Էպիդուրալ հեմատոմա
Էպիդուրալ հեմատոմա | |
---|---|
ՀՇ֊արտապատկերմամբ էպիդուրալ հեմատոմա և գանգի կոտրվածք։ Երևում է երկուռուցիկ ձևի հեմատոմա։ Նաև հայտնաբերվել է ցնցման որոշակի օջախ՝ արյունահոսությամբ, ուղեղի հակառակ կողմում։ | |
Պատճառ | գլխի վնասվածք, արյունահոսական խանգարում, անոթային ախտաբանություն |
Հիվանդության ախտանշաններ | գլխացավ, ցնցում, պարալիզ |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 432.0 |
ՀՄԴ-10 | I62.1 և S06.4 |
Բուժում | վիրահատական |
Epidural hematoma Վիքիպահեստում |
Էպիդուրալ հեմատոմայի ժամանակ արյունը կուտակվում է ուղեղը շրջապատող արտաքին թաղանթի (կարծրենի) և գանգոսկրերի միջև[1]։ Հաճախ, գիտակցության կորուստը հետևում է գլխի վնասվածքին, դիտվում է գիտակցության կարճատև վերականգնում, այնուհետև կրկին կորուստ[2]։ Այլ ախտանիշներից կարող են լինել գլխացավը, շփոթվածությունը, սրտխառնոցը և մարմնամասերի շարժման անկարողությունը[3]։ Բարդություններից է ցնցումը[3]։
Առաջացման տիպիկ պատճառը գլխի վնասումն է, ինչի հետևանքով կոտրվում է քունքոսկրը և արյունահոսում է միջին ուղեղային զարկերակը[1]։ Երբեմն, հեմատոման կարող է առաջանալ արյան հիվանդությունների կամ անոթային մալֆորմացիաների հետևանքով[3]։ Ախտորոշվում է ՀՇ-ի կամ ՄՌՇ-ի միջոցով[3]։ Եթե հեմատոման տեղակայվում է ողնուղեղում, անվանում են ողնուղեղային էպիդուրալ հեմատոմա[1]։
Բուժումը սովորաբար ներառում է շտապ վիրահատական միջամտություն կրանիոտոմիայով կամ Բորի գործիքով բացված անցքով[3]։ Բուժման բացակայության դեպքում ելքը մահացու է[4]։ Գլխի վնասվածքների 1-4%-ը ուղեկցվում են այս ախտաբանական վիճակով[3]։ Հաճախ հանդիպում է երիտասարդ տարիքում[3]՝ տղամարդկանց գերակշռությամբ[3]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպիդուրալ, սուբդուրալ և սուբարախնոիդալ արյունահոսությունները արտապարենքիմատոզ են և տեղակայվում են ուղեղահյուսվածքից դուրս, մինչդեռ ներպարենքիմային արյունահոսությունները ընդգրկում են ուղեղի պարենքիմը և փորոքները։
Էպիդուրալ հեմատոմաները անմիջապես վնասվածքից հետո կարող են ընթանալ գաղտնի և ախտանիշներն ի հայտ են գալիս ավելի ուշ։ Երբ արյունը կուտակվում է էպիդուրալ տարածությունում, այն ճնշում է ներգանգային կառույցներին, որը կարող է տարածվել գանգուղեղային երրորդ զույգ նյարդերի վրա[5]։ Սա արտահայտվում է վնասվածքի ենթարկված կողմում բբի ֆիքսմամբ և լայնացմամբ[5]։ Ակնագունդը կարող է տեղաշարժվել դեպի դուրս և ներքև՝ պայմանավորված չորրորդ և վեցերորդ զույգ նյարդերի անբավարարությամբ։
Այլ դրսևորումներից կարող են լինել վերջույթի թուլության զգացումը ախտահարման հակառակ կողմում՝ բացառությամբ մի քանի եզակի դեպքերի, դա պայմանավորված է արդեն իսկ խաչված բրգաձև ուղիների ճնշմամբ, և տեսադաշտի որոշակի նեղացում կրկին ախտահարման հակառակ կողմում՝ պայմանավորված ախտահարված կողմում հետին ուղեղային զարկերակի ճնշմամբ։
Ամենավտանգավոր իրավիճակը ուղեղի նշիկների ճողվածքն է, որը կարող է հանգեցնել շնչառության կանգի երկարավուն ուղեղի կենսական կենտրոնների ճնշման հետևանքով։ Եռորյակ նյարդը (5֊րդ զույգ) պրոցեսի մեջ ընդգրկվում է ավելի ուշ, վերջինս պայմանավորված է կամրջի ճնշմամբ, բայց սա նշանակալի կլինիկական դրսևորում չի կարող լինել, քանզի այդժամ պացիենտն արդեն կարող է մահացած լինել[6]։ Հետին գանգափոսում տեղակայվելու դեպքում՝ նշիկային ճողվածքը դրսևորվում է Քուշինգի եռյակով, այն է գերճնշում, դանդաղասրտություն և անկանոն շնչառություն։
