Խնձորեսկի մելիքական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Խնձորեսկի մելիքական ապարանք
Մելիք Քասու ապարանքը Հին Խնձորեսկում 1.jpg
Մելիք Քասու ապարանքը Հին Խնձորեսկում
Գտնվում էՀայաստան Խնձորեսկ գյուղ, Սյունիքի մարզ, Հայաստան
Կառուցել էՄելիք Քասի
Ներկա վիճակըԿիսավեր

Խնձորեսկի մելիքական ապարանք կամ Մելիք Քասու ապարանք, ապարանք, որը գտնվել է Հին Խնձորեսկ գյուղատեղիում (այժմյան Հայաստանի Սյունիքի մարզի համանուն գյուղի մոտ)՝ ժայռոտ լեռան վրա գտնվող բնակելի կառուցապատման մեջ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանքի ավերակները, որոնք համեմետաբար ամբողջական պահպանվել են մինչև 1930-ական թվականները, առաջին անգամ համառոտ նկարագրությամբ և դարպասի 1836 թվականի անձնագրության ու ընդհանուր տեսքի լուսանկարով ներկայացրել է Ստեփան Լիսիցյանը։ Հետագայում՝ գյուղի տեղափոխման ժամանակ համակառույցի հիմնական մասը քանդել ու քարերն օգտագործել են նոր գյուղի շինարարության համար, իսկ կանգուն մնացած դարպասն ու դրան կից շինությունները պահպանվել են մինչև 1960-ական թվականները։ Դարպասի ճակատաքարն ունեցել է ոլորանախշ, ուղղանկյուն շրջանակի մեջ առնված 1836 թվականի եռատող արձանագրություն՝ «Ի ՎԱԵԼՈՒՄՆ ՄԷԼԻՔ ՓԱՐԱՄԱԶԻՆ ՈՐԴԻ ՄԵԼԻՔ ՓԱՐԱՄԱԶԻՆ, ԹՎԻՆ ՌՄՁԵ-ԻՆ»[2][3], որը վերոհիշյալ ուսումնասիրողները վերագրում են ապարանքի վերակառուցմանը՝ վկայակոչելով դրա կազմում առկա հին կառույցները։ Մելիք-Փարամազի և նրա նախորդների մասին շատ քիչ տեղեկություն է հայտնի, սակայն պարզ է, որ ապարանքը հնում ևս պատկանել է այդ մելիքական տոհմին և կառուցվել է ամենաուշը 18-րդ դարում։

Բնակարան Հին Խնձորեսկում.jpg

Խնձորեսկն այդ շրջանում եղել է խոշոր ավան, տները եղել են իրար շատ մոտ խիտ կառուցապատված հայտնի է եղել իր քարանձավներով, ժայռափոր-քարաշեն բնակավայրերով ու զարգացած արհեստագործությամբ։ 17-18-րդ դարերում Խնձորեսկը Տաթևի մելիքության ամրացված բնակավայերից էր, 1720-1730 թվականներին՝ Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական մարտերի հենակետներից[4]։ Սակայն Խնձորեսկը մելիքական լիիրավ իշխանությամբ գավառի նստավայր չէր, ոչ էլ Մելիք-Փարամազյանները՝ գավառապետ-մելիքներ։

Ըստ պատմաբան Լեոյի նրանք, հավանաբար, պարսից շահերից մելիքի տիտղոս ստացած գյուղապետ-կալվածատերեր էին, որպիսիք շատ կային Արևելյան Հայաստանում, այդ թվում՝ Սյունիք-Զանգեզուրում (Արցախ-Սյունիքի ազատատենչ մելիքությունները մասնատելու և դրանցում իրենց հավատարիմ մարդկանց մելիք կարգելու քաղաքականությունը կիրառել են հատկապես Շահ-Աբբասը և Նադիր Շահը, ինչպես նաև Շուշվա խաները)[5]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնձորեսկի մելիքական ապարանքը ոչնչով չի զիջել ժամանակի առավել հզոր ու հանրահայտ մելիքների ապարանքներին և նույնպես նշանակալից է եղել իր չափերով ու ձևերով։ Մելիքական տան ավերակների կցկտուր նկարագրությունները համադրելով պահպանված լուսանկարների հետ՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել Մելիք-Փարամազի նախորդների օրոք դրա ունեցած նախնական հորինվածքների մասին։ Այսպես․ տարբեր առիթներով անդրադառնալով համակառույցի ավերակներին, Ստեփան Լիսիցյանը վկայում է, որ դրա հին մասում եղել են ետնամասերով ժայռի մեջ խորացող երեք քարաշեն գլխատներ՝ թաղակապ նախամուտքով, երկհարկանի, ընդարձակ երկար ու թաղակապ սրահ ընդունարան՝ փոքրիկ լուսամուտներով ու գեղեցիկ ձևավորված բուխարիով, թաղակապ դահլիճից ու սյունազարդ կամարասրահից բաղկացած ախոռ, որոնք կառուցված էին լավ տաշած քարից, բավականին ճոխ ու խնամքով[6]։

