Զալուսկիների գրադարան
![]() Պատերազմից հետո վերակառուցված «Թագավորների պալատը», որտեղ գտնվում էր գրադարանը, Դանիլովիչովսկա փող. 14, Վարշավա | |
Երկիր | I Rzeczpospolita |
---|---|
Տեսակ | հանրային գրադարան |
Հիմնվել է | 1624 |
Լուծարվել է | 1794 |
Տեղադրություն | Śródmieście |

Զալուսկիների գրադարան (լեհ.՝ Biblioteka Załuskich, լատին․՝ Bibliotheca Zalusciana), հիմնադրել են կաթոլիկ եպիսկոպոսներ Հովսեփ Անջեյ Զալուսկին և նրա եղբայր Անջեյ Ստանիսլավ Զալուսկին՝ 1747 թ. Վարշավայում[1]։ Այն Լեհաստանի ամենամեծ և առաջին հանրային գրադարանն էր, ինչպես նաև հանդիսանում է Եվրոպայի ամենահին հանրային գրադարաններից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանը սկզբում ուներ մոտավորապես 200 հազար նմուշ, որը 1780-ական թթ. վերջում աճեց՝ դառնալով մոտ 400 հազար տպագիր նյութեր, քարտեզներ և ձեռագրեր։ Գրադարանում նաև տեղ են գտել արվեստի հավաքածուներ, գիտական գործիքներ, բույսերի և կենդանիների նմուշներ։
1774 թ. եղբայրների մահից հետո, երբ ձևավորվեց Ազգային կրթության հանձնաժողովը, Զալուսկիների գրադարանն անվանափոխվեց և դարձավ Հանրապետական։
Լեհաստանի երկրորդ բաժանումից և Կոստյուշկոյի ապստամբությունից հետո (1794 թ.) Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի զորքերը բռնագրավեցին Զալուսկիների հավաքածուն և ուղարկեցին այն Սանկտ Պետերբուրգ, որտեղ 1795 թ. Կայսերական հանրային գրադարանի հիմնադրման ժամանակ դարձան նրա մասը։ Ռուսաստան տեղափոխման և անխնա օգտագործման պատճառով հավաքածուի մի մասը կորավ, գողացվեց կամ ոչնչացավ[1]։
1920-ական թթ., լեհ-խորհրդային պատերազմի և Ռիգայի պայմանագրի արդյունքում ՌԽՖՍՀ-ի կառավարությունը հավաքածուի մոտավորապես 50 հազար նմուշ վերադարձրեց Լեհաստանին։ 1944 թ. հոկտեմբերին, Վարշավայի ապստամբության ճնշումից հետո, գերմանացի զինվորները գիտակցաբար ոչնչացրին այդ հավաքածուն։ Փրկվեցին միայն 1800 ձեռագրեր և 30 հազար տպագիր նյութեր[1]։
Այսօրվա Լեհաստանի ազգային գրադարանը, որը հիմնադրվել է 1928 թ., համարվում է Զալուսկիների գրադարանի ժառանգորդը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «FYI France (sm)(tm) Ejournal Archive»։ www.fyifrance.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-01-ին։ Վերցված է 2020-07-24