Ելտկուզյան աթաբեկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ելտկուզյան աթաբեկություն, ֆեոդալական դինաստիա Ատրպատականում և Հյուսիսային Իրանում։ Գոյություն է ունեցել 1136-1225 թվականներին։ Հիմնադիրը եղել է Շամսադդին Ելտկուզը (Իլդեգիզը), ով ծագումով ստրուկ է եղել և իշխել է 1136-1174 թվականներին։ 1136 թվականին նրա կողմից գրավվել է Ատրպատականի և Իրանի մի մասը, ապա նվաճել է նաև Նախիջևանի գավառները և Սյունիքի թագավորությունը։ Հետագայում հարձակվել է Անիի և Վրաստանի վրա։ Նախիջևանը մի քանի տասնամյակ նրանց աթաբեկության կենտրոններից է եղել։ Այդ ժամանակ էլ Նախիջևանում 1161-1162 թվականներին ճարտարապետ Աջեմին կառուցել է Էպուճաբար Մուհամեդի դամբարանը։ Այն հայտնի է Աթաբեկի դամբարան մականունով։ Իսկ 25 տարի անց՝ 1186-1187 թվականներին, նույն ճարտարապետը կառուցել է Ելտկուզի կին Մոմինա խաթունի դամբարանը. վերջինիս շատերը համարում են աթաբեկ Ջահախան Փեհլևիի կինը։ Ադրբեջանի ուսումնասիրողները արդեն սեփականացրել են և վերագրում են Ադրբեջանին ինչպես այս հուշարձանները, այնպես էլ 12-րդ դարի վերջերի և 13-րդ դարի սկզբների Կարաբաղլարի և այլ նույնատիպ դամբարանները։ 1220-1222 թվականներին տեղի ունեցած մոնղոլական արշավանքներից Ելտկուզյան Աթաբեկությունը թուլացել էր։ Այն վերջնականապես կործանվեց 1225 թվականին, երբ Խորեզմշահ Ջալալեդդինը հարձակվեց։ Դրանից հետո Նախիջևանում նույնպես վերացվեց Ելտկուզյան աթաբեկությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 39 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։