Բերքահավաք
Բերքահավաք, մշակաբույսերի բերքի հավաքման գործընթաց, հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք,, իրականացվում է միափուլ և երկփուլ եղանակներով։
Բերքահավաքի փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միափուլ բերքահավաքի դեպքում (ուղղակի կոմբայնավորում) հատիկն անջատվում է 1 փուլով, մշակաբույսերը լրիվ հասունության շրջանում հնձում և կալսում են հացահատիկահավաք կոմբայնով։ Այս եղանակը կիրառում են ցածրաճ, նոսր և կծղած հացաբույսերի, գետնամածության նկատմամբ կայուն, կարճացողուն սորտերի, նաև բերքահավաքի փուլում բարձր խոնավությամբ շրջաններում (կտրման բարձրությունը՝ 10–20 սմ)։
Երկփուլ բերքահավաք (անջատ բերքահավաք) կատարվում է 2 փուլով 1-ին փուլում հացաբույսը մոմահասունության շրջանում հնձում են շարժական հնձիչներով և չորանալու համար թափուլավորում են որոշակի լայնությամբ ու բարձրությամբ։ Ապա՝ մի քանի օր հետո (3–8 օրվա սահմաններում՝ կախված բնակլիմայական պայմաններից), հավաքում են թափուլները, կալսում, առանձնացնում են հատիկն ու ծղոտը։ Այս եղանակը կիրառում են բարձրացողուն, անհավասարաչափ հասունացած և գետնամածությանն ու թափվելուն հակված սորտերի համար (կտրման բարձրությունը՝ 12–25 սմ)։ Երկփուլ բերքահավաքը հնարավորություն է տալիս ավելի վաղ սկսել բերքահավաքի աշխատանքները, կանխել թափվելուց առաջացող կորուստները և ստանալ չոր հատիկ։ Դա հատկապես կարևոր է հացաբույսերի երկարատև հասունացման փուլ և բերքահավաքման աշխատանքների կարճատև ժամկետներ ունեցող շրջանների համար։
Բերքահավաքի եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ-ում ընդունված է ուղղակի կոմբայնավորման բերքահավաքի եղանակը։
Շաքարի ճակնդեղի բերքահավաք սկսվում է, երբ նրա շարքերը միմյանցից տարանջատվում են, տերևների գույնը խամրում է, ստորին տերևները դեղնում են։ Այդ ժամանակ արմատապտուղների զանգվածի աճը և շաքարայնությունը նվազում են։ Բերքահավաքի սկզբից 2–3 շաբաթ առաջ դաշտը մաքրում են քարերից և շարամեջերը փխրեցնում են 10–12 սմ խորությամբ, որպեսզի նվազեցնեն բերքահավաք մեքենաների քարշի դիմադրությունը և արմատապտուղների աղտոտվածությունը հողով։ Բերքահավաքի համար օգտագործում են փրահավաք մեքենաներ և արմատապտղահավաք կոմբայններ։ Ճիշտ օգտագործելով ճակնդեղահավաք տեխնիկան՝ հնարավոր է ճակնդեղը հավաքել առանց այն ձեռքով լրացուցիչ մաքրելու։
Կարտոֆիլի բերքահավաք կատարում են տարբեր ժամկետներում՝ կախված սորտից և օգտագործումից։ Ամռանը սննդի մեջ օգտագործվող վաղահաս սորտերը հավաքում են մինչև լրիվ հասունացումը։ Զբաղված ցելերից կարտոֆիլը հավաքում են աշնանացանի ցանքից առնվազն 2 շաբաթ առաջ։ Եթե բերքահավաքի ժամանակ փրերը դեռ կանաչ են, այն հնձում և օգտագործում են սիլոս պատրաստելու համար։ Կարտոֆիլի միջահաս և ուշահաս սորտերը հավաքում են վեգետացիայի բնական ավարտից հետո, երբ փրերը չորանում են, պալարների կեղևը թեփոտում է, և պալարները հեշտությամբ անջատվում են։ Բերքահավաք կատարվում է հարահոս, անջատ կամ համակցված եղանակներով։ Հարահոս եղանակով կարտոֆիլը հավաքում են կարտոֆիլահավաք կոմբայնով, բեռնում են ինքնաթափերին կամ տրակտորի սայլակներին և տեղափոխում են տեսակավորման կետ, որտեղ վերջնականապես մաքրում են հողից և տեսակավորում ըստ չափերի։ Այս եղանակը կիրառում են 25%-ից ոչ բարձր խոնավությամբ թեթև և միջին հողերում։ Կարտոֆիլահավաք-լասաշար մեքենաներով բերքահավաքի դեպքում 1 ընթացքի ժամանակ քանդում են 2 շարք կարտոֆիլ և պալարները լասաշարում են՝ չորանալու համար։ Այնուհետև չորացած պալարները հավաքում են կոմբայնով։ Այդ լասերի մեջ հաջորդող անցումների ժամանակ կարելի է շարել 2 կամ 4 հարևան շարքերի արմատապալարները (կախված բերքատվությունից)։
Համակցված եղանակով բերքահավաքի ժամանակ պալարները մեքենայով լասավորում են 2 հարևան չքանդված շարքերի շարամիջում։ Այնուհետև կոմբայնով քանդում են չհավաքված շարքերը և միաժամանակ հավաքում են դրանց շարամեջերում լասավորված պալարները։ Ցածր բերքատվության դեպքում կարելի է համատեղ լասավորել 2 հարևան շարքերի պալարները։ Կարտոֆիլի բերքահավաք կատարում են նաև քանդիչներով և տրակտորային գութաններով, հետագայում պալարները հավաքում են ձեռքով։
Բամբակահումքը հավաքում են մի քանի անգամ՝ կնգուղների բացմանը զուգընթաց։ Առաջին բամբակահավաքը կատարում են տեխնիկական բամբակենու կնգուղների 50–60%-ի և սերմացու բամբակենու կնգուղների 70–75%-ի բացման դեպքում։ Բամբակը հավաքում են հիմնականում հարահոս-խմբային տեխնոլոգիայով, հավաքված բամբակահումքը բարձում են տրակտորային ինքնաթափ սայլակներին և տեղափոխում մթերման կայաններ։ Չբացված կնգուղները հավաքում են կուրակահավաք մեքենաներով, թափված բամբակահումքը՝ հատուկ հավաքիչներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |