Խոսրով Խլղաթյան
Խոսրով Խլղաթյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Խոսրով Ռազմիկի Խլղաթյան (հունվարի 1, 1964, Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրող, լրագրող, «Գեղամա աշխարհ» թերթի խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսրով Խլղաթյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 1-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Սովորել և ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Երևան, սովորել և ավարտել Երևանի թիվ 1 պրոֆտեխուսումնարանը, բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
1983-1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում՝ Ղազախստանի Շևչենկո քաղաքում։ Դպրոցական տարիներին ընտանիքին օգնելու նպատակով ամառային արձակուրդներին աշխատել է Մարտունու սովխոզում։ Մանուկ հասակից սիրել է զբաղվել ֆիզիկական աշխատանքով, սպորտով ու ընթերցանությամբ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու որդի։ Կինը՝ Ալինա Ավետիսյանը, մասնագիտությամբ բանասեր է, աշխատում է Գեղարքունիքի մարզային գրադարանում։
Ավագ որդին՝ Շանթ Խլղաթյանը, զբաղեցնում է Արմենպրես պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնը։ Փոքր որդին՝ Մեսրոպը, ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության մագիստրատուրան և աշխատում է ճանապարհաշինարարության ոլորտում՝ ղեկավարելով ճանապարհաշինական մասնավոր ընկերություն։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է Մարտունու շինտրեստի բանվոր, Մարտունու թիվ 1 միջնակարգ և Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցների պիոներ ավագ ջոկատավար։ 1987-1994 թվականներին հ. լեզու և գրականություն է դասավանդել Ծակքարի, Ն.Գետաշենի, ապա՝ Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոցներում։ Համատեղության կարգով աշխատել է Մարտունու շրջանային թերթում՝ թրծվելով լրագրության մեջ։ 1995 թվականից աշխատանքի է անցել պետական կառավարման համակարգում։ 1995 թվականի հունվարից մինչև 1996-ի մարտ ամիսը ղեկավարել է Մարտունու շրջխորհրդի գործկոմի ընդհանուր բաժինը։ 1996-2003 թվականներին զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնը։ 2003-2006 թվականներին աշխատել է որպես Գեղարքունիքի մարզպետի մամուլի քարտուղար, 2006-2010 թվականներին եղել է Գեղարքունիքի մարզպետի օգնական։
2008թվականի հոկտեմբերից մինչ օրս խմբագրում է «Գեղամա աշխարհ» մարզային թերթը[1]։ 2015թվականից մինչ այժմ պայմանագրային կարգով աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնում[2]։ 1998 թվականից մինչ օրս համատեղությամբ աշխատում է《Արմենպրես》լրատվական գործակալությունում[3]։ Տարբեր տարիներին համագործակցել է նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական գործակալության, «Հայաստանի Հանրապետություն» թերթի հետ՝ նրանց տրամադրելով Գեղարքունիքի մարզի կենսագործունեության, ձեռքբերումների ու հիմնախնդիրների մասին պատմող տեսանյութեր, հոդվածներ, լուրեր։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք ակնարկների[4], պատմվածքների, դիմանկարների, քննադատական կամ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է[5][6][7][8][9]։ Մասնագետներն առավել բարձր են գնահատել «Ֆիդայական շարժման արձագանքները և ֆիդայիների կերպարը հայ գրականության մեջ» ստվարածավալ աշխատությունը, որը շարունակաբար լույս է տեսել «Գեղամա աշխարհ» թերթում։
2020 թվականին լույս է ընծայել իր բանաստեղծությունների և պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հոգու հայրենիք» վերնագրով[10]։ Հրատարակության է պատրաստում նոր գրքեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ». geghamaashkharh.blogspot.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Գեղարքունիքի մարզպետարան». gegharkunik.mtad.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն». armenpress.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Խլղաթյան, Խոսրով. «Բռնադատված Ավետիք Դավուդյանի հուշերը». epfarmenia.am. epfarmenia.am. Վերցված է 10:12:2022-ին.
- ↑ «ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները բոլոր մարզերում կանցկացնեն քաղաքացիների ընդունելություն և քննարկումներ». m.1in.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Ալիևի բացած թանգարանը սարսուռ է առաջացնում ցանկացած մարդու մոտ․Խոսրով Խլղաթյան - armenia.im» (ամհարերեն). 2021 թ․ ապրիլի 15. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Limited, Clover Media (2019 թ․ մայիսի 20). «Մարտունի գյուղում ստեղծված խնձորի ինտենսիվ այգին այս տարի տալու է իր առաջին բերքը». b24.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Խլղաթյան, Խոսրով (Հուլիս 29 2022). «Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքը սկսվել է ավելի վաղ և ցածր արդյունքներով». 168.am. Խոսրով Խլղաթյան. Վերցված է 10:12:2022-ին.
- ↑ «Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ներկայացվեցին Նոր Բայազետի հարսանեկան ավանդույթները | Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ. Խոսրով Խլղաթյանը հրատարակել է «Հոգու Հայրենիքը» գիրքը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խոսրով Խլղաթյան կատեգորիայում։ |