Դելֆինա Լալորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Դելֆինա Լալորի
Marie Delphine Lalaurie
Delphine LaLaurie.jpg
Ծնվել է մարտի 19, 1780(1780-03-19)
Ծննդավայր Լուիզիանա, ԱՄՆ
Մահացել է դեկտեմբերի 7, 1842(1842-12-07) (62 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն սերիական մարդասպան և socialite
Ամուսին Դոն Ռամոն դե Լոպես
(1800-1804)
Ժան Բլանկե
(1808-1816)
Լեոնարդ Լուիս Նիկոլյա Լալորի
(1825-ահայտ)
Ծնողներ Բարտելմի Լուիս Մաքարթի, Մերի Ջին Լավեբլ
Delphine LaLaurie Վիքիպահեստում

Մերի Դելֆինա Լալորի (ի ծնե՝ Մաքարթի, մարտի 19, 1780(1780-03-19), Լուիզիանա, ԱՄՆ - դեկտեմբերի 7, 1842(1842-12-07), Փարիզ, Ֆրանսիա[1]), ամերիկյան բարձր խավի ներկայացուցիչ, որն ավելի հայտնի է որպես մադամ Լալորի, Նոր Օռլեանի պատմության ամենադաժան կին-մարդասպաններից մեկը: Մեղադրվել է սադիզմի և բազմաթիվ սևամորթ ստրուկների կտտանքներով սպանելու մեջ:

Դելֆինա Լալորին եղել է XIX դարի սկզբի ամերիկյան վերնախավի ներկայացուցիչ և վարել է իր կարգավիճակին համապատասխան կենսակերպ: Նրա առանձնատանը ծառայել են ստրուկներ, որոնք ժամանակի ընթացքում տիրուհու կամքով դարձել են մահացու կտտանքների և փորձարկումների առարկա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Դելֆինա Լալորին ծնվել է հարուստ ստրկավաճառ Բարտելմի Լուիս Մաքարթիի (անգլ.՝ Barthelmy Louis Macarty) և Մերի Ջին Լավեբլի (անգլ.՝ Marie Jeanne Lovable) ընտանիքում[2]։ Նրանից բացի ընտանիքում եղել է ևս չորս երեխա: 1730 թվականին նրա պապը՝ Բարտելմի Մաքարթին (անգլ.՝ Barthelmy Macarty), Իռլանդիայից իր ազգականներին տեղափոխել է Նոր Օռլեան[3]: 1815 թվականի սեպտեմբերի 7-ին Դելֆինայի հորեղբոր տղան՝ Ավգուստինը (Augustin de Macarty), դարձել է քաղաքապետ և զբաղեցրել այդ պաշտոնը հինգ տարի:

1800 թվականին Դելֆինան 25 տարեկան հասակում ամուսնացել է առաջին անգամ. նրա ամուսինն է դարձել իսպանացի բարձրաստիճան սպա Դոն Ռամոն դե Լոպեսը[2][4]: Ամուսնությունը տևել է մինչև 1804 թվականը, երբ ամուսիններն ուղևորվել են Մադրիդ[2]: Դոն Ռամոնը մահացել է Հավանայում՝ չհասնելով Իսպանիա: Այդ ամուսնությունից Դելֆինան ունեցել է աղջիկ՝ Մարիա Բորջիա Դելֆինա Լոպեսը (անգլ.՝ Marie Borgia Delphine Lopez), որին նա կոչել է «Բարկիտա»[2][5]:

1808 թվականի հունիսին Դելֆինան ամուսնացել է հարուստ բանկիր, առևտրական և իրավաբան Ժան Բլանկեի (անգլ.՝ Jean Blanque) հետ[2]: Չորս երեխայի հետ ընտանիքը տեղափոխվել է 409-Ռոյալ-սթրիթ փողոցում (Նոր Օռլեան) գտնվող տուն[2]: 1816 թվականին Ժանը մահացել է[6]: 1825 թվականի հունիսի 25-ին Դելֆինան ամուսնացել է երրորդ անգամ՝ բժիշկ Լեոնարդ Լուիս Նիկոլ Լալորիի (անգլ.՝ Leonard Louis Nicolas LaLaurie) հետ, որը նրանից տարիքով բավական փոքր էր[7]: 1831 թվականին նա գնել է տարածք 1140-Ռոյալ-սթրիթ փողոցում[8] և մինչ 1832 թվականն այդ հողատարածքի վրա կառուցվել է առանձնատուն[6], ուր տեղափոխվել է Լալորին իր երկու դուստրերի ու ծառայի հետ[7]:

