Լեզուն կտրած ծիտիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեզուն կտրած ծիտիկը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ՏեսակԻրապատում հեքիաթ
ԺանրՀեքիաթ
Բնօրինակ լեզուՃապոներեն
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1911
ԵրկիրՀայաստան
ՎիքիդարանԼեզուն կտրած ծիտիկը

«Լեզուն կտրած ծիտիկը», ճապոնական հեքիաթ՝ թարգմանված Հովհաննես Թումանյանի կողմից։

Թումանյանը հեքիաթագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի արձակ գործերի շարքում իրենց կարևոր տեղն ունեն հեքիաթները։ Թումանյանը իբրև հեքիաթագիր նույնպես մեծ նորություններ է բերում։ Նա, առավելապես հետևելով Պուշկինի օրինակին ու նրա ստեղծած ավանդույթներին, պահպանում է ռեալիզմը նաև հեքիաթագրության մեջ։ Նա գերազանցապես գրում է իրապատում հեքիաթներ և կարելի է ասել, որ այդ տեսակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։

Թումանյանը, ժողովրդական հեքիաթի բազմաթիվ տարբերակներ համեմատելով, ամեն կերպ ձգտում էր բացահայտել նրա բուն էությունը և զտել խորթ ու անհարիր մոտիվներից։

Թումանյանը, եթե նկատի չունենանք 1894 թ. տպագրված «Անխելք մարդը», իր մյուս բոլոր հեքիաթները գրել է 1907-1914 թթ., այսինքն՝ ստեղծագործական կատարելության տարիներին։ Թեպետ դրանցից մեծ մասը գրված են դպրոցական տարիքի ընթերցողների և դասագրքերի համար, բայց միևնույն է, իրենց բարոյական խորհրդով ու կյանքի ճանաչողության իմաստով մեծերին էլ կարող են գեղագիտական մեծ հաճույք պատճառել։

Թումանյանի բոլոր հեքիաթները հարուստ են գործողությամբ և սյուժեի վերին աստիճանի աշխույժ ու համակող զարգացման ընթացք ունեն։ Նաև գործողության ձևի դրամատիկականացումը, երկխոսությունների առատությունը պետք է որ դպրոցական տարիքի երեխաների համար արտակարգ հետաքրքրական ու սիրելի դարձնեն գործը[1]։

Արևելքը Հովհաննես Թումանյանի ստեղծագործական աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի ստեղծագործության արևելյան մոտիվների մասին շատ է խոսվել հայ գրականագիտության մեջ ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում։ Հարցը սովորաբար թեքվում է այն կողմը, թե բանաստեղծը, դժգոհ լինելով արևմտյան հաշվենկատ բարքերից, «անարատ» մարդու և մաքուր բարոյականի իդեալը որոնում է Արևելքի նախնական կացութաձևում։ Այդ պահը, իհարկե, կա և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։

Արևելքի գրականությունը Թումանյանն, իհարկե, ռուսական աղբյուրների միջոցով ծանոթ էր դեռևս երիտասարդության տարիներից։ Բայց ծրագրված ստեղծագործական հետաքրքրությունը արևելյան քաղաքակրթության ու մշակույթի հանդեպ սկսվել է համեմատաբար ուշ։ Արևելյան մշակութային աշխարհի հետ Թումանյանի ստեղծագործական շփումները դրսևորվել են գլխավորապես թարգմանությունների ու փոխադրությունների ձևով, որոնց բնօրինակների մեջ հայ բանաստեղծը ոչ միայն գտել է իրեն հոգեհարազատ իմացական ու բարոյական արժեքներ, այլև տեսել ու ճանաչել ինքն իրեն։

Արևելյան հեքիաթային մշակույթի հետ նա կապվում է հատկապես արաբական, ճապոնական, հնդկական բանահյուսական ավանդույթների միջոցով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանը ճապոնականից փոխադրել է «Լեզուն կտրած ծիտիկը»՝ ձեռքի տակ ունենալով ռուսերեն տարբեր թարգմանություններ և ճապոներեն բնօրինակի ճոխ նկարազարդումները, որոնք օգտագրոծվել են հայերեն հրատարակության մեջ։ Հետաքրքիր է, որ հրատարակության հովանավոր իշխանուհի Մարիամ Թումանյանը հեքիաթը այնքան էլ հարմար չի համարում մանուկ ընթերցողների համար՝ ասելով, թե չար պառավի կողմից ծտի լեզուն կտրելը նրանց վրա ճնշող տպավորություն կարող է թողնել։ Մինչդեռ Թումանյանը հեքիաթի հրատարակչին գրում է.

«Դա մանկական ամենալավ հեքիաթներից մինն է, իսկ նկարները կարծեմ իրենց նմանը դեռ չեն ունեցել հայոց մանկական գրականության մեջ»։
- Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 5-րդ,էջ 343

Եվ իրոք, չարի և ագահության պատժվելը, դրան հակառակ՝ բարու և անշահասիրության հատուցումը արժանի շնորհակալությամբ, որ մշտապես հոլովվում է Թումանյանի դավանած բարոյական արժեքների շարքում, շատ ավելի դրական հույզեր կարող են առաջ բերել մանկական ներաշխարհում, քան պառավական չարությունը՝ ճնշող տպավորություն[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի չար պառավ սպիտակեղենը օսլայում է։ Հարևանի ծիտը գնում է, օսլան կտցահարում։ Պառավը ծտի լեզուն կտրում է։ Հարևանուհին իմանում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են, իր մարդու հետ գնում է ծտին փնտրելու։ Շատ փնտրելուց հետո գտնում են լեզուն կտրած ծիտիկին։ Ծիտիկը տեսնում է, որ իրեն տեսնելու են եկել տերն ու տիրուհին, շատ է ուրախանում և նրանց համար սեղան է գցում։ Երբ պառավները  ցանկանում են գնալ, ծիտիկը երկու զամբյուղ է նրանց տալիս, մեկը՝ ծանր, մյուսը՝ թեթև։ Նրանք թեթև զամբյուղն են վերցնում, տանը բացում են, տեսնում մեջը լիքը արծաթ, ոսկի, անգին քարեր, թոփերով մետաքսեղեն։ Այս մասին իմանում է ծիտիկի լեզուն կտրած չար պառավը և գնում է ծիտիկի մոտ։ Ծիտիկը նրան էլ է երկու զամբյուղ առաջարկում, բայց պառավը ծանրն է վերցնում։ Տանում է տուն, բացում թե չէ, դուրս են թափում անճոռնի չար ոգիները, տեղնուտեղը խեղդում չար պառավին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես թումանյանի ստեղծագործությունը. Երևան: Սովետական գրող հր.
  2. 2,0 2,1 Գևորգյան, Լիլիթ (2019). Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը. Երևան: Հյուսիսային համալսարանի հր. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  3. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հր. էջեր 267–268.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Լեզուն կտրած ծիտիկը