Էպիդուրալ հեմատոման կտրուկ զարգացող է, քանի որ այն առաջանում է բարձր ճնշման տակ գտնվող զարկերակներից։ Էպիդուրալ հեմատոման հասնում է իր առավելագույն չափերին վնասվածք ստանալուց վեցից ութ ժամ անց՝ զբաղեցնելով 25֊ից 75 խորանարդ սանտիմետր ներգանգային տարածություն[7]։ Հեմատոման ընդարձակվելով ճնշում է կարծրենուն՝ դառնալով ինտեսիվ գլխացավի պատճառ։ Էպիդուրալ հեմատոման մեծանալով կարող է բարձրացնել ներգանգային ճնշումը, պատճառ դառնալ ուղեղային տեղաշարժերի, շրջանառող արյան ծավալի կորստի կամ պարզապես ճնշել գանգատուփը։ Առավել մեծ հեմատոմաներն ավելի շատ են վնաս հասցնում։ Էպիդուրալ հեմատոմաները կարող են արագ աճել ու ճնշել ուղեղի հիմը, պատճառ դառնալ գիտակցության կորստի, ոչ նորմալ դիրքային ռեակցիաների և բբի՝ լույսի հանդեպ ոչ նորմալ պատասխանի[8]։
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներգանգային հեմատոմաների առավել տարածված պատճառը վնասվածքներն են, թեև ինքնաբեր արյունահոսություններ ևս հնարավոր են։ Արյունահոսությունները հաճախ հետևանք են արագացող և կտրուկ դադարող պատահարների և հակադիր ներգործող ուժերի[7][9]։ Հեմատոմաների մեծ մասը ծագում են ուղեղային զարկերակներից, մասնավորապես քունքային շրջանից։ Էպիդուրալ հեմատոմաների 10%֊ը կարող են լինել երակային ծագման[10]՝ որպես շարժման ժամանակ պտտաձև ուժերի ներգործությամբ առաջացած վնասվածքի հետևանք։ Էպիդուրալ հեմատոմայի տեղակայումը կախված է գլխի վրա հարվածի տեղից։ Միջին ուղեղային զարկերակի անոթավորման շրջանը համեմատաբար խոցելի է և հեշտ է ենթարկվում վնասման[10]։ Հեմատոմաների միայն 20֊30%֊ն է տեղակայված քունքային շրջանից դուրս[11]։ Ուղեղը կարող է վնասվել նաև ներգանգային անհարթությունների հետևանքով։ Էպիդուրալ հեմատոմաները սովորաբար տեղակայվում են հենց ազդող ուժի տեղում, շատ հազվադեպ, բայց հնարավոր է հեմատոմայի՝ հարվածի հակառակ կողմում տեղակայում[12]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՇ֊արտապատկերման և ՄՌՇ֊ի միջոցով ստացված պատկերներում, էպիդուրալ հեմատոմաները սովորաբար ունեն ուռուցիկ տեսք, քանզի հեմատոմայի ընդարձակումը սահմանափակվում է գանգի կարաններով, իսկ այս տեղամասերում կարծրենին սերտորեն կապված է գանգի ոսկրերին։ Այսպիսով հեմատոման աճում է դեպի ուղեղ, ինչպես դա լինում է սուբդուրալ հեմատոմաների դեպքում։ Էպիդուրալ հեմատոմաները տեսապատկերման տիպիկ պատկերի պատճառով հաճախ անվանում են «ոսպնյականման»։
Էպիդուրալ հեմատոման կարող է առաջանալ սուբդուրալ հեմատոմայի հետ միաժամանակ կամ առանձին[10]։ ՀՇ֊արտապատկերմամբ հայտնաբերվում է էպիդուրալ կամ սուբդուրալ հեմատոմա անգիտակից պացիենտների 20%֊ի մոտ[13]։ Էպիդուրալ հեմատոմաներին բնութագրական է, այսպես կոչված, թափանցիկ շրջանի առկայությունը, երբ գիտակցությունը վերականգնվում է, իսկ արտաքին տեսքը նորմալ է,բայց որոշ ժամանակ անց հանկարծակի ու արագորեն գիտակցությունը մթագնում է։ Թափանցիկ շրջանի տևողությունը կախված է վնասվածքի ծանրության աստիճանից,և հենց դա է օգնում էպիդուրալ հեմատոմա ախտորոշելուն։ Եթե պացիենտը չի ենթարկվում օպերատիվ վիրաբուժական միջամտության, այդ դեպքում շատ մեծ են մահանալու շանսերը[14]։
-
Ոչ վնասվածքային էպիդուրալ հեմատոմա երիտասարդ կնոջ մոտ։ Վերևի ձախ կողմում տեղակայված գորշ դաշտը արդեն իսկ ձևավորված հեմատոման է, որն էլ պայմանավորում է միջին գծի տեղաշարժը և փորոքի ճնշումը։
-
