Դմանիսի (պատմական հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Ruins of Dmanisi Castle.jpg

Դմանիսի քաղաք (վրաց.՝ დმანისის ნაქალაქარი), պատմական և հնագիտական հուշարձան Վրաստանում, որը գտնվում է Պատարա-Դմանիսի գյուղից հյուսիս։ Ընդգրկված է Դմանիսի շրջանի վարչական տարածքում (Քվեմո-Քարթլի հարավային մարզ) և գտնվում է Թբիլիսիից 85 կմ հարավ-արևմուտք։

Տեղակայված է Մաշավերա և Պինսաուրի գետերի միախառնման վայրում գտնվող հրվանդանի վրա։ Այն իրենից ներկայացնում է թանգարան բաց երկնքի տակ, որն ընդգրկում է վաղ միջնադարյան Դմանիսի Սիոնի տաճարը և միջնադարյան Վրաստանի ամենակարևոր քաղաքներից և առևտրի կենտրոններից մեկի ավերակները՝ ամրություններ, եկեղեցիներ, մահմեդական և քրիստոնեական գերեզմանատներ, բաղնիքները և արհեստանոցներ։ Միջնադարյան շերտերի տակ հայտնաբերված Դմանիսի հնէաբանական հուշարձանը ներառում է հոմինյան բրածոներ, որոնք թվագրվում են մ.թ. 1,85-1,75 միլիոն տարի առաջ և համարվում է աֆրիկյան մայրցամաքի տարածքից դուրս մարդկային ցեղի գոյության ամենավաղ և անվիճելի ապացույցներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն և մուսուլմանական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմանիսին միջնադարյան Վրաստանի ամենամեծ ու հարուստ քաղաքներից էր։ «Դմանիսի» տեղանունը, ըստ 18-րդ դարի վրաց գիտնական և իշխան Վախուշտի Բագրատիոնիի, ծագել է հին վրացական «դաբա» բառից, որը թարգմանաբար նշանակում է գյուղ[1]։

Դմանիսի քաղաքը առաջացել է եպիսկոպոսական սրբավայրի շրջակայքում գտնվող մի փոքրիկ բնակավայրից, որն իշխում էր Դմանիսխևի (Մաշավեր) և Կցիյա հովիտների վրա և 4-րդ դարում արդեն հայտնի էր որպես Քարթլիի վեց թեմերից մեկը, իսկ 9-10-րդ դարերում արդեն խոշոր առևտրային քաղաք էր, երբ երկրամասը գտնվում էր արաբական տիրապետության տակ։ Ըստ միջնադարյան վրացական տարեգրությունների, խալիֆի հրամանատար Բուղա ալ-Կաբիրը, Քարթլիում իր արշավանքի ընթացքում, 853 թվականին, Դմանիսիում բնակեցրեց 100 ալանական ընտանիք Դարիալի կիրճից[2]։ 989 թվին Դմանիսին գրավում է հայոց թագավոր Դավիթ Անհողինը, բայց հետագայում քաղաքը, ըստ ամենայնի, կրկին ընկնում է մահմեդականների տիրապետության տակ։ Վրացական տարեգրություններում հիշատակվում է ինչ որ Սիտլարաբի, որը հավանաբար, Դմանիսիից մահմեդական Սաիդ ալ-Արաբի աղավաղված անուն, որը վրաց թագավոր Բագրատ IV-ի կողմից 1068 թվականին նշանակվել է որպես իր վասալ Տփղիսի ամիրայությունում։ Հայտնի է, որ անանուն «Դմանիսիի էմիրը» սատարում էր սելջուկների հրամանատար Սաու Թեգին Սարհանգ ալ-Խասսին (վրացական աղբյուրներում` «Սարանգ Ալխազի»[3]) 1073 թվականին Վրաստանի արքա Գևորգ Երկրորդի հետ բախման ընթացքում[4]։

Վրացական թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմանիսի Սիոնի
Քաղաքի պարիսպների ավերակներ
Sioni Cathedral, Dmanisi - August 2013 foto 03.jpg

