Լյուդմիլա Ազարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Ազարովա
Ծնվել էհոկտեմբերի 24, 1919(1919-10-24)[1]
ԾննդավայրԲորովսկ, Կալուժսկայա գուբերնիա, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էմարտի 8, 2010(2010-03-08) (90 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ

Լյուդմիլա Պավլովնա Ազարովա (ռուս.՝ Людмила Павловна Аза́рова, հոկտեմբերի 24, 1919(1919-10-24)[1], Բորովսկ, Կալուժսկայա գուբերնիա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 8, 2010(2010-03-08)), խորհրդային, ռուս քանդակագործ-կերամիստ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1991)։ Իլյա Ռեպինի անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1978)։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1958)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդմիլա Ազարովան ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 24-ին Բորովսկում (այժմ՝ Կալուգայի մարզ), հողաչափի ընտանիքում։ 1933 թվականին ավարտել է յոթամյա դպրոցը և ընդունվել Կալուգայի բժշկական ուսումնարան։ 1936 թվականին՝ ուսումնարանն ավարտելուց հետո, աշխատանքի է ուղարկվել Կոմի ԻԽՍՀ։ 1941 թվականի հուլիսին կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ ծառայել է որպես բուժակ։ 1942 թվականի սկզբին հղիության պատճառով զորացրվել է բանակից։ 1943 թվականին վերականգնվել է բանակում, մինչև պատերազմի ավարտը ծառայել է որպես բուժքույր Սուխումի հոսպիտալում։ 1945 թվականին պարգևատրվել է «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Կալուգա։ 1949 թվականին ընդունվել է Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան արվեստի ինստիտուտ, որտեղից տեղափոխվել է Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտի (ՄԿԴԱԻ) քանդակի բաժին։ 1953 թվականին տեղափոխվել է Մոսկվայի Ս. Գ. Ստրոգանովի անվան արդյունաբերական արվեստի բարձրագույն ուսումնարան՝ կապված ՄԿԴԱԻ-ի լուծարման հետ։

1954 թվականի հոկտեմբերին ավարտելով Մոսկվայի Ստրոգանովի անվան արդյունաբերական արվեստի բարձրագույն ուսումնարանի քանդակի բաժինը՝ աշխատել է որպես նկարիչ-քանդակագործ Տուրիգինսկու կերամիկայի գործարանի Գժելի «Գեղարվեստական կերամիկա» արտելում։ Նրա առաջին աշխատանքներից են եղել «Գորտ արքայադուստրը», «Իվան Ցարևիչը», «Հորթապահ կինը», «Աղջիկը հավերի հետ» և այլ քանդակներ։ Դրանց հիմնական մոտիվները եղել են պատկերազարդումները և պատմողականությունը։ Այնուհետև ստեղծել է մի շարք քանդակային անոթներ՝ խոյ-անոթ, այծ-անոթ, ուղտ-անոթ և այլն։ Հատկապես ուշադրության են արժանի կանացի տեսքով անոթները, որոնք ժառանգել են ռուսական կավե խաղալիքների առանձնահատկությունները։ Այնուհետև աչքի են զարնում «Գժելսկի» սափորները, զվարճալի գավաթները, «Աքլոր» կվասնիկ հուշանվեր գավաթները։ Նկարիչը համարձակորեն և յուրօրինակ ձևով է օգտագործել ժողովրդական արվեստի ավանդույթները։ Մանրամասն դիտարկման արդյունքում գեղագիտական հաճույք են պատճառում նրա «Երկվորյակները», «Գիրք կարդալը», «Ինքնաեռ դնելը» ստեղծագործությունները։ Նկարչի ստեղծագործության ժանրային ոճը նշանակալի դեր է խաղացել խորհրդային Գժելյան արվեստի զարգացման գործում։ 1960-1972 թվականներին Ազարովան եղել է «Գեղարվեստական կերամիկա» գործարանի գլխավոր նկարիչը։

Այդ ընթացքում ստեղծվել են ամենատարբեր ձևաչափի բազմաթիվ գործեր։ Նույն վարպետությամբ պատրաստվել են մասսայական թողարկման համար նախատեսված բազմաթիվ «արտադրական ապրանքներ», ցուցահանդեսային աշխատանքներ՝ ցուցադրելով ստեղծագործական հնարավորությունների մասշտաբները։ Ազարովայի 1,5–2 սմ բարձրությամբ փոքրիկ քանդակների շարքը՝ «Ձին քուռակով», «Խոզը խոճկորներով», «Ոզնիներ», փոխարինել են այդ ժամանակ մասսայական թողարկվող նատուրալիստական տիկնիկների գլուխներին։

Շատ ցուցահանդեսներում ցուցադրվել է Ազարովայի «Խոզապանուհին» մոնումենտալ աշխատանքը, որը մարմնավորում է աշխատանքի և խաղաղության գաղափարը երկրի վրա։

1972 թվականից Ազարովան եղել է «Գժել» միավորման առաջատար նկարիչը։ Նկարչուհու աշխատանքները բնորոշում են գժելի «դեմքը», որն էլ խթան է հանդիսացել արհեստավորների սեփական ստեղծագործական գործունեության համար։ Նա գործարանում աշխատել է 48 տարի՝ մինչև 2002 թվականը և ստեղծել 670 աշխատանքներ։ Մասնակցել է 63 ցուցահանդեսների, աշխատանքները պահվում են 34 թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ազարովան դարձել է գժելի ոճով աշխատող կերամիկական արվեստագետների դինաստիայի հիմնադիրը։ Նրա գործը շարունակել են դուստրը՝ Լյուբով Սեմյոնովնա Դոնչենկոն (1942-1990) և թոռնուհին Սոֆյա Ալեքսանդրովնա Օվսյաննիկովան (ծն.՝ 1974)։

Լյուդմիլա Պավլովնա Ազարովան մահացել է 2010 թվականի մարտի 8-ին։ Թաղված է Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. «Московские могилы. Азарова Л.П.».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сообщение о выставке художницы на официальном сайте Раменского района. Автор։ Зав. выставочным отделом Т. Е. Щербакова, по книге։
    • Якимчук Н. Искусство Гжели. — М.։ Советская Россия, 1985. — С. 35—38.
  • Григорьева Н. Художественная керамика Гжели и Скопина. — Л.։ Искусство, 1987. — С. 46-48.
  • Дулькина Т., Григорьева Н., Астраханцева Т. Гжель. Керамика XVII—XIX в. Керамика XX в. — М.։ Планета, 1989. — С. 80—99. — ISBN 5-85250-110-7.
  • Логинов В., Скальский Ю. Эта звонкая сказка — Гжель. — М.։ Сварог, 1994. — С. 62-66. — ISBN 5-900436-02-0.
  • Горожанина С. В. Народные художественные промыслы Подмосковья. — М.։ Мелихово, 2006. — С. 89. — ISBN 5-94663-301-5