Երգիծական բանահյուսություն (Շիրակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երգիծական բանահյուսությունը Շիրակում դրսևորվել է բանավոր երգաստեղծության տարբեր ժանրերում՝ անեկդոտ, տեղական զրույցներ, ժողովրդական խաղիկներ, կշտամբանքի խոսքեր, առածներ ու ասացվածքներ, մականուններ և այլն։ Շիրակի երգիծական բանահյուսության նմուշները փաստում են, որ Գյումրին ամփոփում է Ալաշկերտից, Բասենից, Էրզրումից, Կարսից գաղթած հայերի քաղաքային բանահյուսությունն ու հումորը։ Նմուշներում կան հանկարծաստեղծության տարր ու ինքնաստեղծման տաղանդ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 19-րդ դարավերջից գրառված Շիրակի երգիծական բանահյուսության նմուշները դարձել են տարբեր հավաքների անբաժան մասը։ Անեկդոտ եզրը հունական է,սակայն դարձել է Գյումրի քաղաքը բնութագրող երևույթ։ Հումորի, ծիծաղ շարժող պատմությունների ու մանրապատումների (գյումրեցիներն անվանել են «մազալու պատմություններ») ծագումնաբանությունը կարելի է բացատրել տեղացիների կենսասիրությամբ, նաև այլ քաղաքներից, Մերձավոր Արևելքի բնակավայրերից առևտրականների հոսքով, որոնք բերել են իրենց մանրապատումները, զվարթ պատմությունները, որոնք պատմել են երկար գիշերների ընթացքում՝ ստեղծելով մրցություն։ Դրա ընթացքում կատակաբանները կազմակերպել են «մեջլիս»։ Հումորային պատմությունը հաճախ ներկայացվել է ժողովրդական թատերախաղերի ձևով։

19-րդ դարասկզբին եղել է սիրված թափառաշրջիկ դերասան, անունը՝ Կոլյա, նա քաղաքային շուկայում «բեմ» է սարքել և ներկայացրել տեղացի «երգիծաբանների» զվարճալի պատմությունները։ Անեկդոտներ ու մանրապատումներ հնչել են քաղաքային այգում, բաղնիքներում, շուկաներում, նույնիսկ եկեղեցու բակում։ Հաճախ այդ պատումների հիմքն իրական էր։ Հումորային զվարճալի պատմություններ են հորինել ու պատմել նույնիսկ աղետների, ողբերգական իրադարձությունների ժամանակ՝ փորձելով այդպես հաղթահարել իրավիճակի անելանելիությունը։

1980-ականներին Արամայիս Սահակյանը («Ոզնի» հանդեսի գլխավոր խմբագիր) Գյումրիում նախաձեռնել է Ապրիլմեկյան հումորի երեկոներ։ Հայաստանի միակ քաղաքն է, ուր խորհրդային տարիներին հիմնվել է առաջին ոչ պետական թատրոնը՝ «Հումորի տուն» անվամբ։

Գյումրին համեմատել են Բուլղարիայի Գոբրովո քաղաքի հետ՝ անվանելով ծիծաղի հայաստանյան մայրաքաղաք։

2017 թվականին լույս է տեսել «Կատակում են գյումրեցիները» երգիծաթերթը՝ հրապարակելով նաև հեղինակային ծաղրանկարներ, զվարճալի պատմություններ։ Գյումրու շենքերի պատերին նույնպես հայտնվել են հումորային պատմություններ, որոնք մեծացրել են զբոսաշրջիկների հետաքրքրությունը քաղաքի նկատմամբ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակցու հումորը դիմադարձություն է․ հումոր անողն իր զգացողություններով ունենում է աշխարհի կառուցվածքը բեկելու կամ բարեփոխելու նպատակ։ Շիրակցին ապրում է հումորը, որը հաճախ այլախոսիկ է, գաղտնագրված․ բողոքը, ըմբոստությունն ու սերը հումորի «փամփուշտով» են, գրոտեսկային, երբեմն ինքնաոչնչացնող հումոր[1]։ Երկրաշարժից հետո ստեղծված հումորը սոցիալական բողոք էր, բնակիչներից հաճախ կարելի էր լսել նմանատիպ տեքստեր՝ «Ժաշկից առաջ տունն էինք մնացել, ժաշկից հետո դուսը մնացինք»։ Երգիծանքը կամ հումորը մարդկային արժևորման, գնահատման ձև է։ Երգիծանքի ընկալումն ու գնահատումը անհատական, սուբյեկտիվ է։ Երգիծանքը նաև գեղագիտական կատեգորիա է, այն հանդուրժող (հումոր) կամ սկզբունքորեն մերժող (սատիրա, սարկազմ) քննադատության ձև է։ Սրամիտ խոսքը այստեղ ծնվում էր մեծ կենսաճանաչողությունից։ Գյումրեցիներին հատուկ է շրջահայացությունը,, փիլիսոփայելու բնածին հակումը։ Գյումրու անեկդոտներում առանցքը «հերոսների» բնավորություններն ու վարքագծերն են։ Սրամտություններն այստեղ ունեն աֆորիզմային արժեք ու իմաստ։ Հումոր անողը չափազանց լուրջ է մոտենում իր ասածին, որովհետև ասածը պետք է լինի համոզիչ, այլապես կշրջվի հենց իր դեմ։

