Դառնարմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դառնարմատ (լատին․՝ Goebelia, դառը բիան), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ դառնարմատ աղվեսապոչավոր լատին․՝ G. alopecuroides։ Հանդիպում է Արարատի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Աճում է ճամփեզրերին, գետերի ու առուների ափերին, թույլ աղուտ հողերում, ցամաքուրդներում, փոքրիշատե խոշոր զանգվածներ է առաջացնում Մեծամոր գետի ձախափնյա մասում։ Ցողունի բարձրությունը մինչև 100 սմ է, վերին մասում՝ ճյուղավորվող, հիմքում՝ փայտացած։ Տերևները խոշոր են, էլիպսաձև, թավոտ։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակ կամ դեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը համրիչանման ունդ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։