Բագրատ Իսահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բագրատ Իսահակյան | |
---|---|
դեկտեմբերի 25, 1904[1] - հոկտեմբերի 26, 1974[1] (69 տարեկան) | |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | տանկային զորքեր[2] |
Կոչում | գեներալ-մայոր[2] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[2] |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1941)[2] և Military Academy of Field Anti-Aircraft Defense named after Marshal of the Soviet Union A.M. Vasilevsky? (1949)[2] |
Պարգևներ |
Բագրատ Հովհաննեսի Իսահակյան (դեկտեմբերի 25, 1904[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 26, 1974[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), զրահատանկային զորքերի գեներալ-մայոր (1954)։
Բագրատ Իսահակյանը ծնվել է 1904 թվականին շուշեցի այգեգործի ընտանիքում։ 1920 թվականին կամավոր ընդունվում է 18-րդ հրաձգային դիվիզիա, ապա ծառայում է 9-րդ բանակի զորամասերում։ Սովորում ու ավարտում է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցը, ապա երկար ժամանակ ծառայում է Հայկական դիվիզիայի զորամասերում՝ 2-րդ գնդում, Լենինականում և Դիլիջանում։ Իսահակյանը 1929 թվականից մինչև 1938 թվականը ծառայել է 66-րդ Կովկասյան հեծյալ գնդում, եղել է դասակի, էսկադրոնի հրամանատար, գնդի դպրոցի պետ, գնդի շտաբի պետի օգնական և ապա գնդի շտաբի պետ։ 1938 թվականի աշնանը նրան տեղափոխում են Պսկովի 25-րդ հեծելազորային դիվիզիան և նշանակում 63-րդ հեծյալ գնդի հրամանատար։
Մայոր Իսահակյանի հրամանատարությամբ գործող 63-րդ հեծյալ գունդը ակտիվ մասնակցություն է ունենում սպիտակ ֆինների դեմ կռիվներին։
Հեծելազորային միավորումները վերակազմելու հետևանքով, փոխգնդապետ Իսահակյանին նշանակում են Լվովի զինվորական օկրուգի 1-ին տանկային դիվիզիայի 1-ին մոտոհրաձգային գնդի հրամանատար։
Շարային ուսուցման աշխատանքների մեծ փորձ ունեցող Իսահակյանը, ավարտելով Ռազմական ակադեմիայի օպերատիվ ֆակուլտետը, նշանակվում է 3-րդ մեխանիկական կորպուսի 1-ին մոտոցիկլետային գնդի հրամանատար։
Հայրենական Մեծ պատերազմի նախօրյակին Իսահակյանի հրամանատարությամբ գործող 1-ին մոտոցիկլետային գունդը գտնվում էր Արևելյան Պրուսիայի սահմանամերձ գոտում։ Երբ Գերմանիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա, Իսահակյանի զորամասը 2-րդ տանկային դիվիզիայի հետ միասին առաջին համազարկերը տվեց գերմանացիներին։
Վելիկիե Լուկիի ուղղությամբ Բեժանիցի բնակավայրի և Լոկնյա գետի արանքում թշնամու առաջխաղացումը կանգնեցնելու համար մղվող անզիջում կռիվներից մեկի ժամանակ փոխգնդապետ Իսահակյանը կոնտուզիա է ստանում։ Կարճ ժամանակում նա բուժվում է և ստանում նոր նշանակում 16-րդ հեծելազորային դիվիզիայի 260-րդ հեծյալ գնդի հրամանատար, ապա ստանում է գնդապետի կոչում, վարում է 111-րդ հեծելազորային դիվիզիայի շտաբի պետի պաշտոնը և մասնակցում է Վոլգոգրադի պաշտպանության մարտերին, իսկ 1943 թվականին 8-րդ բանակի հետ մասնակցում է Կովկասի համար մղվող մարտերին։
Գվարդիայի գնդապետ Իսահակյանը այնուհետև ծառայում է Ուկրաինական 2-րդ ռազմաճակատում իբրև Վոլգոդրադյան տանկային բրիգադի հրամանատար։ Ռազմաճակատի զորքերի հետ թշնամուն կրնկակոխ հետապնդելով, գնդապետ Իսահակյանի տանկային բրիգադը ակտիվ մասնակցություն է ունենում Կորսուն-Շևշենկովյան հայտնի օպերացիային։
Նույն տանկային զորամասում Իսահակյանը ծառայեց մինչև 1951 թվականը։ Հետպատերազմյան շրջանում նա վարում է մի շարք դիվիզիաների, կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոններ։ Գվարդիայի գնդապետ Իսահակյանը 1949 թվականին ավարտում է Մոսկվայի Տանկային զորքերի զինվորական ակադեմիան։
ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը 1954 թվականի մայիսին գվարդիայի գնդապետ Բագրատ Իսահակյանին շնորհում է տանկային զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պարգևատրվել է Լենինի, Կարմիր Դրոշի երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր Աստղի շքանշաններով և մի շարք մեդալներով, ինչպես նաև լեհական կառավարության «Զվիցենստվո ի վլնոստ» մեդալով[4]։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://am.hayazg.info/index.php?curid=6504
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Բագրատ Իսահակյանի մասին Anunner.com կայքում
- ↑ Տանկային զորքերի գեներալ-մայոր Բագրատ Իսահակյան։ Արմո Մալխասյան, Սովետական բանակի հայ գործիչները, Ե., Հայպետհրատ, 1963, էջ 421-423։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 392)։ |
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 1974 մահեր
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ զրահատանկային զորքերի հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