Երգիծանքին բնորոշ է խոսքի մեջ գյուտի հանկարծակիությունը և չափազանցումը։ Գյումրիի հայտնի զվարճախոսներից էին, ինչպես գյումրեցիներն էին ասում՝ ներսի ու դրսի անուն ունեցող տղերքը՝ Պոլոզ Մուկուչը, Ծիտրո Ալեքը, Ջղեր Խաչիկը, Չոփուռ Սուրենը և այլք։

Պոլոզ Մուկուչին հարցրել են՝ ընչի՞ բոլոր գյումրեցիք էրկու անուն ունին, պատասխանել է՝ մենք բացի մարդու դուսը աշելուց, նեսն էլ կաշենք։

Պոլոզ Մուկուչը անչափ սրամիտ մարդ է եղել, կատակ է արել լուրջ դեմքով, իսկ ներկաները ծիծաղից ուշաթափվել են։

Մականուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրեցիները նաև մականուններ են տվել մարդկանց։ Ահա մի քանի օրինակ․

  • Արդար Մանուկ- իր մականունն ստացել էր Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու խաչը գագաթ հանելու համար,
  • Գյուման Կարո- հույս էր բոլորի համար,
  • Չանգի Խաչո- Ալեքսանդրովսկու անկյունում խանութ ուներ,
  • Կախեթի Մուկուչ- գինու պահեստ ուներ,
  • Այհայ Խաչատուր- շատ խիստ, «սարթ» մարդ էր, փողոցով անցնելիս կանայք ոտքի են կանգնել։ Մի անգամ հարսներից մեկը տեղից չի բարձրացել, ասել է՝ այհա՜յ, էս ո՞ւմ հարսն է, որ ոտքի չի կանգնի։ Գյումրիի 14 փողոցը նրա անունով ժողովուրդը կոչել է Այհայի դար,
  • Սելավի Ակո- ապրել է Ձորի թաղում, Գյումրիում սելավ է եղել, Ակոյի կնոջն ու երեխային ջուրը օրորոցով քշել տարել է։ Ակոն ասել է՝ թուխսը ձագով եմ կորցրել։ Գերեզմանի քարին գրած է՝ Սելավի Ակո։
  • Գաթաճի Կարո- փուռ են ունեցել, ասում են՝ ընպես գաթա են թխել, աբրեշումի նման բերնիդ մեջը կհալիր։
  • Ղասաբ Համո (Պիճիկյան)- կովին հեռվից նայեր, ճիշտ կասեր՝ քանի կիլո է։
  • Ղարիբ Կարո- ոսկերիչ էր, ծնվել էր Կարինում, տեղափոխվել Կարս, ապա՝ Ալեքսանդրապոլ։ Քանի որ ուրիշ քաղաքից էր,

ղարիբ էլ մնաց, չձուլվեց քաղքին։ Պատվախնդիր ու հպարտ

  • Երկան Ալեքը՝ պատվախնդիր, հպարտ մարդ,
  • Կռնկի Գիրքոր (կառապան),
  • Ճերմակ Համոն՝ ճերմակ երեսով ու ճերմակ խալաթով խանութպան, և ուրիշներ։

Նրանց մասին ստեղծվել են փոքրիկ զվարճախոսություններ․

Էղել է, օր էղել է,
Ճերմակ Համոն խելըռել է,
Ես ի՞նչ էնեմ՝ խելըռել է,
Դու ի՞նչ էնես՝ խելըռել է,
Կնիկը տունը մոլըրել է[2]...

Որոշ մականուններ տրվել են ամբողջ տոհմին ու գերդաստանին։ Տիպական մի անձին տրված մականունը ընդհանրական էր տոհմի համար․

