Եգիպտական քայլերգ (Յոհան Շտրաուս II)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Եգիպտական քայլերգ
Տեսակերգ
Ժանրքայլերգ
ԿոմպոզիտորՅոհան Շտրաուս
Կատալոգի համար335

Եգիպտական քայլերգ (գերմ.՝ Ägyptischer Marsch), Op. 335, հեղինակ՝ ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուս (որդին): Գրվել է 1869 թվականին: Առաջին անգամ կատարվել է Ռուսաստանի Պավլովսկ քաղաքում նույն թվականի հուլիսին:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Սուեզի ջրանցքի պաշտոնական և հանդիսավոր բացումը: Ջրային այս ուղին իրար կապեց Միջերկրական ծովի Պորտ Սաիդ նավահանգիստը, որ գտնվում է Եգիպտոսի հյուսիսարևմուտքում, Կարմիր ծովի Սուեզ նավահանգստին, որը գտնվում է Եգիպտոսի հյուսիսարևելքում: Հաջորդ օրը տարբեր երկրներից վաթսունութ նավ սկսեցին նավարկել այդ ճանապարհով՝ չորս օրից ժամանելով Սուեզ: Այս ջրային արհեստական ուղու բացումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ամբողջ աշխարհում: Այս կարևոր իրադարձությանը նվիրված գրվեցին տարբեր ստեղծագործություններ (ինչպես օրինակ իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի Աիդա օպերան): Մի այդպիսի ստեղծագործություն էլ Վիեննայում գրեց ավստրիացի դերասան, բանասեր և լիբրետոների հեղինակ Անտոն Բիտները. այն կատակերգություն էր և կոչվում էր «Դեպի Եգիպտոս» ("Nach Ägypten"), որը ներկայացվեց Վիեննայի թատրոնում նույն տարվա դեկտեմբերի 26-ին: Եվ ահա, կոմպոզիտոր Յոհան Շտրաուս կրտսերը գրեց «Եգիպտական քայլերգ» ստեղծագործությունը՝ որպես երաժշտական ձևավորում նախավերջին տեսարանի համար, երբ շարային քայլով անցնում են եգիպտական զորքերը: Սակայն մինչ դեկտեմբերին կկայանար ներկայացումը, նույն տարվա հուլիսին Շտրաուսը համերգային ծրագրով ելույթ էր ունենալու Ռուսաստանի Պավլովսկ քաղաքի Վոքսհոլ (Waxhall) համերգասրահում: Նրա հետ առաջին անգամ բեմ էր բարձրանալու նաև եղբայրը՝ Յոզեֆը: Եվ ահա, Շտրաուսն այս ստեղծագործությունն ընդգրկում է ռուսական համերգաշրջանի մեջ, որտեղ էլ այն կատարվում է առաջին անգամ: Դրանից հետո «Եգիպտական քայլերգը» մեկ անգամ էլ հնչում է Պավել I ցարի պալատում: Իսկ վիեննացիները, ինչպես նախատեսված էր, այս զարմանահրաշ և աշխույժ երաժշտական պիեսը լսում են մի քանի ամիս անց՝ դեկտեմբերին, Անտոն Բիտների «Դեպի Եգիպտոս» կատակերգության ընթացքում:

Ստեղծագործության նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսը սկսվում է հանդարտորեն՝ թմբուկի մեղմ հարվածներով և կարծես հեռվից հնչող փողային նվագարանների ձայնով, որոնք կատարում են եգիպտական նուրբ մեղեդի: Նրանց ի պատասխան մեղմորեն արձագանքում են լարային նվագարանները: Մեղեդին հետզհետե սկսում է զարգանալ, երբ հանկարծակի երեք շեշտված ու զորեղ ակկորդներ են պոռթկում՝ նվագախմբի ամբողջ կազմի կատարմամբ: Մեղեդին թողնում է զինվորական խրոխտ նվագախմբի տպավորություն: Հաջորդ հատվածում մեղեդին կրկնվում է նվագախմբի առավել ընդգրկուն կազմով, բայց այժմ՝ համեմված արաբական երաժշտական տարրերով: Դրանից հետո մեղեդին ստեղծում է մի այնպիսի տրամադրություն, ասես ունկնդիրը ներկա է արևոտ օրով կայացող խրոխտ զորահանդեսի: Հաջորդ հատվածում միանում է երգչախումբը՝ ձայնակցելով մեղեդուն: Այնուհետև կրկին հնչում է առաջին խրոխտ թեման, որից հետո ստեղծագործությունը մոտենում է ավարտին. հնչողությունը հետզհետե սկսում է մեղմանալ և թողնում է հեռացող նվագախմբի տպավորություն:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]