Խոզարածը
Խոզարածը դան․՝ Svinedrengen | |
---|---|
Վիլյամ Պեդերսենի նկարազարդումը | |
Տեսակ | գրական ստեղծագործություն և հեքիաթ |
Ժանր | հեքիաթ |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Երկիր | Դանիա |
Բնագիր լեզու | դանիերեն |
Հրատարակվել է | 1841 |
Շարք | «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին։ Նոր ժողովածու» |
The Swineherd |
Խոզարածը (դան․՝ Svinedrengen), դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի գրական հեքիաթն արքայազնի մասին, որն ինքնահավան արքայադստեր հետ ամուսնանալու համար որպես խոզարած է ներկայանում։ Հեքիաթն առաջին անգամ տպագրվել է 1841 թվականի դեկտեմբերի 20-ին Կոպենհագենի Կարլ Անդրեաս Ռեյտցելի հրատարակչության կողմից «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին։ Նոր ժողովածու» (դան․՝ Eventyr, fortalte for Børn. Ny Samling) գրքում[1]։ Հեքիաթն ամենայն հավանականությամբ Անդերսենի ինքնուրույն ստեղծագործությունն է՝ չնայած այն բանին, որ նման պատմություններ հայտնի են եղել մինչ այդ։ «Խոզարածը» հարմարեցվել է տարբեր բեմադրությունների հետ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղքատ արքայազնը ցանկանում է ամուսնանալ կայսեր դստեր հետ։ Նրան ուղարկում է 2 նվեր՝ սոխակ և վարդ։ Արքայադուստրը մերժում է համեստ նվերները, որովհետև դրանք իսկական էին ու բնական և ոչ թե արհեստական։ Արքայազնը դեմքին սև մուր է քսում և պալատում ծառայության անցնում որպես խոզարած։ Նա կախարդական կճուճ է պատրաստում։ Արքայադուստրը տասը համբույր է «վճարում» կճուճի համար։ Երբ դրանից անմիջապես հետո խոզարածը չխկչխկան է պատրաստում, արքայադուստրը դրա համար 100 համբույր է «վճարում»։ Կայսրը, զզվելով այն բանից, որ իր աղջիկը խաղալիքի համար խոզարածին է համբուրել, նրանց դուրս է վռնդում իր թագավորությունից։ Արքայազնը, գտնելով, որ արքայադուստրն արժանի չէ իր սիրուն, լվացվում է, հագնում իր թագավորական հագուստները և արքայադստերն ասում, որ արհամարհում է թե՛ նրան, թե՛ նրա հորը։ Արքայազնը վերադառնում է իր դղյակը, իսկ արքայադուստրը մնում պալատի դռների մոտ և տխուր երգում։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենայն հավանականությամբ հեքիաթը գրել է Անդերսենը՝ չնայած ինքնահավան արքայադստերը պատժելը բանահյուսության մեջ առանցքային մոտիվ է։ Ջանբատիստա Բազիլեի «Պենտամերոն» ժողովածուի հեքիաթներից մեկը պատմում է գոռոզ Չինցիելայի և նրա ձեռքը խնդրելու եկած արքայազնի մասին, որը ծպտված էր այգեպանի հագուստով։ Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուի «Դրոզդոբորոդ թագավորը» հեքիաթում թագավորը նորից կերպարանափոխվու է հպարտ արքայադստեր ձեռքը խնդրելու համար։ Անդերսենի հեքիաթն ավանդականներից ավելի քիչ է սրտաշարժ։ Անդերսենի հեքիաթում արքայադուստրը լքված է և միայնակ, տխուր կորցրած սիրո և կարգավիճակի համար, իսկ մյուս հեքիաթներում արքայադստրերն ավելի մեղմ են և շարունակում են սիրել արքայազնին, երբ նա հայտարարում է իր թագավորական կարգավիճակի մասին[2]։
Ադապտացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթը հարմարեցվել է տարբեր ներկայացումների։ Բրոնիսլավ Նիժինսկայայի «Les cent baisers» («Հարյուր համբույր») բալետը (երաժշտությունը՝ Ֆրեդերիկ դը’Էրլանժեի, լիբրետոն՝ Բորիս Կոխնոյի) ներկայացվել է 1935 թվականի հուլիսի 18-ին Քովենթ-Գարդենի թագավորական թատրոնում։ Արքայադստեր դերակատարն էր Իրինա Բորոնովան, արքայազնինը՝ Դավիթ Լիշինը։ Բալետն Ավստրալիայում առաջին անգամ բեմադրվել է 1936 թվականի դեկտեմբերի 5-ին[3]։
«Խոզարած արքայազնը» (իտալ.՝ Il Principe Porcaro) անվանումով օպերային ադապտացիան ստեղծել է Նինո Ռոտան 13 տարեկան հասակում։ Ռոս-օն-Սիում (Ուելս) բրիտանական միակ մշտական Harlequin Puppet Theatre տիկնիկային թատրոնը «Խոզարածը» Էրիկ Բռամելի ադապտացիայով բեմադրել է 1958 թվականին[4]։ 1950-ական թվականներին խորհրդային կոմպոզիտոր Բորիս Չայկովսկին սյուիտ է գրել «Խոզարածը» ռադիոբեմադրության համար։
Պատմության հատվածներն օգտագործվել են Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը» բեմադրության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Opie 231
- ↑ Opie 230-1
- ↑ «Australia Dancing — Cent baisers, Les». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Harlequine Puppet Theater: The Repertoire». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Opie, Iona; Opie, Peter (1974), The Classic Fairy Tales, Oxford and New York: Oxford University Press, ISBN 0-19-211559-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Svinedrengen» Արխիվացված 2011-07-16 Wayback Machine - դանիական բնագիր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզարածը» հոդվածին։ |