Լևոն Արսլանյան
Ծնվել է | 1867 |
---|---|
Ծննդավայր | Խարբերդ, Խարբերդի գավառ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Գյումուշխանե, Գյումուշխանեի գավառ, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Մեզիրեի Սուլթանիե (պետական) երկրորդային վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Տրապիզոնի թաղապետական բժիշկ |
Լևոն Միքայելի Արսլանյան (գրվել է նաև Ասլանյան, կոչել են նաև Լևոն Արսլան, 1867, Խարբերդ, Խարբերդի գավառ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Գյումուշխանե, Գյումուշխանեի գավառ, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Արսլանը ծնվել է 1867 թվականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում՝ կաթոլիկ ծնողների բազմազավակ ընտանիքում։ Բժիշկներ` Զարեհ Պողոս, Արտաշես ու Հրանտ Արսլանյանների եղբայրն է։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայ կաթոլիկների ծխական դպրոցում, այնուհետև սովորել Մեզիրեի Սուլթանիե (պետական) երկրորդային վարժարանում։ 1905 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Երկար տարիներ Տրապիզոնի թաղապետական բժիշկ է աշխատել և հայ, հույն ու թուրք բնակչության շրջանում մեծ հարգանք վայելել։ Ամուսնացած է եղել և 2 զավակ ունեցել՝ Հիլտա և Քայել։
1915 թվականի մայիսին ընտանիքի անդամների և եղբոր՝ Արտավազդ Արսլանյանի հետ տեղահան է արվել։ Դարձել է Տրապիզոնի առողջապահական տնօրեն բժիշկ Ալի Սայիբի սադրանքների զոհը։ Այդ վայ-բժշկին կոչել են նաև «Երեխաներ թունավորող»։ Այդ ընթացքում հիվանդացել է ժանտախտով ու ապաքինվել։ 1915 թվականի հունիսին կամ հուլիսին, Կարինի զինվորական հրամանատարից հեռագիր է ստացել, թե զինվորական հիվանդանոցի բժիշկ է նշանակվել։ Մի քանի օրից եղբոր՝ Հրանտի և այլոց հետ իր վարձած կառքով ճամփա է ընկել դեպի Կարին։ Գյումյուշխանե հասնելուն պես, օսմանյան բանակի զինվորները Ալի Սայիբի հրամանով նրան, Հրանտ եղբորը և մյուս ճամփորդներին մի ախոռ են տարել և սպանելու պատրաստվել։ Բժիշկը խնդրել է իրեն սպանել մի գնդակով, սակայն թուրքերը 48 տարեկան Լևոնին ու եղբորը սրախողխող են արել։ Ականատես զինվորներից մեկը, ազգությամբ հույն, բժիշկ եղբայրներին գիշերը գաղտնիորեն տարել և թաղել է մի փոսում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965 թվականներ), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առողջապահություն», Երևան, 1965, թ. 4:
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թվականներ), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։