1834 թվականի ապրիլի 10-ին Լալորիի տանը հրդեհ է բռնկվել: Համարվում է, որ դա կազմակերպել էր ստրկուհի-խոհարարուհին, որպեսզի դիմակազերծի իրեն տանջահարող տիրուհուն: Ստրկուհին ցանկացել էր ուշադրություն գրավել, ընդ որում՝ նա ինքը մնացել էր խոհանոցում, քանի որ շղթայված էր: Ըստ տեղեկությունների՝ այրվող տան տիրուհին հրաժարվել է տալ բանալիները, որ հարևանները կարողանան բացել ձեղնահարկը և փրկել այնտեղ պահվող ստրուկներին: Երբ դուռը ջարդել են, դուրս է եկել յոթ ստրուկ: Ինչպես հայտնում էին թերթերը, մադամ Լալորիի ստրուկները եղել են ահավոր այլանդակված. նրանց պարանոցները ձգված էին, բացակայում էին նրանցից մեկի վերջույթները, ստրուկներից մեկի գլխից փայտ էր դուրս ցցված, որի միջոցով Լալորին ցանկացել էր խառնել նրա ուղեղը: Իրականում յոթ ստրուկները բավական հյուծված էին, բայց նրանցից ոչ մեկը չէր մահացել: Ստրկուհիներից մեկի վրա երկաթե փշերով վզկապ էր, իսկ մյուսը զառամյալ կին էր, որ ստացած հարվածից գլխին շատ խորը վերք ուներ և շատ թույլ էր քայլելու համար:

Երբ Լալորիի դաժանության մասին լուրերը տարածվել են քաղաքում, զայրացած ժողովուրդը ներխուժել է նրա կեցավայր Ռոյալ-սթրիթում և ավերել այն: Ոստիկանության շերիֆները և սպաները ցրել են ամբոխը, բայց Լալորիի տունը արդեն լուրջ վնասներ էր կրել: Կտտանքների ենթարկված ստրուկները տեղափոխվել են մոտակա բանտ, որտեղ նրանց կարող էր տեսնել յուրաքանչյուր ցանկացող: Ըստ տեղեկությունների՝ մոտ հազար մարդ ցանկացել է սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են տուժել խեղճ ստրուկները:

Տարբերակներ մահվան վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուսափելով Լինչի դատաստանի՝ Դելֆինան փախել է: Նա նստել է կառք, հասել ափ, որտեղ գաղտնի բարձրացել է երկկայմ առագաստանավ, որն ուղևորվում էր Մոբիլ, Ալաբամա, իսկ հետո Փարիզ[9]: Նրա մահվան հանգամանքները մինչև վերջ պարզված չեն: Ջորջ Վաշինգտոն Քեյբլը (անգլ.՝ George Washington Cable) 1888 թվականին պատմել է այդ ժամանակ բավական հայտնի, բայց շատ կասկածելի պատմություն այն մասին, որ Լալորիին սպանել է վարազը որսի ժամանակ[10]: 1930-ականների վերջին Յուջին Բաքսը (անգլ.՝ Eugene Backes), ով գերեզմանափոր էր աշխատել #1 Գերեզմանոցում ընդհուպ մինչև 1924 թվականը, հայտնաբերել է երկու հին ճաքճքված պղնձե սկավառակներ՝ «Մադամ Լալորի, օրիորդականա անունը՝ Մարի Դելֆինա Մաքարթի, մահացել է Փարիզում, 1842 թվականի դեկտեմբերի 7-ին» գրությամբ[11]:

Համաձայն Փարիզի ֆրանսիական արխիվների՝ նա մահացել է ոչ թե 1842 թվականին, այլ 1849 թվականի դեկտեմբերի 7-ին[12]:

Կերպարը զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադամ Դելֆինա Լալորիի կերպարն օգտագործվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սարսափ-թրիլերի երրորդ եթերաշրջանում՝ «Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով». նրան մարմնավորել է Քեթի Բեյթսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փարիզում պահվող արխիվների համաձայն՝ Լալորին մահացել է 1849 թվականին, սակայն կան տարբեր տեղեկություններ այն մասին, որ նա կարող է մահացած լինել 1842 թվականին։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Arthur (1936), p. 148.
  3. King (1921), pp. 368—373.
  4. King (1921), p. 359.
  5. King (1921), pp. 359—360.
  6. 6,0 6,1 Arthur (1936), p. 149.
  7. 7,0 7,1 Martineau (1838), p. 137.
  8. Cable (1888), p. 200.
  9. Martineau (1838), pp. 141—142.
  10. Cable (1888), p. 217.
  11. Times-Picayune (January 28, 1941).
  12. ARCHIVES PARIS

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]