Եղբայրարյուն (լատին․՝ Diphelypaea), աղբերաց արյուն, ճրագախոտազգիների ընտանիքի բազմամյա, մակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3-4, Հայաստանում՝ 3 տեսակ՝ եղբայրարյուն կարմիր (D. coccinea), եղբայրարյուն ելենայի (D. helenae), եղբայրարյուն տուրնֆորի (D. tournefortii)։ Հանդիպում է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում է խոտածածկ և քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին։ Ցողունը խողովակաձև է, թավոտ, կարմիր։ Տերևներ չունի։ Ծաղիկը թավշանման է, խոշոր, մեկական, վառ կարմիր կամ նարնջագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, կարմիր գունակ։ Աստղածաղկազգիների ընտանիքի բույսերի (երիցուկ, տարկավան և այլն) մակաբույծ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։