Jump to content

Զորակոչ Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (պահեստազորի սպայական կազմ)։ Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում[1]։ Պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարի է։ Զորակոչը կատարվում է տարեկան 2 անգամ։

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաև 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան արական սեռի քաղաքացիները[2]։

Նախնական զինվորական հաշվառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն։ Քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական և, ըստ մարզերի (Երևան քաղաքի)` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ[1]։

Զինվորական ծառայության տարկետում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`

  • առողջական վիճակի պատճառով,
  • ընտանեկան պայմաններից ելնելով։

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրված քաղաքացուն` պատգամավորական լիազորությունների ողջ ժամկետով։

Կրթության նպատակով տարկետում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար`

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին։ Քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը։

Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին։ Քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը։

Գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով։

Տարկետում ստացած քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել տարկետման իրավունքից և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության[1]։

Առողջական վիճակի պատճառով տարկետում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է`

1) բուժման կարիք ունենալու կամ

2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում։

Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի՝

1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)`

ա. չունեն այլ զավակ կամ

բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների.

4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին.

5) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է[1]։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայության պաշտոնները դասակարգվում են հրամանատարական և ոչ հրամանատարական կազմերի։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետևյալ կազմերը և զինվորական կոչումները[1]

Զինվորական ծառայության պաշտոններ
Հրամանատարական կազմ Ոչ հրամանատարական կազմ
Բարձրագույն հրամանատարական Բարձրագույն սպայական Գեներալ-մայոր

Գեներալ-լեյտենանտ

Գեներալ-գնդապետ

Բանակի գեներալ

Ավագ հրամանատարական Ավագ սպայական Մայոր

Փոխգնդապետ

Գնդապետ

Միջին հրամանատարական Կրտսեր սպայական Լեյտենանտ

Ավագ լեյտենանտ

Կապիտան

Կրտսեր հրամանատարական Ավագ ենթասպայական Ենթասպա

Ավագ ենթասպա

Կրտսեր ենթասպայական Կրտսեր սերժանտ

Սերժանտ

Ավագ սերժանտ

Ավագ

Շարքային Շարքային

Եֆրեյտոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117633. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ». National Assembly of the Republic of Armenia. 01․02․2024. Վերցված է 03․07․2024-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 25 (օգնություն)