Լևոն Նորաշխարհյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Նորաշխարհյան
արմտ. հայ.՝ Լեւոն Նորաշխարհեան
Ծնվել է1894
ԾննդավայրԶեյթուն, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1968
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունուսուցիչ և գրող
Ուշագրավ աշխատանքներ«Զեյթունը 1914-1921 թթ.»
ԶավակներՀակոբ Նորունի

Լևոն Նորաշխարհյան նաև Ենի Դունյայան (1894, Զեյթուն, Օսմանյան կայսրություն - 1968, Բեյրութ, Լիբանան), հայ հասարակական և ազատագրական գործիչ, ուսուցիչ, գրող, Զեյթունի ազատագրական շարժման ղեկավարներից մեկը։

Նազարեթ Նորաշխարհյանի որդին և Հակոբ Նորունիի հայրը, Զեյթունի Նորաշխարհյանների իշխանական տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Նորաշխարհյանը ծնվել է 1894 թվականին Զեյթունում։ Նա Զեյթունի չորս իշխանական տոհմերից մեկի՝ Նորաշխարհյանների շառավիղներից է և Զեյթունի ազատագրական շարժման առաջնորդներից մեկի՝ Նազարեթ Նորաշխարհյանի (Նազարեթ Չավուշ) որդին։ 1912 թվականին ավարտելով ծննդավայրի բարձրագույն վարժարանը, աշխատանքի է անցել նույն կրթարանում, որպես ուսուցիչ։ 1915 թվականին տեղահանվելով՝ նա իր հայրենակիցների հետ քշվում է դեպի սիրիական անապատները, ուր և կրում է Մեծ Եղեռնի բոլոր սարսափներն ու դառնությունները։ 1919 թվականին վերապրող մոտ տաս հազար հայրենակիցների հետ վերադառնում է ծննդավայր և լծվում վերաշինական աշխատանքների։

1919-1921 թվականներին Լևոն Նորաշխարհյանը Զեյթունի «Ազգային միության» վարչական անդամ էր, որը տնօրինում էր վերապրողների կյանքը։ 1921 թվականին չդիմանալով թուրքական ուժերի տևական ճնշումներին և սպառնալիքներին, զեյթունցիները որոշում են դատարկել Զեթյունը և նահանջել ֆրանսիական գոտի։ Լևոն Նորաշխարհյանը եղել է նահանջի ղեկավարների մեկը։ 1921 թվականից նա հաստատվում է Հալեպում, 1923-1937 թվականներին՝ Մուսա լեռում, ուր զբաղվում է ուսուցչությամբ։

1928 թվականին նա Մուսա լեռան շրջանում հիմնում է Նոր Զեյթուն ավանը և ձեռնահասորեն ղեկավարում այն։ 1937-1948 թվականներին ապրել է Հալեպում, իսկ 1948 թվականից մինչ մահը՝ 1968 թվականը՝ Բեյրութում։ 1962 թվականին Լևոն Նորաշխարհյանը հրավիրվել է Սովետական Հայաստան, որպես սփյուռքահայ զեյթունցիների ներկայացուցիչներից մեկը և մասնակցել ՀՍՍՀ ԳԱ-ի կողմից կազմակերպված Զեյթունի 1862 թվականի ապստամբության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։

Լևոն Նորաշխարհյանը մահացել է 1968 թվականին Բեյրութում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Նորաշխարհյանը գրել է «Զեյթունը 1914-1921 թթ.» հուշագրությունը, որը ընդգրկում է Զեյթունում 1914 թվականից մինչև 1921 թվականները տեղի ունեցած իրադարձությունները։ Հուղագրությունը իր մեջ պարունակում է պատմական եղելություններ, Զեյթուն գավառակի և քաղաքի մասին աշխարհագրական և վիճակագրական տեղեկություններ, բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի նկարագիր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]