Ենգիբարովին հանդիսատեսներից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենգիբարովին հանդիսատեսներից
ռուս.՝ Енгибарову — от зрителей
Տեսակպոեզիա
Ժանրպոեզիա
ՀեղինակՎլադիմիր Վիսոցկի
Գրվել է1972
Հրատարակվել է1987

«Ենգիբարովին հանդիսատեսներից»[1] (ռուս.՝ «Енгибарову — от зрителей», «Ծաղրածուն գող էր. նա գողանում էր րոպեներ» («Шут был вор: он воровал минуты…»), «Բանաստեղծությունների ու երգերի եռահատոր ժողովածուում» («Собрание стихов и песен в трех томах», 1988)՝ «Ենգիբարովին՝ ծաղրածուին հանդիսատեսներից» («Енгибарову — клоуну от зрителей»[2]), Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությունը, որը նա գրել է 1972 թվականին։ Բանաստեղծությունը նվիրված է ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակին, որը մահացել է նույն թվականի ամռանը։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին «В мире книг» ամսագրում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունը պատմում է գող ծաղրածուի մասին, որը հայտնվում է «երբեմն գլխին հիմար մի թասակ»[3] ու գողանում տխուր պահեր, թախիծ այն մարդկանցից, ովքեր եկել են իրեն տեսնելու։ Հանդիսատեսները, սովոր լինելով, որ ծաղրածուն պետք է ծիծաղելի լինի, բողոքում են, որ նա բավականաչափ ծիծաղելի չէ՝ ոչ մի անգամ չնկատելով տխրության կորչելը։

Ինքը՝ ծաղրածուն, վերցնելով այլ մարդկանց վիշտերը, ինքն էլ ավելի է տխրում, «Քանի որ ուրիշի վշտի բեռը || Ըստ սովորության, նա համարում էր իրենը»։ Ի վերջո, ուրիշի վշտի բեռը, որը դարձել է իր սեփականը, դառնում է անտանելի, այնպես որ դերասանը խեղդվում է վշտից, և նրա մեջքը կոտրվում է։ Նա մահանում է հենց փողոցում՝ անցորդների աչքի առաջ, որոնց թվում է, թե որևէ հարբեցող է ընկել։ Հեղինակը վերջին անգամ հարգանքի տուրք է մատուցում նրան. «Այս հնարքն այլևս մնջախաղ չէ. || Մահն էր՝ մնջախաղի թագուհին» (ռուս.՝ «Этот трюк — уже не пантомима: || Смерть была — царица пантомим!»)։

Ստեղծման հանգամանքներ, հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ենգիբարյանը խորհրդային կրկեսային արտիստ է, ծաղրածու, որն ուներ ոչ ստանդարտ խաղային տեխնիկա և հայտնի էր ԽՍՀՄ-ում 1960-ականներին և 1970-ականների սկզբին (1971 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում)։ Ենգիբարովը մահացել է սրտի հիվանդությունից 1972 թվականի ամռանը՝ 37 տարեկան հասակում։ Մարինա Վլադին «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք» (ռուս.՝ «Владимир, или Прерванный полёт») գրքում Վիսոցկու վերաբերմունքը Ենգիբարովի նկատմամբ նկարագրել է որպես «անսահման քնքշություն» և «փոխադարձ հիացմունք»՝ նշելով, որ նրանք հաճախ էին հանդիպում Յուրի Նիկուլինի կրկեսում։ Նրա խոսքով՝ երբ Վիսոցկուն հեռախոսով հայտնել են Ենգիբարյանի մահվան մասին, նա արտասվել է[4].

Ենգիբարովը մահացել է։ Այսօր առավոտյան Գորկու փողոցում նրա սիրտը վատացել է, և ոչ ոք չի օգնել. նրանք մտածել են, որ հարբած է։ <...> Նա մահացել է շան պես, հենց մայթին։

Մարինա Վլադի, «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք»

