Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 18, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Քրդերը Թուրքիայում, Թուրքիայում ծնված կամ բնակվող և քրդական ծագում ունեցող մարդիկ են։ Քրդերը Թուրքիայի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են։ Տարբեր գնահատականներով՝ նրանք կազմում են Թուրքիայի բնակչության 15-20%-ը։ Քրդերն ապրում են Թուրքիայի ամբողջ տարածքում, սակայն հիմնականում կենտրոնացած են Թուրքիայի հարավ-արևելքում, որը քրդերի շրջանում կոչվում է Թուրքական Քուրդիստան։

1923 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր քրդերի դեմ կատարվել են այնպիսի մասսայական սպանություններ, ինչպիսիք են Շեյխ Սայիդի, Դերսիմի ապստամբությունների ճնշումներն ու Զիլանի կոտորածը։ Թուրքական կառավարությունը քրդերին մինչև 1991 թվականը դասել է «լեռնային թուրքերի» շարքին և ժխտել քրդերի գոյությունը։ Թուրքական կառավարության կողմից «քրդեր» կամ «Քուրդիստան» բառերն արգելվել են ցանկացած լեզվով, թեև մարդահամարների ժամանակ արդեն «քրդերը» հիշատակվել են որպես առանձին էթնիկ խումբ։ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո քրդական լեզուները պաշտոնապես արգելվել են հասարակական և մասնավոր կյանքում։ Շատ մարդիկ, որոնք խոսում, հրապարակում կամ երգում էին քրդերեն, ձերբակալվել են և բանտարկվել։ Թուրքիայում արգելված է քրդերենը որպես ուսուցման լեզու օգտագործել՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցներում։ Քրդերենը որպես առարկա թույլատրվում է միայն որոշ դպրոցներում։

1980-ական թվականներից քրդական շարժումները ներառում էին ինչպես Թուրքիայում քրդերի հիմնական քաղաքացիական իրավունքների պաշտպանության խաղաղ քաղաքական գործողություններ, այնպես էլ զինված ապստամբություններ ու պարտիզանական պատերազմներ՝ ներառյալ ռազմական հարձակումները, որոնք ուղղված էին գլխավորապես թուրքական ռազմաբազաների վրա՝ պահանջելով նախ առանձին քրդական պետության ստեղծում, ապա նաև քրդերի ինքնորոշում։ Թուրքիայի հասարակական կարծիքի վերաբերյալ պետական հարցման համաձայն՝ Թուրքիայի՝ իրեն քուրդ համարող քրդերի 59% կարծում է, որ քրդերը Թուրքիայում չեն ձգտում առանձին պետության ստեղծել (այն դեպքում, երբ իրեն թուրք համարող թուրքերի 71,3% կարծում է, որ քրդերը ձգտում են դրան)։

Թուրք-քրդական հակամարտության ժամանակ քրդական գյուղերի և քաղաքների վրա պարենային էմբարգո է սահմանվել։ Շատ քրդեր թուրքական անվտանգության ուժերի կողմից բռնի տեղահանվել են իրենց գյուղերից։ Շատ գյուղեր այրվել կամ ոչնչացվել են։ 1990-ական թվականներին և 2000-ական թվականների սկզբին քրդերի շահերը ներկայացնող քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելվել է։ 2013 թվականին հրադադարի արդյունքում մինչև 2015 թվականի հունիսը վերջ է դրվել բռնությանը, սայակն Սիրիական քաղաքացիական պատերազմին Թուրքիայի մասնակցության պատճառով շուտով Քրդական բանվորական կուսակցության (ՔԱԿ) և թուրքական կառավարության միջև վերսկսվել են ռազմական գործողությունները։ Լայնորեն հաղորդվել է հասարակ քուրդ քաղաքացիների նկատմամբ կատարվող բռնությունների մասին... Ավելին