ԽՍՀՄ կանայք երկրորդ համաշխարհային պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ կանայք երկրորդ համաշխարհային պատերազմում
Դիմանկար
 Women in posters of the Soviet Union Վիքիպահեստում

Խորհրդային Միության կանայք ակտիվ մասնակցություն են ունեցել Ֆաշիզմի դեմ մղվող պայքարին։ Հայրենական մեծ պատերազմի տարբեր տարիներին, ըստ տարբեր գնահատականների, Կարմիր բանակի շարքերում կռվել է 490 հազարից մինչև 1 միլիոն կին։ Չնայած կանայք եղել են նաև այլ երկրների զորքերում, սակայն միայն ԽՍՀՄ-ում են նրանք մասնակցել ռազմական գործողություններին մասսայական հիմքերով։ Նրանցից 80 հազարը դարձել են սպա։ Մոտ 100 կին ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում, նրանց մեծ մասը՝ հետմահու[1]։

Կանայք խորհրդային ժողովրդի ազատության պայքարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժողովրդի ազատության և անկախության համար մղվող պայքարում իրենց եղբայրներից, ամուսիններից, հայրերից ու որդիներից ետ չեն մնացել նաև կանայք։ Նրանք ոչ միայն թիկունքում՝ արդյունաբերական ձեռնարկություններում, շինարարական կազմակերպություններում, տրանսպորտում, լուսավորության, առողջապահության, արվեստի, մշակույթի, գրեթե բոլոր բնագավառներում, խորհրդային տնտեսություններում փոխարինել են տղամարդկանց, այլև համալրել են բանակի շարքերը՝ իրենց մեծ լուման ներդնելով հաղթանակի գործում։ Ինչպես տղամարդիկ կանայք նույնպես ծառայության են անցել՝ հաղթահարելով մարտական բոլոր դժվարությունները, նրանց հետ միասին հասել են մինչև վերջնական հաղթանակի, մինչև Բեռլին։

…Երբեք ոչ մի պատերազմում կանայք այնպիսի դեր չեն խաղացել, ինչպես 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում։
- գեներալ Չույկով[2]

Կանայք և աղջիկները համալրել են նաև խորհրդային բանակի, ռազմաօդային և ռազմածովային նավատորմների և հակաօդային պաշտպանության միավորումների շարքերը։ Խորհրդային երկրի հազարավոր կանայք՝ բանվորուհիներ, կոլտնտեսուհիներ, ուսանողուհիներ, մտավորականության ներկայացուցիչներ, կամավոր մեկնել են ռազմաճակատ և մարտնչել ֆաշիստական զավթիչների դեմ որպես տանկիստներ, կապավորներ, հրետանավորներ, օդաչուներ, հատկապես որպես բժշկասանիտարական աշխատողներ։ Խորհրդային ժողովրդի արիասիրտ դուստրերը անձնազոհության, հերոսության անկրկնելի օրինակներ են ցույց տվել Մոսկվայի, Լենինգրադի, Օդեսայի, Սևաստապոլի, Ստալինգրադի, Կուրսկի, Կովկասի և Խորհրդային Միության այլ քաղաքների և բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերում։

Խորհրդային կինը պատերազմի հերոսական տարեգրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի հերոսական տարեգրության մեջ առհավետ արձանագրվեցին շատ հերոսուհիների անուններ, որոնք իրենց սխրագործություններով անմահ փառք բերեցին խորհրդային կնոջը։ Հայրենական մեծ պատերազմի հերոսական տարեգրության մեջ առհավետ ամրագրվել են Զոյա Կոսմոդեմյանսկայայի, Լիզա Չայկինայի, Ուլյանա Գրոմովայի, Լյուբա Շևցովայի, Մայա Պեգլիվանովայի (Փահլևանյան) և այլ անմահ քաջերի անունները։ Խորհրդային կառավարությունը, բարձր գնահատելով կանանց ծառայությունները Հայրենական մեծ պատերազմում, 70 հայրենասեր կանանց արժանացրել է «Խորհրդային Միության հերոսի» կոչման։ Ավելի քան 120 հազար կանայք պարգևատրվել են Հայրենական մեծ պատերազմի շքանշաններով ու մեդալներով, 8 հազար կին պարգևատրվել է «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալով։ Հարյուր հազարավոր կանայք իրենց կրծքին կրել են հերոս քաղաքների պաշտպանության համար շնորհված մեդալներ[3]։

Պատերազմի հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ ծանր հարված հասցրեց մարդկությանը։ Պատերազմի մեջ էին ներքաշվել 61 երկրներ՝ 1.7 միլիարդ բնակչությամբ, որոնց ռազմական ուժերում աշխատում էր 110 միլիոն մարդ։ Պատերազմական գործողություններն ընթանում էին մոտ 22 միլիոն քառ. կմ տարածքի վրա։ Վեց տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 միլիոն և հաշմանդամ դարձավ 95 միլիոն մարդ։ Վիթխարի էին նաև նյութական կորուստները։ Պատերազմից հետո, 1945-1946 թթ. Նյուրնբերգում կայացած դատավարությունը մահվան դատապարտեց հիտլերյան հանցագործներին[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «На фронте и в тылу: женщины Великой Отечественной войны». РИА Новости (ռուսերեն). 20200510T0945. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  2. «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Мемуары ]-- Чуйков В.И. Конец третьего рейха». militera.lib.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  3. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ Կլիմենտ Հարությունյան(չաշխատող հղում)
  4. «Tsushima - Причины и предпосылки войны». tsushima.su. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]