Jump to content

Ժամանակակից արվեստի թանգարան (Զալցբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ավստրիա[1]
ՏեղագրությունԶալցբուրգ[1]
Կազմված էMuseum der Moderne Salzburg: Mönchsberg?
Պատկանում էԶալցբուրգ
ՀասցեMönchsberg 32, 5020 Salzburg[2]Mönchsberg? (32)
Հիմնադրվել է1983
ՏնօրենHarald Krejci? և Thorsten Sadowsky?
Կայքmuseumdermoderne.at(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Զալցբուրգի ժամանակակից արվեստի թանգարան[3][4] (գերմ.՝ Museum der Moderne Salzburg, MDM), պատկերասրահ Զալցբուրգ քաղաքում, որը բացվել է Հին քաղաքում՝ նախկին եկեղեցական ուսումնարանի շենքում 1983 թվականին, որպես «Rupertinum» հավաքածու։ 2004 թվականի հոկտեմբերին թանգարանը ձեռք է բերել երկրորդ շենքը Մյոնխսբերգ լեռան վրա։ Թանգարանի ֆոնդերը սկսվել են ձևավորվել գեղարվեստական ստեղծագործությունների գնմամբ և վաճառքով զբաղվող զալցբուրգցի Ֆրիդրիխ Վելցի մասնավոր հավաքածուի հիման վրա, ով ձեռք է բերել իր ընկերոջ՝ Օսկար Կոկոշկայի աշխատանքների զգալի մասը, այնուհետև դրանց ավելացվել է պետական ​​«Österreichische Fotogalerie» լուսանկարների հավաքածուն։

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զալցբուրգի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուի հիմքում ընկած է «Galerie Welz» մասնավոր հավաքածուն, որը հավաքել էր տեղացի արվեստի դիլեր Ֆրիդրիխ Վելցը (1903-1980), ով ձեռք է բերել իր ընկեր Օսկար Կոկոշկայի աշխատանքների զգալի մասը։ 1983 թվականին քաղաքային իշխանությունները որոշեցին Զալցբուրգում բացառապես ժամանակակից արվեստի գործերին նվիրված թանգարան ստեղծել, «Salzburger Museum für moderne Kunst und graphische Sammlungen» պատկերասրահի կազմակերպման համար գնվել էր նախկին եկեղեցական ուսումնարանի շենքը՝ այսպես կոչված «Ռուպերտինումը» (Rupertinum)։ Նոր թանգարանի առաջին տնօրեն, արվեստի պատմաբան Օտտո Բրեյչայի (Otto Breicha, 1932-2003) օրոք հավաքածուում ներառվել է նաև ավստրիական պետական ​​«Österreichische Fotogalerie» լուսանկարների հավաքածուն, որը շարունակում է պատկանել Ավստրիայի դաշնային կառավարությանը, բայց թանգարանին է փոխանցվել 2003 թվականին երկարաժամկետ վարձակալության և կառավարվում է թանգարանի տնօրինության կողմից։

Պատկերասրահի գոյությունից քսան տարի անց, նրա հավաքածուն զգալիորեն ընդլայնվել է, և որոշումներ կայացնելուց հետո սկսվել է թանգարանի նոր շենքի շինարարությունը, որի համար ընտրվել է Մյոնխսբերգ լեռը։ 2003 թվականին թանգարանը վերակազմավորվել է, հին վայրում ստեղծվել է «Museum der Moderne - Rupertinum Betriebsgesellschaft mbH» ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ երկրորդ շենքում տեղակայվել է «Museum der Moderne Salzburg» թանգարանը, որտեղ անցկացվել են ժամանակավոր ցուցադրություններ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դրությամբ երկու շենքերում էլ կազմակերպվում էին ժամանակակից ավստրիական և միջազգային արվեստի ժամանակավոր ցուցահանդեսներ։ Թանգարանն ունի նաև իր սեփական հավաքածուն, բացի գեղանկարչական ստեղծագործություններից և քանդակներից, այն պարունակում է նաև գրաֆիկական աշխատանքների մեծ հավաքածու։ Լուսանկարների հավաքածուն նույնպես շարունակում է համալրվել 1945 թվականից հետո ստեղծված աշխատանքներով՝ 2014 թվականի հունվարին Generali Foundation-ի հավաքածուն երկարաժամկետ օգտագործման համար տեղափոխվեց թանգարան։

Ռուպերտինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուպերտինումը տեղակայված է վաղ բարոկկո ոճի շենքում՝ Հին քաղաքում, երաժշտական ​​փառատոնի (Großes Festspielhaus) անցկացման վայրի դիմաց Furtwänglerplatz հրապարակում։ Շենքը կառուցվել է 1653 թվականին արքեպիսկոպոս Փարիզ ֆոն Լոդրոնի (1586-1653) նախաձեռնությամբ «Collegium Rupertinum» անվանումով, որը եղել է քահանաների և պաշտոնյաների վերապատրաստման և կրթության վայր։ 1976 թվականին Զալցբուրգի նահանգը գնել է շենքը հատուկ պատկերասրահ ստեղծելու նպատակով։ Այնուհետև այն հարմարեցվել է նոր կարիքների համար, վերակառուցումն իրականացվել է զալցբուրգցի ճարտարապետ Գերհարդ Գարստենաուերի (1925-2016) նախագծով, արտաքինի ձևավորմանը մասնակցել է Ֆրիդենսրայխ Հունդերտվասերը, ում առաջարկով պատուհանների տակ տեղադրված «կերամիկական ապլիկացիաները» բուռն քննարկումներ են առաջացրել թանգարանի բացման ժամանակ։

Մյոնխսբերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նոր շենքը, որը բացվել է 2004 թվականին, գտնվում է Մյոնխսբերգ լեռան վրա, որը նայում է գրեթե ողջ Զալցբուրգին։ Այդ վայրը հանրության շրջանում հետաքրքրություն է առաջացրել դեռևս 19-րդ դարում, 1890 թվականին Կարլ Լայտների (Karl Leitner; այժմ Mönchsbergaufzug) նախագծով կառուցված «էլեկտրական վերելակ»-ով բարձրացել են լեռը։ 1946 թվականին հյուրանոցատեր Հերման Վինկլերը շենքը վարձակալել է քաղաքից և զգալիորեն վերանորոգել այն՝ ստեղծելով Grand Café Winkler-ը, որը դարձել է պարերի և էքսկուրսիաների հայտնի վայր։ Այդտեղ է գտնվել նաև լայնածավալ Sattler-Panorama համայնապատկերը։ 1977-1993 թվականներին շենքում գործել է տեղական խաղատունը, որը ներկայումս գտնվում է Կլեսհայմ (Kleßheim) պալատում։

1980-ական թվականներին մի խումբ քաղաքաբնակներ՝ քաղաքական գործիչ Յոհաննես Ֆոգգենհուբերի գլխավորությամբ, հանդես են եկել տեղական թանգարանի վերափոխման և դրա հետագա զարգացման նախաձեռնությամբ։ Արդյունքում, առաջին միջազգային ճարտարապետական ​​մրցույթն անցկացվել է թանգարանի շենքի նախագծման համար, սակայն Ալվարու Սիզա Վիեյրայի կողմից ստեղծված հաղթող նախագծի իրականացումը ձախողվել է ֆինանսական դժվարությունների և որոշ քաղաքաբնակների դիմադրության պատճառով։ Դրանից հետո քննարկվել է Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանի հետ համագործակցությունը, որի համար Հանս Հոլայնը նույնիսկ նոր շենքի նախագիծ է ստեղծել։ Սակայն այդ հայեցակարգը աջակցություն չի ստացել Զալցբուրգի կառավարության կողմից՝ սպասվող բարձր ծախսերի և շինարարական դժվարությունների պատճառով։

Տարածաշրջանի ղեկավար, քաղաքական գործիչ և պատմաբան Ֆրանց Շաուսբերգերը թանգարանի ստեղծումը դարձրել է իր հիմնական մշակութային և քաղաքական նպատակներից մեկը․ նրան հաջողվել է ապահովել անհրաժեշտ ֆինանսավորում դաշնային կառավարությունից, տարածաշրջանից և քաղաքից։ Արդյունքում, 1998 թվականին Զալցբուրգի քաղաքապետարանը հայտարարել է ճարտարապետական ​​նոր մրցույթ, միջազգային ժյուրին շվեյցարացի ճարտարապետ Լուիջի Սնոցցիի (Luigi Snozzi) նախագահությամբ ընտրել է Մյունխենի ճարտարապետական ​​բյուրոյի Friedrich Hoff Zwink Architekten-ի նախագիծը։ Ժամանակակից արվեստի նոր թանգարանը բացվել է 2004 թվականի հոկտեմբերի 23-ին Ռուպերտինումի հավաքածուից կազմված «Vision einer Sammlung» ցուցահանդեսով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://service.salzburg.gv.at/museen/detail.do?museumId=2774
  3. The Art Newspaper Russia. — 2015-04. — С. 56. — 64 с. — ISBN 9785457839724
  4. Новый мир искусства. — Новый мир искусства, 2008. — Т. 60—65. — С. 9. — 680 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Музей современного искусства на горе Мёнхсберг: Mönchsberg 32, 5020 Salzburg». salzburg.info (ռուսերեն). Tourismus Salzburg GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Զալցբուրգ)» հոդվածին։