Լուտոսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուտոսի ճակատամարտ
Camino Real del Puerto de la Mesa.jpg
'
Թվական 794
Հակառակորդներ
Հրամանատարներ

Լուտոսի ճակատամարտ (իսպ.՝ batalla de Lutos), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 794 թվականին՝ Լուտոս անունով տարածքում, որտեղ Աստուրիայի Ալֆոնսո II արքայի զորքը պարտության է մատնել մավրերին` Աբդ ալ Մալիկ իբն Աբդ ալ-Վահիդ իբն Մուհիդի հրամանատարությամբ:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 710-ական թվականներից, արաբների կողմից Պիրենեյան թերակղզու գրավումից, մավրները և Աստուրիայի լեռներում իրենց անկախությունը պահպանած քրիստոնյաները բազմաթիվ պատերազմեր էին վարում միմյանց դեմ[1]:

Մավրների ներխուժումը դեպի իսպանական քրիստոնյաների տարածքներ հատկապես ակտիվ է եղել սկսած 790-ական թվականներից. 791 թվականին մավրերը ոչնչացնում են Գալիսիան և Բուրբինա գետի մոտ տեղի ունեցած մարտում կործանում Բերմուդո I-ի հրամանատարությամբ կռվող աստուրիացիների զորքերը, իսկ 792 թվականին կործանում են Ալավան: Այդ հարձակումները ստիպում են նոր արքա Ալֆոնսո II-ին տեղափոխել աստուրիական թագավորության մայրաքաղաքը Պրավիայից իր կարծիքով ավելի անվտանգ Օվիեդո[2][3]:

Ըստ Իբն Իդարիի վկայության, 794 թվականին Կորդովայի ամիրայության Էմիր Հիշամ I-ը նոր արշավանք է նախաձեռնել Աստուրիական թագավորության դեմ։ Նա երկու բանակ է հավաքոել, որոնց հրամանատարությունը վստահել է երկու եղբայրներին` Աբդ ալ-Կարիմին և Աբդ ալ-Վահիդին, Աբդ ալ-Վահիդ իբն Մուհիդի որդիններին։

Երկու բանակներն էլ միաժամանակ Կորդովայից ելնելով, մտնում են Ալֆոնսո II կալվածքներ, և չհանդիպելով լուրջ դիմադրության, քրիստոնեական շատ տարածքներ են ոչնչացնում։ Աբդ ալ-Կարիմի գլխավորությամբ բանակը թալանում է Ալավան և Կաստիլիան, նրանք այստեղ հարուստ ավար են ունենում, իսկ մավրերը Աբդ ալ-Ամալիկի գլխավորությամբ գրոհում են Օվիեդոն։ Վերջերս թագավորության մայրաքաղաք դարձած քաղաքը գրավվում և ավերվում է, Ֆրուէլե I-ի օրոք կառուցված քրիստոնեական բոլոր տաճարները ոչնչացվում են, նրանք, ովքեր չեն հասցրել փախչել, գերի են ընկնում[3][4][5][6]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն ճանապարհով Կորդովայի ամիրայություն վերադառնալիս մավրների բանակը Աբդ ալ-Մալիկ իբն Աբդ ալ-Վահիդ իբն Մուհիդի գլխավորությամբ Պուերտո-դե-լա-Մեզա լեռնանցքում հանդիպում է Ալֆոնսո II արքայի գլխավորած զորքին: Քրիստոնյաներին հաջողվում է արաբներին շրջափակման մեջ գցել Լուտոս ճահճոտ տեղանքում: Այստեղ ճանապարհը նեղանում էր` ձգվելով երկու մեծ բլուրների միջև, որը զրկում էր Աբդ ալ-Մալիկի հեծելազորին ազատ շարժվելու հնարավորությունից: Աստուրիացիները մավրերի համար անսպասելիորեն հարձակվում են բարձունքներից և արյունալի մարտում ոչնչացնում մուսուլմանական զորքի մեծ մասը: Զոհերի մեջ էր նաև ինքը Աբդ ալ-Մալիկը: Մավրերի կողմից գրավված ամբողջ ավարը հասնում է Ալֆոնսո II-ին. Օվիեդոյում գերի ընկած քրիստոնյաներն ազատ են արձակվում[2][3][4][6]:

