Գյումրիի դարբնության ավանդույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕՈՆՄԺ ցանկում ընդգրկելու մասին վկայականը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ադրի Ազուլեյի ստորագրությամբ, դեկտեմբեր 2023[1]։

Գյումրիի դարբնության ավանդույթ, քաղաքային ճարտարապետության մեջ երկաթի գեղարվեստական մշակմամբ պատրաստված տարբեր իրերի և բաղադրիչների կիրառման ավանդույթ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանին գրանցվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում[1][2][3]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրին Հայաստանի քաղաքային արհեստագործական մշակույթի կենտրոններից է։ 19-րդ դարի կեսերին քաղաքում արհեստների ծաղկումը կապված էր այստեղ տեղակայված զինվորական կայազորի ներկայությամբ։ Մեծ թվով արհեստավորների, առևտրականների ու քաղաքային բնակչության տարբեր խավերի ներհոսքը նպաստել է արհեստների զարգացմանը։ Գյումրու մշակութային ժառանգությունը ներկայացնող արհեստներից է եղել դարբնությունը, որն ունեցել է հստակ արտահայտված քաղաքային բնույթ և ավանդույթներ։

Երկաթի գեղարվեստական մշակմամբ պատրաստվել են տարբեր իրեր՝ դարպասներ, վանդակաճաղեր, պատշգամբների ու աստիճանահարթակների ճաղեր, շքամուտքերի ու պատշգամբների հովհարները պահող մետաղական նեցուկներ, պատուհանաճաղեր, ջահեր, մոմակալներ և այլն։ Այս բոլոր իրերը սև և նարնջագույն տուֆից կառուցված տների և շինությունների համադրությամբ ստեղծել են ընդհանուր կոլորիտ, ձևավորել քաղաքի ընդհանուր տեսքը։

1865 թվականի Ալեքսանդրապոլ քաղաքի արհեստավորների ցուցակում դարբնությունը վարպետների քանակով առաջատարների ցանկում է և զիջում է միայն շինարար վարպետների թվին։ Ըստ այդ ցուցակի՝ դարբին վարպետների թիվը հասել է 84-ի, իսկ դարբնի աշակերտների ու օգնականների թիվը՝ 197-ի։ Եկամտաբերությամբ նույնպես այս արհեստը ամենաբարձր եկամուտ ապահովողներից է եղել[4]։

Համքարությունը սեփական արհեստանոցն ու խանութն ունենալու արտոնագիր է տվել այն վարպետներին, ովքեր բավարարել են արհեստ որակական և տեխնիկական ընդունված չափանիշները։ Սահմանվել է որակի շատ խիստ հսկողություն, իսկ որակը խախտելու դեպքերը ենթադրել են նաև որաշակի տույժեր ու պատիժներ, օրինակ՝ անորակ արտադրանքն իր արհեստանոցի կամ խանութի ճակատին ամրացնելը, ինչպես նաև արհեստավորին դարբնի վարպետության կարգից զրկելը[5]։

Սակայն ժամանակի հետ վերջին մի քանի տասնամյակում սոցիալ-տնտեսական տարբեր պատճառներով, նաև քաղաքային միջավայրի արդիականացման ու կառուցապատման նոր միտումներով պայմանավորված՝ ավանդական դարբնության նմուշները պահպանելու և փոխանցելու խնդիր է առաջացել։ Դարբնության ավանդական կողմի աստիճանական թուլացման միտումը պայմանավորված է նաև Երկաթի մշակման տեխնիկական արդիականացման գործընթացով։

Արհեստի ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտությունը դարբնության մեջ երկարատև շրջան էր։ Հայաստանում առհասարակ վարպետները որպես աշակերտ վերցնում էին իրենց որդիներին կամ ազգականներին, որպեսզի արհեստը գերդաստանի ներսում մնար[6]։

Ըստ կարգի՝ վարպետը երդման արարողակարգ էր անցնում՝ երդվելով աշակերտին վերաբերվել սեփական որդու պես և սովորեցնել նրան արհեստի բոլոր հմտությունները[7]։ Հաճախ աշակերտը տարիներով մնում էր որպես վարպետի օգնական։ Վարպետները ստուգում էին աշակերտի անձնային հատկանիշները, կամքը, ուշիմությունը՝ կարևորելով նրա ուշադրությունը, հանձնարարությունները կատարելու ընդունակությունն ու արագ կողնմորոշվելու ունակությունը։ Ազգագրագետ Կ․Սեղբոսյանի կողմից հիշատակված մի պատմութուն կա․

Վարպետն աշակերտից խմելու ջուր է խնդրում, վերջինս մատուցում է պղնձե գավաթի բռնակը բռնած։ Վարպետը վերցնելով գավաթը դրա վրա ևս մեկ բռնակ է փակցնում և տալով աշակերտին նորից ջրի է ուղարկում։ Սա այս անգամ ջուրը մատուցում է գավաթի զույգ բռնակները երկու ձեռքով բռնած։ Վարպետն այս անգամ երրորդ բռնակն է ավելացնում և գավաթը վերադարձնում աշակերտին, ցանկանալով նրան հասկացնել, որ աշակերտը վարպետին ջուր տալուց պետք է այնպես անի, որ բռնակը ազատ թողնի վարպետի բռնելու համար։
- Կ․ Սեղբոսյան, «Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները լենինականցիների կենցաղում», Երևան, 1974

