Եկեղեցական ծխական դպրոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եկեղեցական ծխական դպրոցներ, տարրական դպրոցներ մինչհեղափոխական Ռուսաստանում։ Գտնվում էին ծխական համայնքների տնօրինության տակ։ Եկեղեցիներին կից դպրոցներ բացվել են դեռևս 11-րդ դարում։ 19-րդ դարի վաթսունական թվականներին կոչվել են եկեղեցական ծխական դպրոցներ։ Պահվում էին եկեղեցու եկամուտներով և նվիրատվություններով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տիպի էին՝ միդասյան (երկամյա) և երկդասյան (չորսամյա)։

20-րդ դարի սկզբին միդասյան դպրոցների ուսման տևողությունը դարձավ երեք, երկդասյանինը՝ հինգ տարի։ Յուրաքանչյուր տարվա դասընթաց համարվում էր մեկ բաժանմունք, երկու բաժանմունքը՝ մեկ դասարան։ Ավարտողները քննություն հանձնելուց հետո կարող էին ընդունվել միջնակարգ դպրոցների երրորդ դասարան (վեցերորդ տարվա դասընթաց)։

1836 թվականի կանոնադրությամբ Հայկական մարզում, ինչպես և Ռուսաստանի բոլոր հայաբնակ վայրերում թույլատրվում էր բացել միդասյան, իսկ մեծ բնակավայրերում՝ երկդասյան եկեղեցական ծխական դպրոցներ։ Միդասյան դպրոցները երկսեռ էին, իսկ եթե համայնքը իգական դպրոցներ չէր ունենում, երկդասյանի 1-3 բաժանմունքներում ընդունվում էին նաև աղջիկներ։ Չքավոր երեխաների ուսուցումը անվճար էր։

Ղեկավարում և ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական ծխական դպրոցներ ունեին հոգաբարձություն և վարիչ։

Ուսուցչական կազմը համալրվում էր թեմական դպրոցների, հետագայում նաև՝ Գևորգյան ճեմարանի շրջանավարտներով։

Միդասյան ծխական դպրոցներում դասավանդվում էին կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, վայելչագրություն, թվաբանություն, ձեռարվեստ, երգեցողություն, գծագրություն և այլ առարկաներ։ Գնահատականները թվանշաններով տաս բալյան էին, բառերով՝ հինգ բալյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 496 CC-BY-SA-icon-80x15.png