Պիրենեյան թերակղզին VIII դարի վերջերին

Ավելի ուշ շրջանի պատմիչները զգալիորեն գերագնահատում էին աստուրիացիների հաղթանակը Լուտոսում: Արդեն իսկ «Ալֆոնսո III–ի ժամանակագրությունում» ասվում էր, որ սպանված մավրերի քանակը կազմում էր 70 000 մարդ[7], իսկ Լուկա Տուիսկու «Համաշխարհային ժամանակագրությունում» սպանված մահմեդականների թիվը հասնում էր 90 000-ի: Ուրիշ հեղինակներ գրում էին, որ հետապնդելով նահանջած մահմեդականներին` Ալֆոնսո II-ի մարտիկները հասել էին մինչև Տահո գետ և Լիսաբոնի շրջակայք: Լուտոսի ճակատամարտը Ռոդրիգես Հիմենես դե Ռադան «Արաբների պատմություն» գրքում նկարագրել է որպես մավրերի դեմ աստուրիացիների ամենամեծ հաղթանակներից մեկը: Իսկ իրականում, զոհված մավրերի քանակը միջնադարյան հեղինակների կողմից շատ ավելի գերագնահատված էր[4][8][9]: Ենթադրվում է, որ Ալֆոնսո II-ի զորքը կարող էր կազմված լինել 5000 մարդուց, իսկ մահմեդականների քանակը հասնել 6000-ի. աստուրիացիների կորուստը կարող էր կազմել 600, իսկ սպանված մավրերի թիվը` շուրջ 1600[10]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Լուտոսի ճակատամարտի պարտությանը` Հիշամ I-ը արդեն 795 թվականին նոր արշավանք է կազմակերպում դեպի Աստուրիական թագավորություն: Այդ ներխուժման ժամանակ Կորդովյան ամիրայության բանակը երեք անգամ ջախջախում է աստուրացիներին Բաբիասի, Կիրոս գետի և Նալոն գետի ճակատամարտերում և նորից գրավում է Ալֆոնսո II-ի թագավորության մայրաքաղաք Օվիեդոն[2][3][11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Реконкиста / Г. Н. Попова // Пустырник — Румчерод. — М. : Большая российская энциклопедия, 2015. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 28). — ISBN 978-5-85270-365-1.
  2. 2,0 2,1 2,2 Suárez Fernández L. Historia de Espana antigua y media. — Ediciones Rialp, 1976. — P. 170—171. — ISBN 978-84-321-1882-1
  3. 3,0 3,1 3,2 3,3 José Javier Esparza. La gran aventura del reino de Asturias: Así comenzó la Reconquista. — Madrid: La Esfera de los Libros, 2009. — P. 149—159. — ISBN 978-8-4997-0404-3
  4. 4,0 4,1 4,2 Gebhardt V. Historia general de España. — Madrid: Librería Española, 1864. — Т. II. — P. 392—393 & 442.
  5. Lévi-Provençal É. Histoire de l’Espagne musulmane. — Paris: Maisonneuve et Larose, 1999. — Т. II. — P. 143. — ISBN 978-2-7068-1386-3
  6. 6,0 6,1 Gonzalo Martínez Díez. El condado de Castilla, 711—1038: la historia frente a la la leyenda. — Valladolid: Marcial Pons Historia, 2005. — Т. 1. — P. 113. — ISBN 978-8-4953-7994-8
  7. Хроника Альфонсо III (глава 21).
  8. Geografía universal física, política é histórica. — Madrid: Imprenta de Don Miguel de Burgos, 1827. — Т. I. — P. 98.
  9. José María Quadrado. Asturias: recuerdos y bellezas de España. — Valladolid: MAXTOR, 2007. — P. 50. — ISBN 978-8-4976-1343-9
  10. Margarita Torres Sevilla-Quiñones de León Las batallas legendarias y el oficio de la guerra. — Barcelona: Ediciones Debolsillo, 2003. — P. 56—59.
  11. «Batalla del rio Quirós (795)» (իսպաներեն)։ Historia militar de España։ Վերցված է 2017-07-16 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]