՝ Վլադիմիրի (1843-1909) և դուստրերի` Մարիայի (1850-1908), Օլգայի, Լյուդմիլայի և Ադելաիդայի հետ։

1880-ական թվականների վերջում տնատիրությունը վաճառվել է օբեր-սպայի որդի Վասիլի Պաշուտինին։

20-րդ դարի սկզբին Պաշուտինները տունը վաճառել են կազակ Տիմոֆեյ Ֆեոդորովիչ Մերկուլովին։ 1915 թվականից տունը պատկանել է Իլյա Պորֆիրովիչ Սիլենկոյին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և մինչև 1925 թվականը շենքը պատկանել է քաղաքենի Ֆեոդոր Ալեքսեևիչ Տովելին։

Այս տան բակային տնակում 1890-1893 թվականներին կնոջ և որդու` Եվգենիի հետ բնակվել է հեղափոխական գործիչ, 1905 թվականի Սևաստոպոլյան ապստամբության ղեկավարներից մեկը` Պյոտր Պետրովիչ Շմիդտը։

Պատի հուշատախտակը

1886 թվականին Պյոտր Պետրովիչ Շմիդտն ավարտել է Սանկտ Պետերբուրգի ծովային սպայական կորպուսը, քննությունների արդյունքներով ստացել միչմանի կոչում և նշանակվել է Բալթյան նավատորմում։ Ծառայելով երեք տարի` նա հիվանդության պատճառով զորացրվել է և ամուսնացել պետերբուրգցի քաղաքենուհի Դոմինիկա Գավրիլովնա Պավլովայի հետ։ 1889 թվականի դեկտեմբերին ծնվել է նրանց որդին՝ Եվգենին, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Տագանրոգ։ Այնտեղ Ա. Բ. Նենտցելի միջնորդությամբ Պյոտր Պետրովիչը ծառայության է անցել Ազովի-Դոնի առևտրային բանկում, որտեղ եղել է հաշվապահի օգնական։ 1890 թվականի մայիսի 19-ին Տագանրոգի Սուրբ Միտրոֆան եկեղեցում տեղի է ունեցել որդու՝ Եվգենիի մկրտությունը։ 1893 թվականին Պ. Պ. Շմիդտը թողել է Տագանրոգը և նորից մեկնել ծառայելու նավատորմում։

Նույն տնատիրությունում 1918 թվականին բնակվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի ռուսական ռազմական գործիչ, ռուսական բանակի չինական արշավի, ռուս-ճապոնական պատերազմի և Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից գեներալ Պավել Կարլովիչ Ռենենկամպֆը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո գեներալը ձերբակալվել է և տեղափոխվել Պետրոպավլովյան ամրոց։ Գտնվել է Արտակարգ քննիչ հանձնաժողովի հետաքննության տակ, բայց քննության արդյունքներով նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու համար փաստեր հավաքել չի հաջողվել։

Ռենենկամպֆն ազատվել է բոլշևիկների կողմից Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, ինչից հետո մեկնել է Տագանրոգ՝ իր կնոջ հայրենիք։ Այստեղ նա ապրել է քաղքենի Սմոկովնիկովի անվան տակ։ 1918 թվականի մարտին նա բացահայտվել է։ Ա. Վ. Սամսոնովի բանակին դավաճանելու համար, 1914 թվականի օգոստոսին Հեղտրիբունալը նրան դատապարտել է մահվան։ Գնդակահարվել է 1918 թվականի ապրիլի 1-ին[1]։

Ներկայումս շենքում տեղակայված է «Ռոստեխագրո» կազմակերպությունը։ Տան ճակատին փակցված է հուշատախտակ գրությամբ, որն ասում է, որ այստեղ 1890-1893 թվականներին ապրել է Պ. Պ. Շմիդտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М.: АСТ; Астрель, 2003. — 896 с. — 5000 экз. — ISBN 5-17-019670-9 (ACT); ISBN 5-271-06895-1 (Астрель).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.
  • Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
  • Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]