Jump to content

Եկել է արձակուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկել է արձակուրդ
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Ռեշետնիկով
տարի1948
ժանրկենցաղային ժանր
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Եկել է արձակուրդ (ռուս.՝ «Прибыл на каникулы»), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Ֆեոդոր Ռեշետնիկովի նկարը ժանրային գեղանկարչության ոճում, նկարչության մեջ «սոցիալիստական ժանրի» վառ օրինակներից մեկը[1]։ Նկարն ստեղծվել է 1948 թվականին, այս նկարի համար («Խորհրդային Միության գեներալիսիմուս Ի. Վ. Ստալին» կտավի հետ միասին) նկարիչը 1949 թվականին արժանացել է երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի[2]։ Գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։

«Եկել է արձակուրդ» նկարը դարձել է Ֆեոդոր Ռեշետնիկովի առաջին և ամենահաջող փորձերից մեկը կենցաղային գեղանկարչության ժանրում (նախկինում առավել հայտնի է եղել որպես ծաղրանկարիչ)[3]։

Ստեղծագործությունը նվիրված է ուրախալի իրադարձության. Սուվորովյան ուսումնարանում սովորող տղան ամանորյա արձակուրդներին վերադարձել է տուն։ Զինվորական համազգեստով թոռը պապին կեսկատակ զեկուցում է ժամանման մասին, տղայի դեմքը ողողված է լայն ժպիտով, պապը, զգաստ կանգնած, «ընդունում է զեկույցը»։ Նկարի կերպարները (տղան, նրա պապը, պիոներական փոխկապով աղջիկը) նկարված են սիրով և հումորով[3]։ Նկարի ներքին լավատեսությունը, ընդգծված ոչ միայն նրա երջանիկ հերոսների հմայքով, այլ նաև տան տոնական ձևավորմամբ, հանգեցնում է այն մտքին, որ մեծ պատերազմն ավարտվել է, և տղան առջևում պայծառ ապագա ունի։ Միաժամանակ կտավը խորապես դրամատիկ է. նկարիչը չի պատասխանում, թե որտեղ են խիզախ մարտիկի ծնողները։ Այն փաստը, որ պատերազմից հետո Սուվորովյան ուսումնարաններ էին վերցնում այն երեխաներին, որոնց հայրն ու մայրը զոհվել էին ռազմաճակատում, այդ թերի ասվածին ողբերգական հնչեղություն է հաղորդում[4][5]։

«Եկել է արձակուրդ» նկարը դարձել է վարպետի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ Երկար տարիներ ռուսաց լեզվի դասաժամերին դպրոցականերին առաջարկվել է նկարի հիման վրա գրել շարադրություն[6]։ Այս նկարով թողարկված բացիկների տպաքանակը կազմել է ավելի քան 13 միլիոն։ Դա ավելին է, քան Խորհրդային Միությունում մինչ այդ թողարկված որևէ այլ բացիկինը[7]։

«Եկել է արձակուրդ» նկարի վերարտադրությունը Ֆեոդոր Ռեշետնիկովի մյուս՝ «Նորից երկուս» ոչ պակաս հայտնի նկարում (1952) կախված է պատից։ Հետաքրքրական է, որ «Նորից երկուս» նկարի վերարտադրությունն էլ իր հերթին պատկերված է նկարչի «Վերաքննություն» նկարում։

2013 թվականի դեկտեմբերի 14-ին Սանկտ Պետերբուրգի Սուվորովյան ռազմական ուսումնարանի տարածքում (Սադովայա փողոց, 26) բացվել է Սուվորովյան ուսումնարանի և կադետային կորպուսի շրջանավարտների հուշարձանը։ Քանդակային կոմպոզիցիան վերաստեղծում է «Եկել է արձակուրդ» նկարի սյուժեն. փոքրիկ զինվորականը զեկուցում է պապին, հուշարձանի հերոսներն ունեն դիմանկարային նմանություն իրենց նախատիպերի հետ։ Քանդակագործ Կարեն Սարգիսովի հուշարձանն այստեղ տեղադրվել է Արևմտյան ռազմական շրջանի զորքերի հրամանատար Անատոլի Սիդորովի նախաձեռնությամբ, որն ինքն էլ ավարտել է Սուվորովյան ուսումնարան, և նվիրված էր Ռուսաստանում Սուվորովյան և Նախիմովյան ուսումնարանների 70-ամյակին[8][9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Решетников Фёдор Павлович Энциклопедия «Кругосвет»
  2. Евграфова Л., Федор Павлович Решетников, Пермь, 1961.
  3. 3,0 3,1 Народный мемориально-художественный музей Ф. П. Решетникова
  4. Հոր հնարավոր մահվան մասին անուղղակիորեն վկայում է վերին ձախ անկյունի եղևնու պսակով զինվորականի դիմանկարը
  5. «Ф. Решетников: картины». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  6. «Подготовка к рассказу на основе картины (Ф. П. Решетников «Прибыл на каникулы»)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  7. Н. С. Тагрин. Мир в открытке. М, «Изобразительное искусство», 1978. с.112
  8. Персонажей картины Решетникова «Прибыл на каникулы!» отлили из бронзы
  9. ««Прибыл на каникулы»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  10. «Прибыл на каникулы!»