Լեսպեդեցիա երկնագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսպեդեցիա երկնագույն
Լեսպեդեցիա երկնագույն
Լեսպեդեցիա երկնագույն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Desmodieae
Ցեղ Լեսպեդեցա (Lespedeza)
Տեսակ Լեսպեդեցիա երկնագույն (L. bicolor)
Միջազգային անվանում
Lespedeza bicolor

Լեսպեդեցիա երկնագույն (լատին․՝  Լespedeza bicolor), բակլազգիների ընտանիքի, լեսպեդեցիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է` մինչև 2,5 մ բարձրությամբ, բարակ, ամուր, ոսպնյակներով ծածկված առանցքներով։ Ճյուղերը ճիպոտանման են, դեպի վեր ուղղված, ընձյուղները անկյունավոր են, կանաչ, ցրված-հպված աղվամազապատ, տարեկան ընձյուղները կարմրագորշավուն են, մերկ։ Տերևները եռամասն են, տերևիկները էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև, գագաթում կլորավուն կամ փոսիկավոր, հաճախ` փոքրիկ, կարճ փշիկով, հիմքում սեպաձև, 2—5 սմ երկարությամբ և 1,5—3 սմ լայնությամբ, ամբողջաեզր, նոր բացված ժամանակ ծածկված մետաքսանման աղվամազով, ավելի ուշ` համարյա մերկ, վերևից` բաց կանաչավուն, ներքևից` կապտավուն, ծածկված սպիտակ, պառկած մազմզուկներով (հատկապես ջղերի ուղղությպմբ)։

Ծաղիկները կարմիր են կամ ծիրանավարդագույն, ծայրերում` մուգ ծիրանագույն, հազվադեպ` սպիտակ, նավակների ծիրանագույն ծայրերով, հավաքված 4—8 սմ երկարությամբ ծոցային ողկույզներում, որոնք առաջացնում են ծայրային բրգաձև ծաղկաբույլեր։ Ողկույզները տերևներից երկար են, գտնվում են երկար, նոսր ծաղկակիրների վրա։ Բաժակը խողովակազանգականման է, 3,5—4 մմ երկարությամբ, 4 ատամիկներով, որոնցից ներքևինը ավելի երկար է, գծանման, վերինը` փոսիկավոր։ Պսակն ունի 0,9—1,3 սմ երկարություն, նավակից ավելի կարճ թևիկներով, ծաղկակիցները 2-ն են, գծանման։ Ունդերը լայն, թեք էլիպսաձև են, տափակ, 5—7 մմ երկարությամբ, կարճ, սուր քթիկով, ծածկված ջղերի ցանցով, պարունակում են 1 սերմ։ Սերմերը երիկամաձև են, մոտ 2,5 մմ երկարությամբ, գրեթե սև, բաց դարչնագույն բծերով ծածկված։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր, պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Դահուրիայում (Արևելյան Սիբիր), Հեռավոր Արևելքում, արևելյան Մոնղոլիայում, հյուսիսարևելյան Չինաստանում, Կորեայում։ Աճում է խառը և տերևավոր անտառների ենթանտառներում, քարքարոտ վայրերում։ Ապրում է 50—55 տարի։ ձեռավոր Արևելքում տերևակալում է մայիսի վերջերին։ Առատ արմատային մացառներ է տալիս, լավ է տանում խուզումը։ Ներկայումս մշակվում է միայն Երևանի բուսաբանական այգում և Վանաձորում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 73-74։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսպեդեցիա երկնագույն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսպեդեցիա երկնագույն» հոդվածին։