Տեղեկանալով վերակենդանացող վրացական միապետության սպառնալիքի մասին` Դմանիսի մահմեդական օլիգարխիան միացավ Գյանջայի և Թիֆլիսի սելջուկ սուլթան Մահմուդ II- ին ուղղված դիմումին, կանխելու Դավիթ IV-ի կողմից Վրաստանի դեմ ոտնձգությունները 1121 թվականին։ Դավիթ IV-ը գրավեց Դմանիսին 1123 թվականի մարտին, բայց նրա որդին՝ Դեմետր I-ը, ստիպված եղավ նորից հետ վերցնել քաղաքը 1125 թվականին։ Վրացական թագավորության օրոք Դմանիսին շարունակում էր ծաղկել, այդ թվում՝ արհեստներն ու առևտուրը։ Յակուտ ալ-Համավիի տվյալներով՝ քաղաքը մետաքս է արտահանել։ Դմանիսիի աշխույժ տնտեսական պատմության մասին են վկայում այդ տարածքում հայտնաբերված ավելի քան 800 մետաղադրամները, հիմնականում օտարերկրյա, ինչպես նաև հնագիտական գտածոները, ինչպիսիք են ներմուծված իրանական հախճապակին և չինական կերամիկան, ինչպես նաև տեղական կերամիկան, ապակյա սպասքը և ոսկերչական զարդերը[4]։

Միջնադարյան Դմանիսիի բնակչությունը միատարր չէր` մուսուլմանները նկատելի մեծամասնություն էին կազմում քաղաքում, ինչի մասին է վկայում 13-14-րդ դարերի արաբերեն տապանաքարերով մեծ գերեզմանատունը, որը զգալիորեն գերազանցում է մնացած քրիստոնեական (վրացական և հայկական) գերեզմանաքարերին[4][5][6]։ Որոշ մահմեդականներ լքեցին Դմանիսին Վրաստանի կողմից այն գրավվելուց հետո, շեյխ Սադր ադ-Դին Համիդ բ. Ալի ադ-Դամանիսին (մահ. 1245) ղեկավարում էր Դամասկոսում գտնվող իսլամական հոգևոր ճեմարանը` մեդրեսը[7]։ Տեղի էմիրի դիրքն իջեցվեց հավասարեցվելով նշանակված ցարական չինովնիկի պաշտոնին`այդ մասին հիշատակվում է վրացաերեն լեզվով արձանագրության մեջ, որը նշված է 13-րդ դարի սկզբի Դմանիսիի ավերված մատուռի խաչքարի վրա` Միհրիկի որդի Էմիր Իովը կանգնեցրեց այս «խաչքարը»՝ ի պատիվ Սուրբ Դեմետրիի[5]։