Երբ աշակերտը անցնում էր ուշիմության, աշխատասիրության ու ճարպկության փորձությունները, նրան տրվում էին որոշակի հանձնարարություններ։ Աշակերտը սկսում էր աշխատել մեծ մուրճով՝ վարպետի հսկողությամբ։ Սկզբնական փուլում աշակերտի հիմնական գործը փուքս փչելն էր, որն անհրաժեշտ էր կրակարանի կրակը վառելու ու թեժ պահելու համար։ Աշակերտին չէին թույլատրում մոտենալ զնդանին, մուրճով աշխատանք անել։ Քանի որ երկաթն ու ածուխը թանկ արժեին, անփորձ աշակերտին վստահելը համարվում էր հումքի ավելորդ վատնում։ Պատահել են դեպքեր, երբ աշակերտն իր ողջ կյանքում այդպես էլ չի արժանացել վարպետի կոչման՝ մնալով որպես բանվոր։ Իսկ աշակերտելու փուլը հաջողությամբ անցածները նախ ստանում էին ենթավարպետի կոչում, իսկ արհեստի հմտություններին լիարժեք տիրապետելուց հետո օծվում էին վարպետ։

Վարպետ օծելու ավանդույթն ուներ հատուկ արարողակարգ։ Կատարվում էին նվիրատվություններ ու երդմնակալություն, որի ընթացքում աշակերտը փաստում ու ամրագրում էր իր հավատարմությունը արհեստի չափանիշներին, մարդկային բարձր որակների պահպանմանը՝ պարտավորվելով հարգանքով մոտենալ իրենից ավագ վարպետներին, պահպանել պատվի ու արժանապատվության բոլոր նորմերը։ Արարողությունը եզրափակվում էր խնջույքով[8][9]։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային շրջանում Լենինականում արհեստների հետնահանջ եղավ, քանի որ արդյունաբերության զարգացման հետ մասնավոր սեփականության արգելումը դրդեց արհեստավորներին մտնել պետական գործարաններ։

Խորհրդային տարիներին Լենինական - Գյումրին միակ քաղաքն էր, որտեղ քաղաքային դարբնության ավանդույթները շարունակում էին պահպանվել։

1970-1980-ական թվականները Լենինականի դարբնոցային մշակույթի վերածննդի տարիներ դարձան, քանի որ մի շարք տոհմական դարբիններ շարունակեցին գործունեություն ծավալել՝ այդպիսով վերականգնելով ինդուստրիալիզացիայի շրջանում ընդհատված գեղարվեստական դարբնությունը ու դրան բնորոշ ոճական ավանդույթը։

1980-ական թվականներին քաղաքում կային երկաթի գեղարվեստական մշակման միջոցով ստեղծված բարձրարժեք գործեր, որոնք կատարողական մակարդակով ու որակով չէին զիջում ավանդական շրջանից պահպանված նմուշներին, անգամ գերազանցում էին։

Գյումրին բացառիկ է ողջ Հայաստանում նաև այն առումով, որ որևէ այլ բնակավայրում հնարավոր չէ հանդիպել ավելի քան հարյուրամյա ընտանեկան ժառանգորդություն ունեցող դարբինների։

Հայտնի դարբիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրիում 1970-1980-ական թվականներին գեղարվեստական դարբնության ծաղկումը կապված է Լենինականցի Վովա անունով մի երիտասարդի հետ։ Նա սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում։ Ծանոթ լինելով քաղաքի դարբնոցային մշակույթին՝ այցելում է Լենինական, հանդիպում է Մնոյանների ընտանիքից վարպետ Օնիկին՝ Հովհաննես Մնոյանին, որը ներկայումս Մնոյանների ընտանիքի դարբնոցային ավանդույթների ժառանգորդ, կրտսեր Հովհաննես Մնոյանի պապն է։ Վարպետ Օնիկն ու Վովան սկսում են համագործակցել։ Վովան պատվերներ է ստացել Լենինգրադիր, էսքիզներ արել, նախագծել, իսկ վարպետ Օնիկը դրանք վերածել է երկաթե գեղարվեստական գլուխգործոցների։ Այսպիսով քաղաքում փոխվել է դարբնության նկատմամբ վերաբերմունքը, քաղաքային որոշակի մթնոլորտ է ձևավորվել այս արհեստի հանդեպ[10]։

Վարպետ Հովհաննես Մնոյանի կերտած աշխատանքները արվեստի նմուշներ են, դրանցից է դրվագման ու կոփման եղանակով երկաթից քանդակված ավանդական տարազով կնոջ արձանն ու Կոմիտասի կիսանդրին։