Այս վկայության ստույգությունը վիճարկում է Վիսոցկու ստեղծագործության հետազոտող Վիկտոր Բակինը, որը նշում է, որ 1972 թվականի հուլիսի 25-ին Ենգիբարովը մահացել է ոչ թե փողոցում, այլ իր տանը[5]։ Վիսոցկու ստեղծագործության մեկ այլ գիտակ՝ Վլադիմիր Նովիկովը, այս անհամապատասխանությունը վերագրում է այն փաստին, որ Վիսոցկին, որը 1972 թվականի ամռանը եղել է Մերձբալթիկայում՝ «Չորրորդը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, աղավաղված տեղեկատվություն է ստացել երկրորդ անձից՝ ինչ-որ մեկից, որը Մոսկվայից Յուրմալա էր գնացել Ենգիբարյանի մահվաից մի քանի օր անց[6]։

«Ենգիբարովին հանդիսատեսներից» բանաստեղծությունը գրվել է ծաղրածուի մահից անմիջապես հետո, որոշ աղբյուրների համաձայն՝ 1972 թվականի օգոստոսին[7], մյուսների համաձայն՝ արդեն նրա հուղարկավորության ժամանակ[8]։ Կրկեսի հետ Վիսոցկու կապին նվիրված «Էխո Մոսկվիի» հաղորդման ժամանակ Անտոն Օրեխը հայտնում է, որ արդեն 1972 թվականի օգոստոսին Վիսոցկին բանաստեղծությունը կարդացել է կապիտան Անատոլի Գարագուլայի համար։ Ըստ հաղորդման հեղինակի՝ դա այս բանաստեղծության հեղինակային կատարման միակ պահպանված ձայնագրությունն է[9] (2009 թվականին այդ միակ կատարումն ընդգրկվել է Օլեգ Վասինի «Բանաստեղծը և ծաղրածուն» (ռուս.՝ «Поэт и клоун») վավերագրական ֆիլմում, որը նվիրված է Վիսոցկուն և Ենգիբարյանին)։ Բանաստեղծության տեքստը հրապարակվել է 1987 թվականին «В мире книг» ամսագրում (№ 7)[10]։ Հեղինակային ընթերցումից բացի, հայտնի է Վսեվոլոդ Աբդուլովի կատարումը, որը ներառվել է «Վլադիմիր Վիսոցկի. ...Գոնե մի քիչ էլ կանգնեմ եզրին...» («Владимир Высоцкий — …Хоть немного ещё постою на краю…») կրկնակի ալբոմի երկրորդ ձայնասկավառակում, որը թողարկել է «Մելոդիա» ընկերությունը նաև 1987 թվականին[11]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսոցկու ստեղծագործության հետազոտողները նշում են «Ենգիբարովին հանդիսատեսներից» բանաստեղծության (որը Վ. Բակինն անվանում է Վիսոցկու «ամենախոցող և դառը բանաստեղծություններից մեկը»[7]) կապը հեղինակի կյանքում և ստեղծագործություններում համլետյան թեմայի հետ։ Այսպես, Վլադիմիր Նովիկովը մատնանշում է ռիթմի համընկնումը Բորիս Պաստեռնակի «Гул затих. Я вышел на подмостки…» (որը Վիսոցկին ներկաայցնում էր Տագանկայի թատրոնի «Համլետ» ներկայացման սկզբում երաժշտության ներքո)[6], իսկ Անատոլի Կուլագինը զուգահեռ է անցկացնում այդ բանաստեղծության «մռայլ» ծաղրածուի կերպարի և Վիսոցկու մեկ այլ ստեղծագործության՝ «Իմ Համլետը» երկի կերպարների միջև, ընդ որում՝ ոչ միայն ծաղրածու Յորիկի, այլև քնարական հերոսի, որը դաստիարակվել է ծաղրածուի կողմից և սովորել է թաքցնել «գաղտնի հայացքը, երբ նա զայրացած է և վշտացած»։ Այս բանաստեղծությունները կապող ևս մեկ առանձնահատկություն Կուլագինը համարում է ամբոխի կողմից չհասկացվելու մոտիվը[12]։

Նովիկովը նշում է նաև Պաստեռնակի մեկ այլ՝ «Слишком многим руки для объятья…» տողի համահունչ լինելը Վիսոցկու բանաստեղծության հետևյալ բառերին. «Слишком много он взвалил на плечи || Нашего — и сломана спина»։