Երբ Վրաստանը դարձավ մոնղոլական կայսրության վասալ, Դմանիսին ընտրվեց որպես մետաղադրամներ հատելու վայր. 1245 թվականին հատվեցին Վրաստանի թագավոր Դավիթ VI Նարինի պղնձե մետաղադրամները[8]։ 1270-ականներին Վրաստանի թագավոր Դեմետրի II-ը ստիպված էր Դմանիսին և հարակից տարածքը փոխանցել հզոր նախարար Սադունին, որը վայելում էր մոնղոլների վստահությունը։ Դավիթ VIII թագավորը, լավ հարաբերությունների մեջ լինելով մոնղոլ Բայդու խանի հետ, 1293 թվականին կարողացավ վերադարձնել Դմանիսին իր վերահսկողության ներքո, բայց այն զիջեց իր մրցակցին, եղբորը՝ Վախթանգ III-ին, որը մահից հետո 1308 թվականին թաղվել էր Դմանիսիում։ Այնուետև քաղաքն անցավ Վախթանգի ավագ որդու՝ Դեմետրեի տիրապետության ներքո[4]։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1386-1403 թվականներին Թամերլանի արշավանքները Վրաստան վերջ դրեցին Դմանիսիի բարգավաճմանը։ 1486 թվականին քաղաքը ավերվեց Աղ-Կոյունլուի տիրակալ Յակուբ իբն Ուզուն-Հասանի հարձակման արդյունքում։ 1490-ական թվականներին վրացական թագավորության վերջնական անկումից հետո այն մտավ Քարթլիի թագավորության կազմի մեջ։ Այնուհետև Դմանիսին շնորհվեց Բարաթաշվիլիի իշխանական ընտանիքին, որը հետագայում բաժանվեց երկու ճյուղերի, որոնք 1536 թվականին բաժանեցին ամբողջ քաղաքն ու իր ունեցվածքը։ 1578 թվականին Դմանիսին օսմանյան զորքերը գրավեցին և ամրացրեցին Դմանիսին, բայց Քարթլիի արքա Սիմոն I-ը հետ գրավեց քաղաքը 1583 թվականին։ Հետագայում Դմանիսին ծառայեց միայն որպես Բարաթաշվիլիներին պատկանող ռազմական առաջադիրք։ Տնտեսական և եկեղեցական կյանքի փոքր վերածնունդը Դմանիսիում, որն այն ժամանակ հայտնի էր նաև որպես Դբանիսի, կարճատև էր 18-րդ դարի սկզբին։ Մեկ այլ պատերազմի և քաղաքական անարխիայի արդյունքում Դմանիսիի անկումը ուղեկցվեց 18-րդ դարի կեսերին նրա եպիսկոպոսական գահի վերացմամբ։ Դմանիսին և հարակից տարածքը հիմնականում անմարդաբնակ էին, 19-րդ դարի սկզբին Վրաստանում ռուսական կայսրության իշխանության հաստատման ժամանակ նախկին քաղաքի շրջակայքում սկսեցին հայտնվել գյուղական նոր բնակավայրեր[4]։ Նրանցից մեկը՝ Բաշկիչետին, 1947 թվականին վերանվանվեց պատմական քաղաքի պատվին։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1853 թվականին Դմանիսիի ավերակներն առաջին անգամ այցելեցին և համառոտ նկարագրեցին ռազմական հնէաբան Իվան Բարտոլոմեյը և իշխան Դմիտրի Օրբելիանին։ Նրանց կողմից պատճենած վրացական որոշ արձանագրություններ տպագրվել են ֆրանսիացի հետազոտող Մարի-Ֆելիսիտե Բրոսեի կողմից 1854 թվականին։ Հնագետ Էքվթիմե Թակաիշվիլին ղեկավարում էր Դմանիսի գերեզմանատան որոշ պեղումներ և 1894 թվականին վերահրատարակում է վրացական արձանագրությունները[4]։

Դմանիսի ավերակների հնագիտական ուսումնասիրությունը սկսվել է 1936 թվականին, բայց համակարգված պեղումներ չեն իրականացվել մինչև 1980-ականները։ Այդ ընթացքում ակնհայտ դարձավ, որ միջնադարյան նկուղները կամ մառանները փորվել են ավազի և մոխրի մեջ, որը պարունակում էր նախապատմական կենդանիների ոսկորներ և քարե գործիքներ[4]։ 1991 թվականին հայտնաբերվեց մարդու ծնոտ և ատամներ, որոնք անատոմիական նմանություն ունեին Homo erectus–ի հետ, որին հաջորդեց 1991-2005 թվականներին գանգերի մի շարք սենսացիոն հայտնագործություններ։ Այդ գտածոները, որ թվագրվում են մ.թ.ա. մոտ 1.85-1.75 միլիոն տարի առաջ, Դմանիսին դարձրին մարդկության հնագույն բնակավայրերից մեկը ամբողջ Եվրասիայում[9][10][11]։ 2007 թվականին Դմանիսիի հոմինիդների հնավայր հուշարձանը ներառվել է Վրաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում[12]։

Համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմանիսիի պատմական հուշարձանը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ ներառյալ բնակավայրի մնացորդները, ամրությունները, եկեղեցիները, գերեզմանոցները և այլ կառույցները։ Մի մասը քաղաքն է, որը զբաղեցնում է 13 հա տարածք՝ Մաշավերա և Պինեզաուրի գետերի միախառնման տեղում գտնվող հրվանդանի վրա, իսկ մյուս մասը՝ հարակից արվարձանն է, որը զբաղեցնում է 12 հա տարածք Պինեզաուրի գետի երկայնքով[4]։

Քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը պաշտպանված էր բազալտե պարիսպով, որը կազմում էր մեծ պատվար և պաշտպանական ամրություններ հենակետերով ՝ արևելքում և Մաշավեր գետի հովտում հյուսիսում և հյուսիս-արևմուտքում՝ տարածվելով 90 մետր խորության վրա։ Հրվանդանի հարավային մասը գրավում էր միջնաբերդը, որի մակերեսը կազմում էր մոտ 3250 քառ. մ.: Այն գտնվում էր քաղաքի պարսպի ներսում, քաղաքից բաժանված էր հատուկ պատնեշով, որն ուներ միայն մեկ դարպաս։ Միջնաբերդում կար պալատ, բաղնիք և այլ կառույցներ։ Արևմտյան կողմից 200 մ երկարությամբ գաղտնի թունելը տանում էր դեպի Մաշավեր գետ, որն ընդհանուր առմամբ պահպանվել է մինչ օրս[4]։

Հարավից ճանապարհը տանում էր դեպի քաղաքի դարպասներ։ Դրա շարունակությունն ու քաղաքի փողոցները ունեին մոտ 2,5 մ լայնություն և սալարկված էին մեծ քարե սալիկներով և եզրապատված էին ցածր քարե պատով։ Դմանիսիում տները կառուցված էին բազալտե քարերից անկանոն շարքերով, աղյուսե բուխարիներով և խորշերով։ Նրանց ներքին պատերը սվաղված էին, իսկ հարուստ տներում դրանք ծածկված էին կանաչ կերամիկական սալիկներով[4]։ Ավերված քաղաքի կենտրոնում՝ միջնաբերդից անմիջապես ներքև, կանգնած է Դմանիսի Սիոնի մայր տաճարը, վաղ միջնադարյան բազիլիկ՝ եռաստիճան նավով ու աբսիդով և 13-րդ դարի սկզբին զարդարված նախասրահով։ Դրանից հյուսիս գտնվում է Սուրբ Մարինա փոքրիկ միանավ եկեղեցին, որը վերակառուցվել է 1702 թվականին, ինչի մասին վկայում է վրացական արձանագրությունը դրա հարավային ճակատամուտքի վերևում։ Հյուսիս-արևելյան կողմում պահպանվել են երկու այլ փոքր եկեղեցիների ավերակներ, որոնց քարերի վրա առկա են հայերեն արձանագրություններ[4]։

Արվարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվարձանը գտնվում էր քաղաքի կենտրոնից հարավ։ Այնտեղ էր գտնվում 12-14-րդ դարերի ընդարձակ գերեզմանատունը, գրեթե նույնքան մեծ, որքան քաղաքը՝ բաղկացած քրիստոնեական (վրացական և հայկական) և ավելի ընդարձակ մահմեդական հատվածներից։ Քրիստոնեական գերեզմանատանը պահպանվել են փոքր միանավ եկեղեցու ավերակները։ Պինեզաուրի գետի աջ ափի երկայնքով պահպանվել են նաև երեք բաղնիքների ավերակներ[4]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմանիսի հուշարձանը համարվում է թանգարան բաց երկնքի տակ, որը ղեկավարվում է որպես Վրաստանի ազգային թանգարանի մի մաս, որպես Դմանիսի պատմական և ճարտարապետական թանգարան-արգելոց։ Թանգարանը ներառում է նաև ցուցասրահ՝ ավելի քան 2300 ցուցանմուշներով[13]։ Դմանիսիի թանգարանն աշխատում է սեզոնային եղանակով` մայիսից հոկտեմբեր[14]։ Դմանիսի Սիոնի մայր տաճարը և հուշարձանի այլ կառույցներ 2007 թվականին ներառվել են Վրաստանի ազգային նշանակության մշակութային անշարժ հուշարձանների ցանկում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. დმანისი // ქართლის ცხოვრების ტოპოარქეოლოგიური ლექსიკონი / Gamkrelidze, Gela; Mindorashvili, Davit; Bragvadze, Zurab; Kvatsadze, Marine. — Tbilisi: Georgian National Museum, 2013. — С. 190—193. — ISBN 978-9941-15-896-4
  2. Robert W. Thomson Rewriting Caucasian history: the medieval Armenian adaptation of the Georgian chronicles; the original Georgian texts and the Armenian adaptation. — Oxford: Oxford University Press, 1996. — С. 261. — ISBN 0198263732
  3. Minorsky, Vladimir Studies in Caucasian history. — Cambridge University Press, 1977. — С. 67. — ISBN 0521057353
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 დმანისის ნაქალაქარი // საქართველო: ენციკლოპედია: ტ.2. — Tbilisi, 2012. — С. 460—461.
  5. 5,0 5,1 Berdzenishvili, Devi დმანელი ამირას უცნობი წარწერა ფინეზაურის ხეობიდან // ნარკვევები. — Tbilisi, 2005. — С. 26—34.
  6. Chkhvimiani, Jimsher განვითარებული შუა საუკუნეების ქართულწარწერიანი საფლავის ქვები დმანისიდან(վրաց.) // Kadmos. — 2015. — Т. 7. — С. 40—41.
  7. Japaridze, Gocha ად-დუმანისი - იშვიათი არაბული ნისბა // ძიებანი საქართველოსა და ახლო აღმოსავლეთის ისტორიაში, ტ. 1. — Tbilisi, 2012. — С. 107—109. — ISBN 978-9941-0-4627-8
  8. Kolbas, Judith The Mongols in Iran: Chingiz Khan to Uljaytu 1220–1309. — Routledge, 2013. — С. 123—124. — ISBN 9781136802898
  9. Vekua, Abesalom; Lordkipanidze, David; Rightmire, G. Philip; Agusti, Jordi; Ferring, Reid; Maisuradze, Givi; Mouskhelishvili, Alexander; Nioradze, Medea; Leon, Marcia Ponce de; Tappen, Martha; Tvalchrelidze, Merab; Zollikofer, Christoph A New Skull of Early Homo from Dmanisi, Georgia(անգլ.) // Science : journal. — 2002. — Т. 297. — № 5578. — С. 85—89. — ISSN 0036-8075. — doi:10.1126/science.1072953 — PMID 12098694.
  10. Garcia, Tristan; Féraud, Gilbert; Falguères, Christophe; de Lumley, Henry; Perrenoud, Christian; Lordkipanidze, David Earliest human remains in Eurasia: New 40Ar/39Ar dating of the Dmanisi hominid-bearing levels, Georgia(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2010. — Т. 5. — № 4. — С. 443—451. — doi:10.1016/j.quageo.2009.09.012
  11. Sagona, Antonio The Archaeology of the Caucasus: From Earliest Settlements to the Iron Age. — Cambridge University Press, 2017. — С. 38. — ISBN 9781139061254
  12. «Tentative Lists: Dmanisi Hominid Archaeological Site»։ UNESCO World Heritage Centre։ Վերցված է 2019-10-30 
  13. «Dmanisi Historic and Architectural Museum-Reserve»։ Georgian Museums։ Ministry of Culture and Monuments Protection of Georgia, ICOM National Committee in Georgia, Georgian Museums Association, Culturological Research Association։ Վերցված է 2019-10-30 
  14. «Museum information»։ Georgian National Museum: Dmanisi։ Վերցված է 2019-10-30 
  15. «List of Immovable Cultural Monuments» (վրացերեն)։ National Agency for Cultural Heritage Preservation of Georgia։ Վերցված է 2019-10-30