Ի տարբերություն չինական կինեմատոգրաֆի վաղ շրջանի շատ այլ դերասանուհիների՝ Լի Լի Հուան, նախքան կինոյում նկարահանվելը, պեկինյան օպերայի դերասանական վարպետություն է սովորել։ 1930-ական թվականների վերջին նա դարձավ շանհայական կինեմատոգրաֆի «ոսկե դարի» վերջին նոր դերասանուհիներից մեկը։ Ճապոնական շրջափակման տարիներին Լի Հուան ակտիվորեն համագործակցում էր ճապոնացիների հետ, որի համար պատերազմի ավարտից հետո մեղադրվեց «մշակութային լրտեսության» մեջ։ 1940-ական թվականների վերջին Լին տեղափոխվում է Բրիտանական Հոնգկոնգ, որտեղ դառնում է ժամանակի ամենապահանջված դերասանուհին։ Այդ ժամանակ նա ակտիվորեն համագործակցում է մի քանի առաջատար կինոստուդիաների հետ, նկարահանվում է ոչ միայն Հոնգկոնգում, այլև Թայվանում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում։ Լի Լի Հուան դարձավ առաջին հայտնի չինացի դերասանուհին, որը հրավեր ստացավ նկարահանվելու Հոլիվուդում։ 1950-ական թվականների կեսերին, երբ Հոնգկոնգի կինեմատոգրաֆ եկավ դերասանուհիների նոր սերունդ, Լի Լի Հուայի դիրքերը զգալիորեն թուլացան։ Այդուհանդերձ, դերասանուհուն հաջողվեց պահպանել իր հանրահայտությունը մինչև իր կարիերայի ավարտը՝ 1982 թվականը։