Լադոյի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Լադոյի տուն, շենք Վիբորգում։ Կառուցվել է 18-րդ դարի վերջին և հայտնի է դարձել նրանով, որ այդտեղ են բնակվել կոմպոզիտորներ Միխայիլ Գլինկան և Էմիլ Սիվորին։ Վիբորգի կենտրոնում` Պրոգոնայա և Պոդգորնայա փողոցների անկյունում գտնվող ռուսական կլասիցիզմի ոճով կառուցված երկհարկանի առանձնատունը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկյունային հողատարածքում գտնվող փոքրիկ քարե երկհարկանի տունը «գավառական գողտրիկ կլասիցիզմի» օրինակ է, որը Վիբորգում անվանել են «Եկատերինա II-ի ոճ»։ Վիբորգի այդ շենքերի մեծ մասը ժամանակի ընթացքում վերակառուցվել կամ քանդվել են, և 18-րդ դարի վերջերից շենքը դարձել է պահպանված բնակելի շենքի հազվագյուտ օրինակ։ Երկրորդ հարկում գտնվող ճակատի կլորացված անկյունը աչքի է ընկնում ճաղապատ պատշգամբով, որի մի մասը կառուցվել է 1785 թվականին և դրա վրա դրոշմված են առաջին սեփականատիրոջ «HVL» (Հենրիխ Վիլհելմ Լադո) անվան սկզբնատառերը։ Պատշգամբի տակ գտնվում է գլխավոր մուտքը։

Հուշատախտակ շենքի ճակատային մասում

19-րդ դարի սկզբին տունը պատկանել է իտալացի Ջիովանի Մոտտիին, ով ունեցել է հայտնի հյուրանոց և ռեստորան։ Հյուրերի սենյակները գտնվել են երկրորդ հարկում, իսկ առաջին հարկի տարածքը զբաղեցրել է ռեստորանը, որտեղ միշտ եղել են թարմ վիբորգյան ոլորաբլիթներ։ 1829 թվականի հունիսին դեպի Իմատրա ջրվեժ գնալու և վերադարձի ճանապարհին բանաստեղծ և հրատարակիչ Անտոն Դելվիգն իր կնոջ հետ, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան, բանաստեղծ Ալեքսանդր Յակովլևիչ Ռիմսկի-Կորսակովը, Աննա Կերնը, գրող և քննադատ Oրեստ Սոմովը կանգ են առել Մոտտի հյուրանոցում։ Ալեքսանդր Պուշկինի մերձավոր ծանոթների և ընկերների խումբը հյուրանոցի սեփականատիրոջ դստեր ուղեկցությամբ ուսումնասիրել են քաղաքի տեսարժան վայրերը։

Աննա Կերնի հուշագրությունների շնորհիվ հայտնի դարձան այդ ժամանակվա քաղաքի կյանքի որոշ ուշագրավ մանրամասներ, մասնավորապես հետևյալը.

Ամռան գիշերները չքնելու սովորություն ունենալով, ես այդ գիշեր նույնպես նստել էի պատուհանի մոտ՝ հիանալով ծովախորշի տեսարանով, լսելով նրա հանդարտ ալիքների ծփանքը և երբեմն սարսռալով քաղաքային պահակի հանգստացնող բացականչություններից, որը երբեմն բղավում էր հենց պատուհանի տակ` «Քնեք բարի քաղաքացիներ, ես ձեզ չեմ արթնացնի[1]։

Ջրվեժ գնալու ճանապարհին Միխայիլ Գլինկան գրել է ֆիննական ժողովրդական երգեր, որոնցից մեկը հիմք է հանդիսացել «Ֆիննական ֆանտազիայի», իսկ մյուսը՝ «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայից Ֆիննա բալլադներ[2]։

1834 թվականին Ջnովաննի Մոտտիի մահից հետո նրա կինը՝ Սառա Մոտտին, շարունակել է ամուսնու գործը։ Հյուրանոցը վերջին անգամ հիշատակվել է ուղեցույցում 1862 թվականին[3]։

1893 թվականին ֆինն կոմպոզիտոր Էմիլ Սիվորին Վիբորգում հիմնել է եկեղեցական երաժշտական դպրոց, որտեղ դասավանդել են երգեհոնային նվագակցություն, երգչախմբային երգ ու դիրիժորություն։ Մոտտի նախկին հյուրանոցում տեղակայված երաժշտական դպրոցը, ի վերջո, դարձել է ամենամեծը Ֆինլանդիայում և 1910 թվականին ստացել է Ժողովրդական կոնսերվատորիայի կարգավիճակ, իսկ Սիվորիի երաժշտական կրթության ծրագիրը երկրում ճանաչվել է լավագույնը[4]։ Առաջին հարկում տեղակայված են եղել դասասենյակները, իսկ երկրորդում՝ Սիվորի ընտանիքի բնակելի սենյակները։

Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) հետևանքով երաժշտական դպրոցը փակվել է։ Հետպատերազմյան շրջանում շենքի ճակատային մասում տեղադրվել է Միխայիլ Գլինկային նվիրված հուշատախտակ։ Շենքում հաջորդաբար տեղակայվել են տարբեր ուսումնական հաստատություններ, որոնցից վերջինը (2017 թվականից) Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանի տնտեսական անվտանգության ինստիտուտն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8