Երգիծական մանրապատումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանրապատումներ
Ենթավերնագիր«Երգիծական մանրապատումներ»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ստեղծման տարեթիվ1893-1894
ՎիքիդարանԵրգիծական մանրապատումներ

«Երգիծական մանրապատումներ», Հովհաննես Թումանյանի անավարտ շարքերից, որում ծաղրում է ժամանակի մշակութային կյանքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի երրորդ հատորում։ Ինքնագրի էջերում պահպանվել է «Տարազ» շաբաթաթերթի խմբագիր Տիգրան Նազարյանի մակագրությունը։ Դրանից երևում է, որ խմբագիրը մտադիր էր 1894 թվականին տպագրել շարքն իր շաբաթաթերթում։ Նույն թվականին լրանում էր նաև «Նոր դար» թերթի տասնամյակը։ Թումանյանը անդրադարձել է դրան ծաղրանքով։ Բացի այդ՝ շարքում տեղ է գտել «Մուրճ»-ի խմբագիր Ավետիք Արասխանյանի և հրատարակիչ Փիլիպոս Վարդազարյանի միջև ծագած վեճն ու պառակտումը 1893 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Պարզ է դառնում, որ երկը գրվել է 1893 թվականի վերջերին (դեկտեմբերին) կամ 1894 թվականի սկզբներին (հունվարին)։ «Ճեմարանն ավարտողներին» մանրապատումի տարբերակը թյուրիմացաբար, որպես նամակ, տպագրվել է նաև «Գրական թերթ»-ում[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է ութ մանրապատումներից՝

  • «Երգիծական մանրապատումներ»
  • «Կարելի է, թե չէ»
  • «Ճեմարանն ավարտողներին»
  • «Հայոց գրողներին»
  • «Անմիություն կամ որն է խենթ»
  • «Դարձյալ կռիվ կամ տեսուչն է մեծ, թե սանահայրը»
  • «Թատրոնումն էլ կռիվ»
  • «Էջմիածին էլ են կռվում»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երգիծական մանրապատումների» առաջնահատվածում ինքնահեգնանքի միջոցով հեգնում է բոլոր թերթերի խմբագիրներին, ովքեր թերթ են թողարկում միայն իրենց պատկերը «Տարազ»-ում տպելու համար։ Թերթ է բացում նաև ինքը՝ անունը դնելով «Նոր տարի»։

Թումանյանը հակադրվում է քաղքենիական-տիրացուական հակամարտությանը, որը արտահայտվում էր «Նոր դար» թերթում[2]։ «Կարելի է, թե չէ» մանրապատումի մեջ ծաղրում է «Նոր դար»-ին ու նրա հետևորդներին։ Հետևորդներն իբրև շփոթում են «Նոր տարի»-ն «Նոր դար»-ի հետ և սկսում թվարկել նրա արժանիքները, որ նրանք առաքելական եկեղեցին քանդողների հետ են կռվել, կանանց իրավունքներն են պաշտպանել, քաղցած ու մերկ շարունակել են իրենց գործը։ Բայց հանկարծ մտնում է ոստիկանը և ցանկանում ձերբակալել Թումանյանին՝ իբրև «Նոր դար»-ի խմբագիր՝ կրկին շփոթմամբ։

«Ճեմարանն ավարտողներին» մասում խոսում է Բարեգործական ընկերության մասին, որը մերժում էր ցանկացած բարի գործի դիմում, եթե չկա նրա մեջ աստված բառը։

«Հայոց գրողներին» հատվածում դիմում է հենց հայ գրողներին ու պատճառաբանում, թե ինչու ապահովության ֆոնդը չի գործի. «Մուրճ»-ի եղանակները խառնվելու պատճառով։ «Անմիություն կամ որն է խենթ»-ում պարզաբանում է կատարվածը։ Հրատարակիչը առանց որևէ իրավունքի աշխատավարձ էր տալիս աշխատակիցներին։

«Դարձյալ կռիվ կամ տեսուչն է մեծ, թե սանահայրը» մանրապատումի մեջ անդրադարձել է Ներսիսյան դպրոցում տեսուչի ու տեսուչի օգնականի կռվին։ Տեսուչ Կոստանյանը, ցանկանում էր դուրս վռնդել իր օգնականին՝ Մանդինյանին։ Սակայն պարզվում է, որ վերջինս հինգ հոգաբարձուի սանահայր է։ Ի սեր իր պաշտոնի Կոստանյանն է ներողություն խնդրում իր օգնականից։

«Թատրոնումն էլ կռիվ» մանրապատումում Պեննեմեճյանը սուտ հրաժարական էր տվել թատրոնից, որ կոմիտեն խնդրի նրան ետ վերադառնալու համար, որը սակայն չէր եղել։

«Էջմիածին էլ են կռվում» հատվածում Աղայանցին անվանում է ժողովրդի սիրելի «Քյոռօղլի», ով սակայն գնացել է Էջմիածին[1] (Ղազարոս Աղայանը ինքն իրեն անվանում էր Քյոռօղլի[3]):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/813 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.
  2. Մկրյան, Մկրտիչ (1981). «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը». «Սովետական գրող» հրատարակչություն. էջ 324.
  3. «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.