Խամ ու խոպան հողեր
Խամ ու խոպան հողեր, բնական բուսական ծածկոցով, բոլորովին չհերկված (խոպան) կամ վարելուց ու մշակելուց հետո երկար ժամանակ անմշակ թողնված (խամ) հողեր։ Դրանք հարուստ են հումուսով, ազոտով և հանքային այլ նյութերով, ամրացած են, ունեն լավ ստրուկտուրա, ինքնատիպ ջրային ռեժիմ։ Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում Խամ ու խոպան հողեր կան Ղազախստանում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում, Մերձուրալյան շրջաններում, Մերձվոլգյան տափաստաններում, մասամբ՝ Հյուսիսային Կովկասում, Հեռավոր Արևելքում (մոտ 40 մլն հա)։
1954-ի ՍՄԿԿ մարտյան պլենումը հացահատիկի արտադրությունը երկրում վճռականորեն բարձրացնելու նպատակով որոշում կայացրեց ընդլայնել հացահատիկի ցանքատարածությունն այս հողերի իրացման հաշվին։ Միայն առաջին 2 տարվա ընթացքում իրացվեց 35 մլն հա հող։
Առանձնացվում են խոպան հողերի հետևյալ տիպերը.
- Տափաստանային խոպան՝ սևահողերի և շագանակագույն հողերի սահմաններում, ունի համատարած բնական խոտածածք։ Նախկին ՍՍՀՄ եվրոպական մասում այդպիսի խոպան հանդիպում է բացառապես արգելանոցներում։
- Հարավային տափաստանների և կիսաանապատների խոպան հողեր, գտնվում են ուժեղ երաշտի, բաց շագանակագույն, գորշ և մոխրագույն հողերի շրջաններում, պատված են նոսր խոտային և կիսաթփուտային բուսականությամբ։ Դրանցից կան Կենտրոնական և Հարավային Ղազախստանում, Միջին Ասիայում, Ադրբեջանում, Հայաստանի որոշ շրջաններում։ Հողն այստեղ աղքատ է հումուսով, խոնավությունն անբավարար է։
- Գետահովտային հողեր, հանդիպում են տարբեր բնական գոտիներում (մեծ մասամբ ոչ սևահողերում)։ Հարուստ են հումուսով, ունեն բավարար խոնավություն։ Հաճախ ճահճացած են՝ ծածկված թփուտով և անտառով։ Իրացման համար անհրաժեշտ է դրանք չորացնել և մաքրել ծառերից։
- Տարբեր տիպի տորֆաճահճային հողեր, ընդարձակ զանգվածներ կան Ռուսաստանի եվրոպական մասի ոչ սևահողային գոտում, Բելառուսիայում, Մերձբալթիկայում, Ուկրաինայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Վրաստանում (Կոլխիդա) և այլուր։
- Անջրդի մարգագետիններ և արոտավայրեր, գտնվում են գլխավորապես ճահճա-պոդզոլային տիպի հողերի սահմաններում։
- Մանրանտառով և թփուտներով պատված հողեր, մասամբ օգտագործում են որպես արոտավայր։ Տարածված են Սիբիրի և Հեռավոր Արևելքի տայգայի ու ենթատայգայի շրջաններում։ Խոպան հողերի ոչ մեծ զանգվածներ կան մերձարևադարձային պոդզոլների ու կարմրահողերի սահմաններում։ Հայաստանում կան անմշակ կիսաանապատային, քարքարոտ հողեր և աղուտներ, որոնք աստիճանաբար բարելավվում են, ոռոգվում և մշակվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 7)։ ![]() |