Դեսմոպրեսսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեսմոպրեսսին (DDAVP), դեղ, որն օգտագործվում է ոչ շաքարային դիաբետի, գիշերամիզության, հեմոֆիլիա A-ի, Վիլլեբրանդի հիվանդության, ուրեմիայի բուժման համար[1]։ Դեղը կիրառվում է Վիլլեբրանդի հիվանդության և հեմոֆիլիա A֊ի մեղմ դեպքերում[1]։ Կարող է ներմուծվել աերոզոլի, ներերակային ներարկման տեսքով, նաև՝ ենթալեզվային[1]։

Հիմնական կողմնակի ազդեցություններն են գլխացավը, լուծը, արյան մեջ նատրիումի քանակի նվազումը[1]․ վերջինս կարող է հանգեցնել գիտակցության կորստի[1]։ Երիկամային խնդիրներ և արյան մեջ նատրիումի քիչ քանակ ունեցող մարդկանց կողմից կիրառումը ցանկալի չէ[1]։ Հղիության ընթացքում օգտագործելու տեսանկյունից անվնաս է[1]։ Միզագոյացումն ընկճող հորմոնի՝ վազոպրեսինի սինթետիկ անալոգն է[1]։

ԱՄՆ–ում դեսմոպրեսսինի բժշկական կիրառությունը հաստատվել է 1978թ֊ին[1]։ Այն ընդգրկվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում (առողջապահության համակարգում ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցները)[2]։ ԱՄՆ–ում ամսական պահանջվող պաշարի գինը կազմում է 100–ից 200 դոլար[3]։

Բժշկական կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային անմիզապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է գիշերային անմիզապահության (էնուրեզ) բուժման համար։ Նշանակվում է որպես ներքին ընդունման դեսմոպրեսսինի ացետատ։ Դեսմոպրեսսին ընդունող երեխաները 2.2 անգամ ավելի քիչ են ունենում գիշերային անմիզապահություն և 4.5 անգամ ավելի քիչ են արթնանում գիշերն այդ խնդրով, քան պլացեբոյի դեպքում[4][5]։

Գիշերամիզություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսմոպրեսսինի կիրառությունն օգտակար է նաև այն մեծահասակներին, ովքեր ունեն գիշերվա ժամերին միզելու հետ կապված խնդիրներ (նոկտուրիա)[6]։

Արյունահոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսմոպրեսսինը Վիլեբրանդի հիվանդության առաջին մեղմ տեսակի դեպքում համարվում է առաջին ընտրության դեղ[1]։ Խորհուրդ չի տրվում օգտագործել Վիլլեբրանդի հիվանդության 2B և 3րդ ծանր տեսակների դեպքում[1], ինչպես նաև ոչ նորմալ VIII գործոնի դեպքում[1]։

Խորհուրդ է տրվում օգտագործել միայն հեմոֆիլիա A–ի դեպքում[1]։ Կարող է կիրառվել և՛ վնասվածքի հետևանքով, և՛ վիրահատությունների ընթացքում առաջացող արյունահոսությունները կանխելու համար[1]։ Էֆֆեկտիվ չէ օգտագործել հեմոֆիլիա B–ի (IX գործոնի անբավարարություն) և հեմոֆիլիա A–ի ծանր դեպքերում[1]։

Ոչ շաքարային դիաբետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսմոպրեսսինը կիրառվում է ոչ շաքարային դիաբետի բուժման համար՝ որպես էնդոգեն հակամիզամուղ հորմոնի փոխարինիչ, քանի որ վերջինիս արտադրությունը հիպոֆիզի հետին բլթի և հիպոթալամուսի կողմից կամ նվազած է, կամ բացակայում է։ Օգտագործվում է նաև ոչ շաքարային դիաբետի տարբերակիչ ախտորոշման նպատակով։ Անարդյունավետ է նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի բուժման համար։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ–ի Սննդի և դեղերի ադմինիստրացիան զգուշացնում է, որ ցողացիրների (նազալ սփրեյ) օգտագործումից մահացել են երկու մարդ, իսկ հիսունիննի մոտ առաջացել է ուշագնացություն։ Այդ պատճառով էլ ԱՄՆ–ում այլևս արգելված է ցողացիրի կիրառումը երեխաների համար[8], սակայն կարելի է օգտգործել դեսմոպրեսսինի հաբերը էնուրեզի բուժման նպատակով։

Պացիենտները պետք է դադարեցնեն դեսմոպրեսսինի կիրառումը, եթե նրանց մոտ ի հայտ են գալիս փսխումներ, լուծ, տենդ, հարբուխ։ Դեղը պետք է զգուշորեն օգտագործել շոգ եղանակներին կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, քանի որ դրանք կարող են հանգեցնել օրգանիզմի սթրեսային վիճակի և խախտել ջրաէլեկտրոլիտային հավասարակշռությունը։

