ԽՄԿԿ Կենտկոմի նախարարների խորհրդի որոշում (մարտի 24, 1988)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԽՄԿԿ Կենտկոմի նախարարների խորհրդի որոշում, 1988 թվականի մարտի 24, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման 1988-1995 թվականների միջոցառումների մասին որոշում, որով յոթնամյա զարգացման համար ԼՂԻՄ-ին հատկացվելու էր 400 մլմ ռուբլի «թույլ տված թերացումները հաղթահարելու համար»։ Ընդունված որոշմամբ արձանագրվել և մասամբ ի ցույց է հանվել ԼՂԻՄ-ում ու ողջ Ադրբեջանում հայ բնակչության իրավազրկությունը, մարզի բարձիթողի վիճակը և ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության ծանր հետևանքները։ Ծրագիրը նախատեսել էր ԼՂԻՄ-ում հայկական հեռուստատեսության ծրագրերի ամբողջական հեռարձակում, Ստեփանակերտի և ԼՂԻՄ-ի շրջանային կենտրոնների տպարանների վերակառուցում և ավելի մեծ քանակով հայերեն գրականության, լույս ընծայում՝ «նկատի ունենալով այդ գրականության նկատմամբ մարզի բնակչության պահանջմունքի բավարարումը»։ ԽՍՀՄ մշակույթի նախարարությանը և ադրբեջանական իշխանություններին հանձնարարվել էր քննության առնել Բաքվում հայկական դրամատիկական թատրոն վերստեղծելու հարցը. մշակել և իրականացնել ԼՂԻՄ-ի տարածքում գտնվող պատմաճարտարապետական ու մշակութային հուշարձանների վերականգնման և նորոգման աշխատանքների համալիր միջոցառումներ՝ ՀՀ վարպետների ներգրավմանը։

Կրթության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության ոլորտում ծրագիրը նախատեսում էր ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի մյուս շրջանների հայկական դպրոցներում մշակել և իրականացնել «աշխատանքը կատարելագործելու կազմակերպական-մանկավարժական և մեթոդական» միջոցառումներ։ ԽՍՀՄ ժողկրթության նախարարությանը հանձնարարվում էր Ադրբեջանական ԽՄՀ և Հայկական ԽՄՀ Նախարարների խորհուրդների հետ համատեղ 1988 թվականից նախատեսել Հայաստանի բուհերում ուսանողական տեղերի հատկացում՝ ԼՂԻՄ քաղաքացիների նպատակային ընդունելության համար, ինչպես նաև մշակել և իրականացնել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի նյութատեխնիկական բազայի արագացված զարգացման, ուսումնական արդիական սարքավորումներով վերազինման, բարձրագույն կրթության մասնագետների որակը բարձրացնելու ծրագրեր։ Մաշման մեկ այլ կետով Ադրբեջանական ԽՄՀ Նախարարների խորհրդին հանձնարարվում էր քննարկել և լուծել հիմնարկների և կազմակերպությունների ցուցանակները նաև հայերեն գրելու՝ ԼՂԻՄ քաղաքացիների պահանջները։ Յոթնամյա զարգացման ծրագրով նախատեսվում էր նաև բնակարանային շինարարություն, ճանապարհների, ջրամբարների, գազամուղի, էլեկտրակայանների, հիվանդանոցների, մշակույթի կենտրոնների կառուցում, ԼՂԻՄ-ի օդանավակայանի վերակառուցում և վերազինում, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացում և այլն։ ԽԱՀՄ կուսակցական և պետական բարձրագույն ղեկավարությունն ամեն կերպ ջանալով արցախահայության պայքարը բացատրել սոցիալ-տնտեսական չլուծված խնդիրներով և խուսափելով Լեռնային Ղարաբաղի հարցի արմատական լուծումից, իր որոշումը ներկայացրել է որպես մարզի հայ բնակչության պահանջների բավարարման միակ ու սպառիչ միջոց՝ չնշելով անգամ որոշման կենսագործման իրական լծակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։