Թաղլարի քարայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թաղլարի քարայր
Çaxmaqdaşı və dəvəgözündən əmək alətləri.JPG
Տեսակքարանձավ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Վարչատարածքային միավորՄեծ Թաղեր
Կոորդինատներ: 39°36′17.740800100004″ հս․ լ. 46°57′53.719200100005″ ավ. ե. / 39.60492800002777614° հս․. լ. 46.96492200002777651° ավ. ե. / 39.60492800002777614; 46.96492200002777651

Թաղլարի քարայր, Մեծ Թաղլարից 1 կմ հարավ-արևելք, անմիջապես Իշխանագետի ձախ ափին, ճանապարհի եզրին գտնվող քարայր։ Արտաքինից քարայրը նման է կիսաշրջանաձև միացած բնական ժայռափոր պատուհանների։ Ներսում դրանց թիվն ավելանում է։ Քարայրը բաղկացած է կիսաշրջանաձև տասը կամարներից։ Դրանցից չորսը իրար կից նայում են դեպի դուրս, իսկ մնացածները տեղադրված են ներսում։ Քարայրի մի մասի հատակները հողային են, մնացածներինը՝ քարե։ Համեմատաբար ավելի մեծ և բարձր կամարը գտնվում է արևելյան մասում, որտեղ կան հողի բավականին հաստ նստվածքներ։ Այսռեղ 1963-64 թվականներին հնագետները 7 մ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ անցք են փորել։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ Ծծախաչ քարայրի հատակը հիմնականում ծածկված է պալեոլիթի դարաշրջանի կուլտուրական մնացորդներով։

Առաջին՝ սևահողային շերտից բացի, մյուս շերտերը պարունակում են հնագիտական հարուստ նյութեր և կենդանիների մնացորդներ՝ ընձառյուծի, մանր կրծողների, տարբեր տեսակի թռչունների, արջի, ձիու, եզի, կովկասյան եղջերուի, լեռնային այծերի և այլն։

Կենդանիների այս բրածո մնացորդները ժամանակաշրջանի առումով Ազոխ քարանձավի կենդանիներից խիստ երտասարդ են, և, կարելի է ասել, լրիվ տարբերվում են նրանցից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը հիմնականում պատրաստված են կայծքարից և հրաբխային ապակուց։ Քարե իրերն իրենց ձևով և պատրաստման տեխնիկայով մեծ հետաքրքրություն են ներկայացնում։

Ծծախաչ կամ Թաղլարի քարայրի կուլտուրական շերտերն իրենց կառուցվածքով և դրանցում հայտնաբերված հնագիտական նյութերով նման լինելով Ազոխի քարայրի Մուստյերյան մշակույթի շրջանի նյութերին, այնուամենայնիվ, խիստ տարբերվում են դրանցից։ Եթե այստեղ գտնվող ներքին շերտերի նյութերը ժամանակաշրջանի և պատրաստման տեխնիկայի տեսակետից մոտ են Ազոխի Մուստյերյան շրջանի նեանդերթալցիների պատրաստած գործիքներին, ապա վերին և հատկապես միջին շերտերի նյութերը հիմնավորապես տարբերվում են Ազոխի քարայր նյութերից։ Ծծախաչ քարայրի վերին շերտի նյութերն ավելի կատարելագործված են։ Այստեղ գերակշռում են փոքր չափերի բարակ շեղբերից պատրաստած նուրբ հարդարում ունեցող գործիքները, դանակները, քերիչները, ծակիչները, ծայրապանակները և այլն։

Անդրկովկասի տերիտորիայում Ծծախաչի քարայր-բնակավայրին ավելի նման համարվում են Ջրուչուրի, Մորգայի, Ախշտայի հուշարձանները։

Այս քարայր-բնակավայրերը և՛ իրենց մշակութային շերտերի կառուցվածքով, և՛ հնագիտական նյութերով շատ մոտ են։

Թաղլարի քարայր-բնակավայրը պատկանում է միջին պալեոլիթի վերջին և վերին պալեոլիթի սկզբին։ Այս տեսակետից էլ այն համարվում է Լեռնային Ղարաբաղում պեղած առաջին այն հուշարձանը, որ առատ նյութ է պարունակում նախնադարյան հասարակարգի իրողություններն ուսումնասիրելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Շահեն Մկրտչյան, Հայաստան հրատարակչություն, Երևան-1985