Ապարանքի ավերակների ընդհանուր տեսքի լուսանկարի ուշադիր դիտարկումով մասամբ ուրվագծվում է այս կառուցամասերի իրական պատկերը։ Մասնավորապես հստակորեն երևում է ձգված ուղղանկյուն հատակագծով, երկհարկանի, թաղակապ ու երկլանջ տանիքով ծածկված ընդունարանի երկրորդ՝ երեսբաց վերնահարկը, սրա առաջին հարկի ճակատի աջակողմյան շարունակությունը կազմող քառասյուն կամարասրահը՝ լանջի մեջ խորացող ետնամասի շինությամբ և սրանց կից դահլիճի կիսավեր պատը՝ պահունակավոր կամարարեղի մնացորդով ու զույգ որմնախորշերի մեջ առնված կամարակապ բուխարիով։ 1836 թվականի վերակառուցման ժամանակ կրկնահարկ դահլիճի և կամարասրահի միջնապատի ուղղությամբ ավելացվել է նոր պատ՝ լայն կամարամուտքով ու բակը ծածկող թաղով (վերջինս՝ ըստ Ն․ Պապուխյանի), երկրորդ հարկում վերնասրահի աջ կողմից կցվել է մի փոքր սենյակ՝ փայտաշեն պատշգամբներով և այլն։ Նուբար Պապուխյանը համարում է նաև, որ «համակառույցի հիմնական շենքերը ընկած են եղել ավելի խորքում, ախոռին կից»[7]։

Ենթադրվում է, որ այստեղ խոսքը Ստեփան Լիսիցյանի հիշատակած թաղակապ նախամուտքով երեք քարաշեն-ժայռափոր գլխատների մասին է, որոնց մասին այլ տվյալներ հայտնի չէ։ Ապարանքի լուսանկարում ուշագրավ է հատկապես քառասյուն կամարասրահը։ Սրահի հատակը փոքր-ինչ բարձր է բակից, քառանիստ, միակտոր սյունաբներն ունեն պարզ հիմնասալ և սեղանաձև հատվածի խոյակներ։ (Ի դեպ, վերջիններիս ձևերը, ինչպես նաև սյունաբների նուրբ եզրատաշվածքը ակնհայտորեն կրում են փայտե նախօրինակների ազդեցությունը)։ Կիսաշրջանաձև, սրբատաշ կամարները դրված են խոյակների ճակատային եզրով, ընդ որում՝ սրահի աջ եզրի փոքր-ինչ լայն կամրաթռիչքով շեշտված է կից դահլիճի հանդիպակաց մուտքը, իսկ կամարների բարձր ճակատը վկայում է, որ սրահի ծածկը թաղակապ է եղել։ Դժվար չէ տեսնել նաև, որ ապարանքի նախնական հորինվածքում առանցքային դեր է ունեցել կրկնահարկ դահլիճ-կամարասրահ համադրվածքը, որը ժառանգված է Քաշաթաղի (և որոշ չափով՝ նաև Խնածախի) ապարանքից։ Այս առումով պետք է նշել, որ, ինչպես երևում է, 1836 թ․ վերակառուցման ժամանակ երկհարկանի դահլիճի առաջին՝ բուխարիով ու պահարանախորշերով ձևավորված բնակելի հարկն ու մելիքական ընդունարան-վերնասրահը պահպանել են իրենց նախկին նշանակությունը, իսկ կամարասրահն ու կից դահլիճը վեր են ածվել ախոռի։ Այս պատճառով է, որ սրահին կցված կառույցներով առանձնացվել են ու փակվել է սյունազարդ ճակատը։ Իսկ սա բացատրվում է այն հանրահայտ իրողությամբ, որ 19-րդ դարում քաղաքատիպ կամ բազմաբաժին-երկհարկանի բնակելի համակառույցների մեջ ընդգրկված հնավանդ գլխատները, դահլիճները, սրահներն ու այլ սենյակները, որպես կանոն, երկրորդական նշանակություն էին ստանում և օգտագործվում էին օժանդակ-տնտեսական նպատակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Page 383 - Zankézouri hayere»։ archives.webaram.com։ Վերցված է 2020-04-01 
  2. «Մելիք Փարամազի տան կառուցման արձանագրությունը»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին։ Վերցված է 2020-04-01 
  3. «Page 384 - Zankézouri hayere»։ archives.webaram.com։ Վերցված է 2020-04-01 
  4. hushardzantest։ «ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԸ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2020-04-01 
  5. Լեո Խոջայական կապիտալ, էջ 152-154։ Արցախ-Սյունիքի ազատատենչ մելիքությունները մասնատելու և դրանցում իրենց հավատարիմ մարդկանց մելիք կարգելու քաղաքականությունը կիրառել են հատկապես Շահ-Աբբասը և Նադիր Շահը, ինչպես նաև Շուշվա խաները։
  6. [Ստեփան Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, էջ 65-66]
  7. [Ն․ Պապուխյան, Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, էջ 70]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]