Անհրաժեշտ է հավասարակշռության մեջ պահել օրգանիզմի ջրի և նատրիումի քանակները։ Եթե նատրիումի քանակը քչանում է (հիպոնտրեմիա) կամ ջրի մեծ քանակի օգտագործման, կամ էլ աղի քիչ քանակի օգտագործման հետևանքով, անձը կարող է ունենալ ցնցումներ, ավելի ծանր դեպքերում կարող է մահանալ[9]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսմոպրեսսինը հակամիզամուղ է՝ նվազեցնում է մեզի միջոցով օրգանիզմից հեռացվող ջրի քանակը։ Ազդում է երիկամների հավաքող խողովակների վրա․ կապվում է V2 ընկալիչներին, որոնք էլ նպաստում են ակվապորինային անցուղիների փոխադրմանը դեպի հավաքող խողովակի թաղանթի գագաթային մակերես։ Հեռադիր նեֆրոններում ակվապորինային անցուղիների առկայությունը մեծացնում է մեզից ջրի հետներծծումը, որն էլ նեֆրոնի հիմնակողմնային անցուղիներով վերաբաշխվում է շրջանառվող արյան մեջ[10]։ Դեսմոպրեսսինը խթանում է էնդոթելային բջիջներից Վիլլեբրանդի գործոնի սինթեզը՝ ազդելով V2 վազոպրեսինային ընկալիչների վրա։

Դեսմոպրեսսինն ավելի դանդաղ է յուրացվում, քան նրա ռեկոմբինանտ վազոպրեսինը։ Զարկերակային ճնշման վրա ազդեցությունն առավել քիչ է վազոպրեսինի համեմատ․ վերջինս կարող է առաջացնել զարկերակային հիպերտենզիա։ Վազոպրեսինը խթանում է ԱԿՏՀ–ի սինթեզը, որն էլ անուղղակի կերպով բարձրացնում է անոթների հարթ մկանների ալֆա–1 ադրենընկալիչների ընկալունակությունը․ դա էլ բարձրացնում է անոթների լարվածությունը և զարկերակային ճնշումը։ Ըստ որոշ հետազոտությունների էլ՝ դեսմոպրեսսինը չի խթանում ԱԿՏՀ–ի արտադրությունը (բացառությամբ Քուշինգի հիվանդության)[11][12][13], և հետևաբար, չի բարձրացնում զարկերակային ճնշումը։

Քիմիական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսմոպրեսսինը (1-դեամինո-8-D-արգինին վազոպրեսսին) մարդու վազոպրեսսին (հակամիզամուղ) հորմոնի անալոգն է։

Ի տարբերութուն վազոպրեսսինի՝ դեսմոպրեսսինի առաջին ամինաթթուն ենթարկվել է դեամինացման, և ութերորդ դիրքի արգինինը ոչ թե levo դիրքի է, այլ dextro։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 «Desmopressin Acetate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  3. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 233. ISBN 9781284057560.
  4. Evans, JH (2001). «Evidence based management of nocturnal enuresis». BMJ (Clinical Research Ed.). 323 (7322): 1167–9. doi:10.1136/bmj.323.7322.1167. PMC 1121645. PMID 11711411.
  5. «La prise en charge de l'énurésie nocturne primaire». Paediatr Child Health. 10 (10): 616–620. 2005. doi:10.1093/pch/10.10.616. PMC 2722621. PMID 19668677.
  6. Ebell, MH; Radke, T; Gardner, J (Sep 2014). «A systematic review of the efficacy and safety of desmopressin for nocturia in adults». The Journal of Urology. 192 (3): 829–35. doi:10.1016/j.juro.2014.03.095. PMID 24704009.
  7. «FDA approves first treatment for frequent urination at night due to overproduction of urine». www.fda.gov (Press release). 2017 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին.
  8. Miranda Hitti (2007 թ․ դեկտեմբերի 4). «2 Deaths Spur sleep apnea Drug Warning». WebMD. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  9. «Information for Healthcare Professionals — Desmopressin Acetate (marketed as DDAVP Nasal Spray, DDAVP Rhinal Tube, DDAVP, DDVP, Minirin, and Stimate Nasal Spray)». Center for Drug Evaluation and Research. FDA. 2007 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. Friedman FM, Weiss JP (December 2013). «Desmopressin in the treatment of nocturia: clinical evidence and experience». Ther Adv Urol. 5 (6): 310–7. doi:10.1177/1756287213502116. PMC 3825109. PMID 24294289.
  11. Pecori Giraldi, F; Marini, E; Torchiana, E; Mortini, P; Dubini, A; Cavagnini, F (June 2003). «Corticotrophin-releasing activity of desmopressin in Cushing's disease: lack of correlation between in vivo and in vitro responsiveness». The Journal of Endocrinology. 177 (3): 373–9. doi:10.1677/joe.0.1770373. PMID 12773117.
  12. Colombo, P; Passini, E; Re, T; Faglia, G; Ambrosi, B (June 1997). «Effect of desmopressin on ACTH and cortisol secretion in states of ACTH excess». Clinical Endocrinology. 46 (6): 661–8. doi:10.1046/j.1365-2265.1997.1330954.x. PMID 9274696.
  13. Foppiani, L; Sessarego, P; Valenti, S; Falivene, MR; Cuttica, CM; Giusti Disem, M (October 1996). «Lack of effect of desmopressin on ACTH and cortisol responses to ovine corticotropin-releasing hormone in anorexia nervosa». European Journal of Clinical Investigation. 26 (10): 879–83. doi:10.1111/j.1365-2362.1996.tb02133.x. PMID 8911861.