Երկարագուլպա Պիպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Երկարագուլպա Պիպին
Pippi Långstrump
Հեղինակ Աստրիդ Լինդգրեն
Տեսակ գիրք
Ժանր մանկական վեպ
Բնօրինակ լեզու շվեդերեն
Կերպար(ներ) Երկարագուլպա Պիպի
Նկարազարդող Ingrid Vang Nyman
Երկիր Flag of Sweden.svg Շվեդիա
Հրատարակիչ Rabén & Sjögren
Հրատարակման տարեթիվ նոյեմբեր 1945
ԳՄՍՀ 0-14-030957-8
OCLC 2798770

Երկարագուլպա Պիպին, (շվեդ.՝ Pippi Långstrump) վեպ երեխաների համար, որի հեղինակը մանկագիր Աստրիդ Լինդգրենն է: Այն առաջին անգամ հրատարակվել է 1945 թ. Ինգրիդ Վանգ Նյումանի նկարազարդումներով: Գիրքը պատմում է չարաճճի և անսովոր ուժի տեր աղջնակի՝ Երկարագուլպա Պիպիի մասին:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գաղափարը ծնվել է Աստրիդ Լինդգրենի դստեր՝ Կարինի շնորհիվ: 1941 թ. Կարինը հիվանդանում է թոքերի բորբոքումով և խնդրում մորը իրեն հեքիաթներ պատմել, իսկ մի օր էլ պատվիրում է պատմել Պիպիի մասին, որ շվեդերեն նշանակում է գիժ ու քմահաճ երեխա: Այսպես ծնվում է Պիպիի կերպարը: Մինչև 1944 թ. Լինդգրենը հեքիաթները գրի չէր առնում, այլ պարզապես պատմում էր իր դստերը, սակայն դրանք որոշում է թղթին հանձնել, երբ ոտքի կոտրվածքի պատճառով երկար ժամանակ գամված է լինում անկողնուն: «Bonnier» հրատարակչությունից մերժում ստանալուց հետո բնագիրը հաջորդ տարի տպագրվում է «Rabén and Sjögren» հրատարակչության կողմից՝ այդուհետ դառնալով մանկական գրականության ամենահայտնի գործերից մեկը: Գիրքը թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով և բազմիցս էկրանավորվել:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գլխավոր հերոսը Պիպի անունով մի 7-ամյա աղջիկ է, ով Փիթր Փենի պես մեծանալ չի ցանկանում: Նա ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, սակայն իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ: Պատճառն այն էր, որ մայրը վաղուց մահացել էր, իսկ հայրը անհետ կորել էր ծովում: Հայրը նավապետ էր, և Պիպին հոր և նրա նավաստիների հետ շրջել էր աշխարհով մեկ, ապրել նրանց ապրելակերպով և սովորույթներով: Այսպես նա դարձել էր ազատ, ինքնուրույն և վիթխարի ուժի տեր աղջիկ, այլ կերպ ասած` տարօրինակի մեկը առօրյա կյանքի համատեքստում:  

Պիպին անսահման երևակայություն և հոգու ազատություն ուներ, որոնց շնորհիվ ստեղծում է կեղծ ու մտացածին պատմություններ և ներկայացնում դրանք իբրև իրականություն: Նա ոչ թե ստում է խարդախելու կամ դիմացինին օգտագործելու նպատակով, այլ միայն զվարճանալու համար: Հենց դա էր պատճառը, որ նա երբեք չէր տարբերակում բարոյական նորմերը և չէր հասկանում դրանց անհրաժեշտությունը: Հետևաբար, նրա համար շատ դժվար էր քաղաքավարի լինելը. այն ամենը, ինչ դարձնում է մարդուն քաղաքավարի, նրան օտար էր: Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր:

Վիլլա Վիլեկուլայում բնակություն հաստատելուց հետո Պիպին ծանոթանում է հարևանությամբ բնակվող երեխաների՝ Թոմիի և Անիկայի հետ և միանգամից ընկերանում: Թոմին և Անիկան, ինչպես մնացած բոլորը, նման չեն Պիպիին, սակայն նրանք միակն են, որ ընդունում են Պիպիի անսովոր պահվածքը, հիանում նրա ինքնուրույնությամբ, ազատ կամքով և ուժով: Պիպին չի թողնում, որ նրանք ձանձրանան, և ուղեկցում է իր բազում խենթ արկածների գիրկը:

Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

1.    Պիպի Երկարագուլպա — գլխավոր հերոս

2.    Թոմի — քաղաքավարի և բարեսիրտ տղա, Պիպիի հարևանը և ընկերը

3.    Անիկա — Թոմիի քույրը, ամաչկոտ, համեստ և փոքր–ինչ վախկոտ աղջնակ

4.    Էֆրաիմ — Պիպիի հայրը, նավապետ, ով նավաբեկության է ենթարկվել մի կղզում և անհետ կորել, սակայն Պիպիի պնդմամբ՝ նա հայտնվել է սևամորթների կղզում ու դարձել նրանց թագավորը

5.    Պարոն Նիլսոն — Պիպիի կապիկը

Պատմության առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Լինդգրենը Պիպիին ներկայացնում է Անիկայի և Թոմիի հիացած, զարմացած, երբեմն էլ սարսափած աչքերով: Պիպին անում է այն ամենը, ինչ երեխաները չպետք է անեն. բացահայտ ստում է, չի ենթարկվում որևէ իշխանության: Նա նաև տարբերվում է իր արտաքինով՝ կարմրավուն մազերով, դեմքին ժողովված պեպեններով, հոր մեծ կոշիկներով: Կարելի է ասել, թե Պիպին աքսորյալ կերպար է, ով ապրում է իր անարխիստական աշխարհում և մերժված լինելուց տրտնջալու փոխարեն վայելում է իր ազատությունը: Այսպիսով՝ նա հեղաշրջում է աղջկա կամ կնոջ մասին ձևավորված հնամենի պատկերացումները, խրախուսում նրանց լինել ավելի ինքնավստահ, հավատալ սեփական ուժերին: Մոխրոտի և Սպիտակաձյունիկի կերպարներից հետո Պիպին գրականության, ապա նաև հասարակության մեջ դառնում է կնոջ էվոլյուցիոն տեսակ: Եթե Մոխրոտն ու Սպիտակաձյունիկը պասիվ կերպարներ են՝ կախված ուժեղ արական սեռից, ով պետք է գա և փրկի իրենց, ապա Պիպին փրկվելու կարիք չունի, ավելին՝ ինքն է հաճախ մյուսների փրկիչը:  

 1945 թ. ի վեր Պիպիի ըմբոստ կերպարը ոգեշնչող է դարձել շվեդ երեխաների համար, դարձել է ուսումնական համակարգի բազում նորամուծությունների խթան, խրախուսել է երեխաներին դառնալ թույլերի պաշտպանը: Պատմությունը գրական ասպարեզից դուրս է եկել, դարձել քաղաքական իրարանցման պատճառ: Իր հակաիշխանական միտումների պատճառով այն մի շարք ամբողջատիրական երկրներում համարվել է արգելված գրականություն: Պիպիի փայլուն հաղթանակը աշխարհի ամենաուժեղ տղամարդուն՝ Ուժեղ Ադոլֆին, հնարավոր է՝ հղում է Ադոլֆ Հիտլերին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գիրքը գրվել է 1944 թ.:

Գուցե Աստրիդ Լինդգրենը «Երկարագուլպա Պիպիում» քաղաքական մտորումների տեղիք տալու նպատակ ի սկզբանե չի ունեցել, սակայն գրականությունը երբեք անկախ չէ այն քաղաքական համատեքստից, որում գրվում է: Ավելին՝ այն անկախանում է հեղինակից, ինչպես Ռոլան Բարտը կասեր, հենց հեղինակի մահով: 

«Երկարագուլպա Պիպին» հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը թարգմանվել է մի քանի տասնյակ լեզուներով և վերահրատարակվել մի քանի անգամ:

Հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2013 թ. «Զանգակ» հրատարակչության կողմից` Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ[1]: Իսկ 2016 թ. տպագրվել է «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին» պատկերագիրքը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pippi Longstocking»։ Zangak (անգլերեն)։ Վերցված է 2017-06-08 
  2. «Do You Know Pippi Longstocking?»։ Zangak (անգլերեն)։ Վերցված է 2017-06-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը՝ http://www.sweden.se/pippi (անգլ.)