Երաժշտական ընկերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժշտական ընկերություններ

Երաժշտական ընկերություններ, երաժիշտների և երաժշտասերների միավորումներ։

Նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ընկերությունների երաժշտական մշակույթի տարածումն է, երաժշտական արվեստի որոշ տեսակների ուսումնասիրությունը։ Տարբերում են կատարողական (նվագախմբային, երգչախմբային, կամերային), ստեղծագործական (կոմպոզիտորական, երաժշտագիտական), գիտական և լուսավորական երաժշտական ընկերություններ։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ընկերությունները հիմնադրվել են XVI դարում Իտալիայում՝ «երաժշտական ակադեմիա» անվամբ, որոնք հիմնականում զբաղվել են երաժշտական գործերի կատարմամբ։ Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում ստեղծվել են XVII դարում՝ որպես «երաժշտական կոլեգիումներ»։ XIX դարում կազմակերպվել են տղամարդկանց երգչախմբային ընկերություններ Գերմանիայում (առաջինը՝ Բեռլինում, 1809 թվական), Ավստրիայում, Շվեյցարիայում, ավելի ուշ՝ Ֆրանսիայում (1835 թվականՌուսաստանում առաջին երաժշտական ընկերությունը հիմնադրվել է XVIII դարի վերջին («Երաժշտական ակումբ», 1772 թվական, Սանկտ Պետերբուրգ)։ Կան նաև միջազգային Երաժշտական ընկերություններ, որոնց մեծ մասը Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը կից միջազգային երաժշտական խորհրդի (հիմնադրում՝ 1949 թվական, Փարիզ) անդամ է։

Հայ իրականության մեջ առաջին երաժշտական ընկերությունը՝ «Քնար հայկականը», հիմնադրվել է 1862 թվականին Կոստանդնապոլսում։ XX դարիի սկզբին ստեղծվել են Սանկտ Պետերբուրգի հայ գեղարվեստական (1903 թվական), Մոսկվայի հայ խմբերգային (1910 թվական), Թիֆլիսի հայկական խմբերգային (1910 թվական), Արևելյան երաժշտական (1907 թվական), «Երաժշտական լիգան» (1908 թվական), Հայոց երաժշտական (1912 թվական), Հայ երաժշտական տեսաբանների (1919 թվական) և այլն ընկերություններ, խորհրդային տարիներին` Հայաստանի պրոլետական երաժիշտների ընկերակցությունը (1930 թվական), Հայաստանի երգչախմբային (1958 թվական), Հայաստանի երաժշտական (1987 թվական) և այլ ընկերություններ, անկախության տարիներին՝ «Հայ փոքրիկ երգիչներ» մանկական միջազգային ընկերակցությունը (1993 թվական) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։