Լոբու սերմնաբզեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոբու սերմնաբզեզ (Acantoscelides obtectus), սերմնաբզեզների ընտանիքի բզեզ, հատիկաընդավոր մշաաբույսերի (լոբի, ոլոռ, տափոլոռ, ոսպ, սիսեռ, բակլազգիներ) վնասատու։ Ներքին կարանտինի օբյեկտ է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը՝ 3,5–4 մմ, մարմինը՝ վերևից բաց կամ մուգ գորշավուն՝ ծածկված մոխրագույն կամ դեղին մազիկներով, որոնք գոյացնում են բազմաթիվ ոչ ցայտուն բծեր, ներքևից՝ գորշ։ Վերնաթևերի վրա՝ երկայնական կետագծավոր շերտեր։ Հասուն թրթուրները՝ դեղնավուն սպիտակ, երկարությունը՝ մինչև 5 մմ, ոտքերի փոխարեն ոչ մեծ թմբիկներ։ Բազմանում է դաշտում և պահեստներում՝ 13-31C°-ում։ Բնական պայմաններում տարեկան զարգանում է 3-4 սերունդ, ջեռուցվող շինություններում՝ երբեմն 4-ից ավելի։ Ձմեռող բզեզները գարնանը սնվում են բակլազգի բույսերի վերարտադրողական օրգաններով, լոբու վրա կուտակվում են ունդերի հասունացման սկզբին, որի փեղկերի վրա ձվադրում են (պահեստներում՝ հատիկների վրա)։ Թրթուրները կրծելով՝ մտնում են սերմի մեջ, որտեղ սնվում են, աճում և հարսնյակավորվում։ 1 հատիկի մեջ կարող է զարգանալ մինչև 28 թրթուր։ Վնասված հատիկը կորցնում է սննդային և սերմային որակները։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագ բերքահավաք՝ մինչև ունդերի ճաքճքելը, վարակված լոբու սառեցում, պահեստների ծխահարում։ Վեգետացիայի ընթացքում մշակաբույսերի մշակում՝ բորյեով, էֆորիա ԴԺի-ով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։