Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին (ռուսերեն՝ "Братская помощь пострадавшим в Турции армянам"), գրական-գիտական ժողովածու, հրատարակվել է 1897 թ. Մոսկվայում (2-րդ հրտ., մշակ, և լրաց., 1898) հրապարակախոս և հասարակական գործիչ Գ. Ջանշյանի (Ջանշիև) նախաձեռնությամբ։ Ժողովածուի վաճառքից ստացված եկամուտը պետք է հատկացվեր Թուրքիայում 1895- 96 թթ. կոտորածներից տուժած հայերին։

Ժողովածուն բաղկացած է ներածությունից ու երկու բաժնից։ Ներածականի մեջ ամփոփված են հայ փախստականների վիճակի ու հայ որբերին օգնելու վերաբերյալ հոդվածներն ու նյութերը («Հանդիպում հայ վերաբնակների հետ», «Պաշտոնական տվյալներ թուրքական վայրագությունների մասին» և այլն)։

Առաջին բաժնում զետեղված են ընդհանուր բնույթի գրական ու գիտական հոդվածներ, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված ուսումնասիրություններ, որոնք տպագրելով՝ ժողովածուի խմբագրությունը հետամուտ էր ծանոթացնել ռուս հասարակայնությանը հայ ժողովրդի անցյալին ու ներկային։ Հոդվածների մի զգալի մասը, որ գրվել էր հատկապես ժողովածուի համար, հրատարակվել է առաջին անգամ։ Հեղինակներն էին ռուս գիտնականներ Կ. Տիմիրյազևը. Մ. Նիկոլսկին, Յու. Վեսելովսկին, Մ. Կովալսկին, Պ. Միլյուկովը, բանաստեղծներ ու գրողներ Կ. Բալմոնտը, Դ. Մամին-Սիբիրյակը, Վ. Կորոլենկոն, Վ. Գիլյարովսկին, նաև հայ գիտնականներ ու հրապարակախոսներ Գ. Խալաթյանցը, Լ. Մսերյանցը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Խախանովը, Մ. Բերբերյանը և ուրիշներ։ Բաժնում տրված են հայ մշակույթի գործիչներ Պ. Ադամյանի, Հ. Այվազովսկու, հայագետ-գիտնականներ Մ. էմինի, Գ. Պատկանյանի, ռուսական բանակի հայ գեներալներ Հ. Լազարևի, U. Տեր-Ղուկասովի, Մ. Լորիս-Մելիքովի, Բ. Շելկովնիկովի մասին նյութեր, Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի հայ համայնքների, հայ եկեղեցու, հայ գրականության պատմության և այլնի վերաբերյալ նյութեր։

Ժողովածուի երկրորդ բաժինը պարունակում է անմիջապես Թուրքիայի հայ բնակչության վիճակին ու 1894-96 թթ. կոտորածներին վերաբերող նյութեր։ Ժողովածուի կազմողները ճիշտ ժամանակին թարգմանել ու ռուս հասարակայնության ուշադրությանն են ներկայացրել իռլանդացի լրագրող Էմիլ Դիլոնի «Իրադրությունը Թուրքահայաստանում» աշխատությունը, ֆրանսիական «Դեղին գրքի» վավերագրական նյութերը, ֆրանսիացի հեղինակ Վիկտոր Բերարի «Կոստանդնուպոլսի օգոստոսյան սպանությունները» (խոսքը Կ. Պոլսի հայության 1896 թ. օգոստոսյան ջարդերի մասին է) հոդվածները, ինչպես նաև հայկական կոտորածների ականատեսների մի շարք վկայութուններ։

Ժողովածուն բովանդակում է Հ. Այվազովսկու չորս նկարներ, որոնցից երկուսը պատկերում են 1894-96 թթ. ողբերգական իրադարձությունները (չեն պահպանվել)։ Ժողովածուի գեղարվեստական ձևավորմանը մասնակցել է Վ. Սուրենյանցը։

Ժողովածուն լավ ընդունվեց ռուս հասարակայնության կողմից։ Նրա տարածումից ստացված միջոցներով Արևմտյան Հայաստանում բացվեցին որբանոցներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։