Վնասվածքային հեմատոմայի ոչ֊կոնտրաստ ՀՇ֊պատկեր ձախ ճակատ֊քունքային դաշտում։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես այլ ներգանգային հեմատոմաների դեպքում, այս դեպքում ևս արյունը կարելի է հեռացնել վիրահատական եղանակով՝ նվազեցնելու համար գլխուղեղի վրա ունեցած վերջինիս ճնշումը[9]։ Հեմատոման հեռացվում է տրեպանացիոն անցքի միջով կամ գանգահատմամբ։ Երբեմն, եթե պացիենտին նյարդավիրաբուժական բաժանմունք տեղափոխելը երկար ժամանակ է պահանջում, տրեպանացիան կատարում են անհետաձգելի բուժօգնության բաժամունքում[15]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանգուղեղային վնասվածքի հետևանքով առաջացած էպիդուրալ հեմատոմաների կանխատեսումը առավել լավ է, եթե դրանք ունեցել են թափանցիկ շրջան, համեմատ այն դեպքերի, երբ պացիենտը վնասվածքը ստանալու պահից գտնվում է կոմատոզ վիճակում[16]։ Ի տարբերութուն գանգուղեղային վնասվածքի այլ ձևերի, էպիդուրալ հեմատոմաների դեպքում և Գլազգոյի սանդղակով 15 միավոր ունենալու պարագայում (ինչքան միավորը բարձր, այնքան կանխատեսումը բարենպաստ) արագ ցուցաբերած վիրաբուժական միջամտությունը տալիս է դրական արդյունք[16]։
Դիտարժան դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել դե Մոնտեն իր «Փիլիսոփայություն այն մասին, թե ինչպես սովորել մահանալ» գրվածքում, որը գրի էր առել 1580 թվականին, պատմում է իր եղբոր՝ կապիտան Սուրբ Մարտինի մասին, ով 23 տարեկան էր։ Նա խաղում էր մեծ թենիս, երբ վիրավորվեց թենիսի գնդակից աջ ականջից մի փոքր վերև։ Չկար ոչ մի վերք կամ ցնցման նշան, նա անգամ չնստեց հանգստանալու, բայց հինգ կամ վեց ժամ անց նա մահացավ հարվածի հետևանքով առաջացած ապոպլեքսիայից։
1998 թվականի փետրվարի 20֊ին, 38֊ամյա հնդիկ կրիկետ խաղացող Ռեմոն Լամբան գլխով հարվածել է կրիկետի տախտակին՝ առանց սաղավարտի խաղալու հետևանքով, Լամբան լքեց խաղադաշտը, չնայած վնասվածքը ոչ մի կերպ չէր արտահայտվում այդ ընթացքում։ Նույն օրը նա ընկավ կոմայի մեջ և երեք օր անց մահացավ ներքին արյունահոսությունից[17]։
2003 թվականի ապրիլի 17֊ին, 72֊ամյա բժիշկ Ռոբերտ Էթկինսը, ով էթկինյան դիետայի ստեղծողն է, աշխատանքի գնալու ճանապարհին սայթաքել է սառույցի վրա և հարված է ստացել գլխին։ Հիվանդանոց տեղափոխման ճանապարհին նա կորցրել է գիտակցությունը և մոտ երկու շաբաթ անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրա մահվան վկայականում, որպես մահվան փաստացի պատճառ գրված է «բութ վնասվածք գլխին՝ էպիդուրալ հեմատոմայով»[18]։
2009 թվականի մարտի 18֊ին, դերասանուհի Նատաշա Ռիչարդսոնը մահացել է էպիդուրալ հեմատոմայի պատճառով, նա վնասվանքը ստացել էր երկու օր առաջ Մոնտ֊Տրեմբլենտում (Կանադա) դահուկներով սահելիս[19] ։ Շատ պացիենտների նման, նա ևս ունեցել էր թափանցիկ շրջան, երբ չէին եղել որևէ ախտանշաններ, միայն մոտ մեկ ժամ անց նա գանգատվել է գլխացավից[20]։ Մինչ բժշկական օգնություն ցուցաբերելը, հեմատոման հասցրել էր մեծ վնաս պատճառել[21][22]։
2010 թվականի մայիսի 26֊ին, դերասան Գերի Քոլմանն ընդունվել է տարածաշրջանային Յուտա Վելլի բժշկական կենտրոն Պրոհոյում՝ ընկնելու հետևանքով ստացած գլխի վնասվածքի կապակցությամբ։ Նա այդ ժամանակ սահմանային իրավիճակում էր, հաջորդ օրը կեսօրին նա կորցրեց գիտակցությունը և մահացավ մայիսի 28֊ին։
2012 թվականի սեպտեմբերի 5֊ին, բեյսբոլի մեծ հավաքականի հարվածող Բրենդոն Մակկարթին իր գլխին պատահաբար հարված ստացավ Էրիկ Էյբորի կողմից։ Նա միանգամից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ ենթարկվեց երկժամյա վիրահատական միջամտության։ Նա ուներ գանգի կոտրվածք և ստացել էր ուղեղի ցնցում, թեև չէր կորցրել գիտակցությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Pryse-Phillips, William (2009 թ․ մայիսի 6). Companion to Clinical Neurology. Oxford University Press. էջ 335. ISBN 9780199710041. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. «Epidural hemorrhage (epidural hematoma, extradural hemorrhage, or hematoma) Bleeding outside the outermost layer of the dural mater, which is thus stripped away from the inner table of the skull or spinal canal.»
