Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 7, 2013 թ.
Մերկուրի կամ Փայլածու (լատիներեն՝ Mercury), Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։
Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված աստղադիտակներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով։
Պատմության մեջ գրառումներ Մերկուրիի մասին կան արդեն Ք.Ծ.Ա. առաջին հազարամյակում։ Ք.Ծ.Ա. 4-րդ հարյուրամյակում հույն աստղագետները կարծում էին, որ մոլորակը երկու առանձին մարմիններ են՝ առաջինը, երևում էր Արեգակի ծագման ժամանակ և կոչվում Ապոլլոն, և երկրորդը, որը երևում էր մայրամուտից հետո, կոչվում էր Հերմես։ Անգլերեն Մերկուրիի անվանումը եկել է հռոմեացիներից, ովքեր անվանում էին այս մոլորակը հռոմեական աստված Մերկուրիի անունով։ Մերկուրիի աստղագիտական նշանն է Հերմեսի (կամ Մերկուրիի) կադուցեուսը։ Հայկական հին աստղագիտական աշխատություններում Մերկուրին անվանվում է Փայլածու