Էլդայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Էլդայի ամրոց
իսպ.՝ Castillo de Elda
CastilloElda aerea.jpg
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորԷլդա[1]
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
Համալիրի մասԱլիկանտեի մշակութային ժառանգություն
Castillo de Elda Վիքիպահեստում

Էլդայի ամրոց (իսպ.՝ Castillo de Elda), 12-րդ դարում հիմնադրված պաշտպանական կառույց Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքի Ալիկանտե պրովինիցիայում[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1172 թվականին Ալ-Մոհադները պարտություն են կրել Կուենկայի ճակատամարտում և շուտով պաշտպանական նպանակներով հիմնադրել են Էլդայի ամրոցը: Այն կառուցվել է ոչ բարձր բլրի վրա՝ գետի մոտ: Ամրոցի շինարարությունն սկսվել է 1172 թվականին և շարունակվել մինչև 1243 թվական: Ռեկոնկիստայի ժամանակ Էլդայի ամրոցը գրավվել է քրիստոնյաների կողմից: 13-րդ դարի կեսերից սկսած՝ հետագա մեկուկես դարերի ընթացքում ամրոցը հաճախ անցել է ձեռքից ձեռք: Սեփականատերերը մի քանի անգամ վերանորոգել են այն՝ ամրացնելով պատերն ու աշտարակները: Ամրոցի շրջակա տարածքը հաճախ էր դառնում բախումների թատերաբեմ, այդ պատճառով էլ անհրաժեշտ էր մշտապես կատարելագործել ամրոցի պաշտպանական հնարավորությունները:

Մոտավորապես 1308 թվականին ամրոցի պատերի ներսում կառուցվել է Սուրբ Մարիայի եկեղեցին[2], որը հավանաբար քրիստոնեական առաջին պաշտամունքային կառույցն է եղել միջնադարյան Էլդայում: 13-րդ դարի վերջում և 14-րդ դարի սկզբում ամրոցի արևելյան ու հարավային պատերի մոտ եղել է գերեզմանոց: Մեկ հարյուրամյակ անց ամրոցը նշանակալի փոփոխությունների է ենթարկվել. ամրոցի պատերը վերակառուցվել են, որպեսզի ներսում կայազորի ավելի շատ զինվորներ կարողանան տեղավորվել: Դրանք նաև ամրացվել են: Այդ ժամանակ ամրոցը եղել է Կոսենտայնայի կոմսերի սեփականությունը: Հետագայում այդ ընտանիքն աղքատացել է և 1513 թվականի սեպտեմբերի 4-ին ամրոցը վաճառել է Խուան դե Կոլոմային, ով եղել է Կաստիլիայի Ֆերդինանդ II թագավորի ու նրա կնոջ՝ Իզաբելա թագուհու քարտուղարը:

Էլդայի ամրոցը

16-րդ դարում Էլդայի ամրոցը մնացել է դե Կոլոմա ընտանիքի ձեռքում: Այդ ընթացքում միջնադարյան ռազմական կառույցը վերածվել է դղյակի: Փոփոխություններ են կատարվել ինչպես շինության արտաքին տեսքում, այնպես էլ ներքին սրահներում: Վերակառուցվել են մուտքի դարպասները, կառուցվել է կլոր աշտարակ և ջրամբար: Սակայն ամրոցի ծաղկման շրջանը կարճ է տևում, և 17-րդ դարի սկզբին այն սկսում է անկում ապրել. դե Կոլոմա կոմսերի ֆինանսական դրությունը վատանում է, և նրանք ստիպված են լինում լքել ամրոցը: Այդ ժամանակից Էլդայի ամրոցն սկսում է աստիճանաբար ավերվել:

19-րդ դարում ամրոցը գտնվում էր վատթար վիճակում: 1841 թվականին այն անցել է պետությանը, իսկ 1842 թվականին մասմաբ քանդվել է, և նրա քարերն օգտագործվել են Վինապոլո գետի վրա կամուրջ կառուցելու համար: Փորձ է արվել ամրոցում ստեղծել բանտ, սակայն 1844 թվականին դատարանի որոշմամբ դա արգելվել է, և մի որոշ ժամանակ ամրոցում անցկացվել են թատերական ներկայացումներ ու կատակերգական թատերախմբերի ելույթներ: 1848 թվականին ամրոցն աճուրդում վաճառվել է 121 հազար ռեալով: 1866-1886 թվականներին Էլդայի ամրոցը եղել է մասնագիտությամբ շինարար Պեդրո Լեոն Նավառո-ի-Վիդելի սեփականությունը: Վերջինս հանել է պատերի մարմարյա երեսպատումը, տարել ամրոցի կահույքն ու այնտեղ եղած այլ իրեր՝ ամրոցին պատճառելով անդառնալի վնաս:

1949 թվականի ապրիլի 22-ին Էլդայի ամրոցը հայտարարվել է պատմական հուշարձան[2] և ստացել է RI-51-0010573 գրանցման համարը: Այդ ժամանակից ի վեր պահպանվում է պետության կողմից: Չնայած կատարված վերակառուցողական աշխատանքներին՝ ներկայում ամրոցը գտնվում է կիսավեր վիճակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 «Развалины замка Элда»։ http://llave.ru/։ 13 ապրիլի, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-23-ին։ Վերցված է 6 սեպտեմբերի, 2016