Այդ տողերում Նովիկովը միաժամանակ զուգահեռ է տեսնում նաև «Ոճիր և պատիժ» վեպից այն մեջբերման հետ, որտեղ Սվիդրիգայլովը, խոսելով Ռասկոլնիկովի մասին, ասում է. «Շատ բան է վերցրել իր վրա»[6][13][14]։ «Ենգիբարովին հանդիսատեսներից» բանաստեծությունը մոտիվներով համեմատվում է նաև Աննա Ախմատովայի 1945 թվականի «Венок мертвым. I. Учитель» (հայ.՝ «Ծաղկեպսակ մեռածին։ I: Ուսուցիչ») բանաստեղծության հետ, որը ներկայացնում է մի մարդու կերպար, որը կլանել է ամբողջ թույնը, բոլորին խղճացել և ի վերջո խեղդվել է[15]։

Նովիկովի կարծիքով՝ ուրիշի վշտի մասին տողերը, որը ծաղրածուն իրենն էր համարում, նկարագրում են ոչ միայն Ենգիբարյանին, այլև հենց Վիսոցկուն[6]։ Մոտավորապես նույն ժամանակ գրված «Լարախաղացը» (ռուս.՝ «Канатоходец», «Натянутый канат», «Он не вышел ни званьем, ни ростом…») երգը միաժամանակ անվանում են ինքնակենսագրական և Ենգիբարյանի ճակատագրից ոգեշնչված[6][9] (Ենգիբարյանի խաղացանկում եղած համանուն մնջախաղի վրա, որը հայտնվել է մասնավորապես 1966 թվականի վավերագրական ֆիլմում, ուշադրություն է հրավիրել Ա. Սկոբելևը[12])։ Վիսոցկին, ինչպես և Ենգիբարյանը, մահացել է հուլիսի 25-ին, սակայն 1980 թվականին[7][9][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ գրատպության տարեգիրք 12/2010, Երևան։
  2. Владимир Высоцкий. Собрание стихов и песен в трех томах / Составители: А. Ан. Львов, А. Сумеркин. — New York, NY: Apollon Foundation & Russica Publishers, 1988. — С. 466.
  3. Բանաստեղծությունը հայերեն
  4. Марина Влади Владимир, или Прерванный полет. — Прогресс, 1989.
  5. Бакин В. Владимир Высоцкий: биография и биографы (Владимир Новиков. Высоцкий. М.: "Молодая гвардия", 2002) // Горизонт. — 2004. — № 47.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Новиков Вл. Высоцкий. Главы из книги. Продолжение // Новый Мир. — 2001. — № 12.
  7. 7,0 7,1 7,2 Бакин В. В. Леонид Енгибаров // Владимир Высоцкий без мифов и легенд. — Эксмо, 2011. — ISBN 978-5-699-53512-5
  8. Людмила Дикуль. (15 июля 2002). «Клоун с осенью в сердце. Любовь и смерть Леонида Енгибарова». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  9. 9,0 9,1 9,2 Антон Орехъ. (17 декабря 2016). «Высоцкий. Глава 41. «Шут был вор…»». Эхо Москвы. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  10. Владимир Высоцкий. Собрание сочинений в четырех томах / Составители и авторы комментариев В. И. Новиков, О. И. Новикова. — М.: Время, 2008. — Т. 3. Песни. Стихотворения. — С. 661. — ISBN 978-5-9691-0280-6
  11. Владимир Высоцкий — …Хоть Немного Ещё Постою На Краю…(անգլ.) Discogs կայքում
  12. 12,0 12,1 Кулагин А. В. «Я бился над словами „быть, не быть“…» (Исповедально-философская лирика. 1971 – 1974) // Поэзия Высоцкого: Творческая эволюция. — Изд. 3-е, переработанное. — Воронеж: Эхо, 2013. — С. 139—141.
  13. Ոճիր և պատիժ - ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարան
  14. ««Ֆեոդոր Դոստոևսկի, «Ոճիր և պատիժ» – grapaharan.org». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  15. Намакштанская И. Е., Романова Е. В., Намакштанский Я.В. Реминисценции как перекличка времён в творчестве В. С. Высоцкого // Мова i культура. — 2010. — В. 13. — Т. 4. — С. 244. Архивировано из первоисточника 5 Օգոստոսի 2016.
  16. Денис Бочаров (21 июля 2012). «Задержимся на цифре 25...». Культура. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Владимир Высоцкий. Енгибарову — от зрителей // Собрание сочинений в четырех томах / Составители и авторы комментариев В. И. Новиков, О. И. Новикова. — М.: Время, 2008. — Т. 3. Песни. Стихотворения. — ISBN 978-5-9691-0280-6