  • Անարժան Հարուստենք- ըստ ժողովրդի՝ էդ հարստությանն արժանի չէին, քանի որ քրտինքով չէին աշխատել, գտել էին),
  • Միլիոն Մանեթենք - մե մանեթով հաց են ծախել. մանեթ-մանեթ՝ միլիոն մանեթ,
  • Բոբլիկենք- թոռը պատմել է՝ պապս իր հարսանիքին սեղանների վրա ուրախությունից բոբլիկ ոտներով էնպե՜ս է պարել, որ ոչ մի ափսե տեղից չի շարժվել, էդպես Բոբլիկենք են ասել։
  • Դրամփյանների գերդաստանը քաղաքում հարգանք ու պատիվ է վայելում։ Ասում են՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման հանգանակությանը սեղանին ոսկով մի խոշոր գումար են «դրմփացրել», այդպես ստացել են գերդաստանի մականունը։
  • Եղշատովների հայտնի գերդաստանի նախնիները Էրզրումցիներ են եղել։
Հովհաննես պապս, ամենագետ Եղշատովի՝ Հարությունի եղբայրը, Ալեքպոլում շատ հայտնի արհեստավոր է եղել՝ ոսկեձեռ վարպետ, փականագործ ու շինարար։ Նախկինում գյումրեցի արհեստավորները սպիտակ կաշվից գոգնոց են կրել։ Պապս լաբլաբու քիշմիշ, Բաղդադի խուրմա, յուղ է լցրել գր- ները, տուն բերել՝ լավ նայել է ընտանիքին։ Հետի աշխատողները մտածել են, թե ինչ մականուն «կպցնեն» նրան։ Օրինակ՝ ինչո՞ւ «Ճենճոտենց» չանվանեն։ Արհեստավորներից մեկն էլ առաջարկել է․«Չէ՛, արեք «Եղշատենց» կոչենք, Հովհաննեսը եղ շատ կսիրե, տունը եղ շատ կտանի»։ Էդպես էլ մնացել է, և մեր գերդաստանի Պետրոսյան ազգանունը դարձել է Եղշատով[3]։:
- Գոհար Եղշատյան, Եղշատովների տոհմի շառավիղներից

Հարություն Եղշատյանն էլ տոհմի հայտնի անուններից է, զարմուհին պատմել է, որ հորեղբայրը եղել է զագս-ի վարիչ, լավ հիշողություն է ունեցել, մտապահել է ամբողջ արխիվի տեղեկությունը, տեղյակ է եղել՝ ով ամուսնացավ, ով նշանելու աղջիկ կամ տղա ունի, բանակ ճանապարհելո զավակ։ Տոհմի շնորհն է եղել բանիմացությունը, և այս արտահայտությունը դարձել է քաջատեղյակությունը բնութագրող թևավոր խոսք[4]։ Այժմ էլ, եթե մեկը շատ բանիմաց է, ինչ-ինչ հարցերում քաջատեղյակ, ասում են․«Այ մարդ, հո դու Եղշատովը չե՞ս»։

Շիրակցին հումորն այնպես է կառուցում, որ տեքստը նույնիսկ իր համար է դառնում անսպասելի։ Փոքր սյուժեների մեջ էլ աննշան իրողությունները դարձնում է մազալու պատմություն։ Օրինակ՝ Գմփըռ Օնիկը /Ղարագյոզյան/, որը շատ գեր մարդ էր, մեռնելուց առաջ ասել է. «Դարդս մեռնելը չէ, ըսա՝ քաղաքը ֆորմից չընկնի»։

Գյումրեցու հումորային տեքստերն ու պատումները յուրահատուկ են նաև խոսքի պատկերավորման տարբեր միջոցներով, օրինակ՝ «ըմբես կխոսան, ինչխոր ձեթը կաթե ճրագը»։ Հիշոց-հայհոյանքները բանաստեղծական հորինումներ են հիշեցնում՝ աստիճանավորման հնարով։ Օրինակ՝ ես քեզի վարող-վաստկողի գլխու քարին, դոշի վարդին, սրտի սալին, խունկխեծակին, ճարպ-ճրագին…[5]: Նույնիսկ կշտամբանքի խոսքերը հումորայի երանգ են պարունակում․ «Փուշ կուլ տված օչխըրի պես էրեսըս մի՛ աշե», կամ՝ «Ղուրբանս էղնիք ընտանյոք հանդերձ» և այլն։ Եվրոպայի չեմպիոններ տված Գյումրի քաղաքի բնակիչները Հռոմի պապի այցից հետո կատակում են. «Գյումրի մեդալ բերելը դարձել էր անհետաքրքիր՝ բռնինք Հռոմի պապին բերինք»։ Նույնիսկ գերեզմանաքարերի գեղարվեստական մակագրություններում է հումորն անպակաս։ Գյումրիի հին գերեզմանատան տապանաքարերից մեկին գրված է՝ «Լի՛ց, ան էկա»։ Սև հումորի արտահայտություն է մահարձանի այս էպիտաֆիան՝ «Սիրելի մայրիկին՝ որդիներից, բացի Վլադից»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Հովհաննիսյան, ՇԻՐԱԿԻ ԱՐԴԻ ԵՐԳԻԾԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ,ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, «Գիտական աշխատություններ», հ․ 25, 2022։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կայքէջը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ․Հովհաննիսյան, Շիրակի արդի երգիծական բանահյուսությունը , էջ 53։
  2. Ռ․ Հովհաննիսյան, նշվ․ աշխ․ էջ 55։
  3. Ռ․Հովհաննիսյան, նշվ․աշխ․, էջ 56։
  4. Գյումրի -2009, Գյումրի քաղաքը և մարդիկ, Գյումրու քաղաքապետարան, էջ 219։
  5. Ռ․ Հովհաննիսյան, նշվ․ աշխ․, էջ 57