- ↑ Pooler, Charlotte (2009). Porth Pathophysiology: Concepts of Altered Health States (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 1256. ISBN 9781605477817.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ferri, Fred F. (2016). Ferri's Clinical Advisor 2017 E-Book: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 441. ISBN 9780323448383.
- ↑ Rubin, Raphael; Strayer, David S.; Rubin, Emanuel; (M.D.), Jay M. McDonald (2008). Rubin's Pathology: Clinicopathologic Foundations of Medicine (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 1183. ISBN 9780781795166.
- ↑ 5,0 5,1 Epidural Hematoma in Emergency Medicine at Medscape. Author: Daniel D Price. Updated: Nov 3, 2010
- ↑ Wagner AL. 2006. "Subdural Hematoma." Emedicine.com. Retrieved on February 6, 2007.
- ↑ 7,0 7,1 University of Vermont College of Medicine. "Neuropathology: Trauma to the CNS." Retrieved on February 6, 2007.
- ↑ Singh J and Stock A. 2006. "Head Trauma." Emedicine.com. Retrieved on February 6, 2007.
- ↑ 9,0 9,1 McCaffrey P. 2001. "The Neuroscience on the Web Series: CMSD 336 Neuropathologies of Language and Cognition." Արխիվացված 2007-04-06 Wayback Machine California State University, Chico. Retrieved on February 6, 2007.
- ↑ 10,0 10,1 10,2 Shepherd S. 2004. "Head Trauma." Emedicine.com. Retrieved on February 6, 2007.
- ↑ Graham DI and Gennareli TA. Chapter 5, "Pathology of Brain Damage After Head Injury" Cooper P and Golfinos G. 2000. Head Injury, 4th Ed. Morgan Hill, New York.
- ↑ Mishra A, Mohanty S (2001). «Contre-coup extradural haematoma: A short report». Neurology India. 49 (94): 94–5. PMID 11303253. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Downie A. 2001. "Tutorial: CT in Head Trauma" Արխիվացված Նոյեմբեր 6, 2005 Wayback Machine. Retrieved on February 6, 2007.
- ↑ Caroline NL. 1991. Emergency Medical Treatment. Little Brown & Company.
- ↑ Smith SW, Clark M, Nelson J, Heegaard W, Lufkin KC, Ruiz E (2010). «Emergency department skull trephination for epidural hematoma in patients who are awake but deteriorate rapidly». J Emerg Med. 39 (3): 377–83. doi:10.1016/j.jemermed.2009.04.062. PMID 19535215.
- ↑ 16,0 16,1 Zink BJ (2001). «Traumatic brain injury outcome: Concepts for emergency care». Ann Emerg Med. 37 (3): 318–32. doi:10.1067/mem.2001.113505. PMID 11223769.
- ↑ «Cricketer killed by ball». BBC. 1998 թ․ փետրվարի 23. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Copy of Robert Atkins' Death Certificate». The Smoking Gun. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Family hold wake for Richardson». BBC News. 2009 թ․ մարտի 21. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Natasha Richardson dies aged 45». BBC News. 2009 թ․ մարտի 19. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Autopsy: Natasha Richardson died from hitting head, Associated Press, March 19, 2009
- ↑ Brain injury victims can seem OK, symptoms delayed, Associated Press, March 19, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MedPix: Epidural hematoma Արխիվացված 2008-02-15 Wayback Machine
- http://radiopaedia.org/cases/epidural-hematoma
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիդուրալ հեմատոմա» հոդվածին։ |
|