Քաղաքի երկաթուղային կայարանի հսկայական երկաթյա ջահը, որի պատրաստումը վստահվել է վարպետ Օնիկին ու նրա որդիներին, հայտնի է իր մեծ չափերով։ Մեկ տոննա կշռող ջահի պատրաստումից հետո այն դարբնոցից դուրս բերելու համար վարպետն ու որդիները քանդել են արհեստանոցի տանիքը։ Իսկ ջահը մարդաշատ կայարանում կախ տալուց հետո , որպեսզի վստահություն ներշնչեն, որ այն շատ ամուր է և վտանգ չի ներկայացնում, Հայր ու որդի վարպետները բարձրացել նստել են ջահի վրա, շամպայն գինի խմել ու շնորհավորել ավարտած աշխատանքը։

«Կումայրի» արգելոց - թանգարանի վերականգնողական աշխատանքները ձեռնարկելուց հետո հիմնադրվում է գիտավերականգնողական արհեստանոց և այդտեղ աշխատանքի է հրավիրվում քաղաքի ամենանշանավոր տոհմական դարբինների ընտանիքի ներկայացուցիչ, գործող վարպետ Պլատոն Պապոյանը՝ վարպետ Փոլիկը։ Նա իր որդու՝ Գագիկ Պապոյանի հետ միանում է քաղաքի համար կարևոր մի շարք շենքերի վերականգնողական աշխատանքներին։ Այս նշանավոր վարպետները պատրաստել են Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի՝ Ձիթողցոնց տուն-թանգարան) մուտքի դարպասը, պարսպաճաղերը, մեծ թվով ջահեր, պատուհանների ու դռների ճաղավանդակներ։ Այս գործում նրանց օգնել է նաև վարպետ Օնիկը։

Վարպետ Փոլիկը որդու հետ պատրաստել է նաև Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի դարպասները, ջահերն ու ճաղերը, գյումրեցիներին հայտնի «Բանկի շենքի» դարպասն ու լուսամուտաճաղերը և այլ գործեր։

Գյումրիում հայտնի և սիրված վարպետ է եղել Պապոյան Պապը։Վարպետ Փոլիկը Պապոյան Պապի եղբոր՝ Պարույրի տղան է եղել, իսկ վարպետ Օնիկը՝ նրա քրոջ որդին։ Վարպետ Պապին հանդիպել է ազգագրագետ Կարլեն Սեղբոսյանը։ Վարպետ Պապին հաջողվել է իր աշակերտներին փոխանցել երկաթի մշակման նրբությունները, հմտությունները, յուրաքանչյուրն ունեցել է իր ձեռագիրը, գործից հասկացող մարդիկ կարող են տարբերել նրանց աշխատանքները։

Ալեքսանդրապոլում ժամանակին եղել են տոհմիկ դարբինների մի քանի գերդաստաններ[11]։ Ժառանգական դարբնության կրողներից ամենահին պատմություն ունեցողը Պապոյանների ընտանիքն է։ Վարպետ Գարիկը հիշում է մինչև վեցերորդ սերնդի նախապապին։ Մնոյաննների ընտանիքը, եղբայրներ Հովհաննեսն ու Վահագնը ժառանգական դարբնության երրորդ սերունդն են։

Երրորդ սերնդի դարբիններ են նաև Մարտիրոսյանները։ Գագիկ Մարտիրոսյանն իր հիմնած «Եռանկյունի» համալիրում պահպանում է դարբնության ավանդական շրջանին բնորոշ գործիքները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «UNESCO - Tradition of blacksmithing in Gyumri». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
  2. https://ich.unesco.org/en/decisions/18.COM/8.B.16?fbclid=IwAR0DJ3Ca3P41t8uJVVVvzrSj0OMw2OvwJa-rEcWO9YokWq6w8YIbOw1-zzo, Decision of the Intergovernmental Committee: 18.COM 8.B.16, Kasane, 2023
  3. Գյումրիի դարբնության ավանդույթը Յունեսկօ-ի ՈՆՄԺ ներկայացուցչական ցանկում
  4. Աբրահամյան Վ․, Հայ համքարությունները Անդրկովկասի քաղաքներում (18- 20-րդ դարի սկիզբ), Երևան, 1971, էջ 56-60
  5. Սեղբոսյան Կ․, Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները լենինականցիների կենցաղում¸ Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ․23, Երևան, 2007։
  6. Թադևոսյան Ա․, «Դարբինը հայոց ծիսակարգում», Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ․23, Երևան, 2007։
  7. Սեղբոսյան Կ․, Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները լենինականցիների կենցաղում¸ Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ․23, Երևան, 2007, էջ 192-193
  8. Աղասի Թադևոսյան, «Գյումրու դարբնոցային մշակույթը», Երևան, 2021, էջ 9-10
  9. «Դարբնություն». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
  10. Ա․ Թադևոսյան, «Գյումրու դարբնոցային մշակույթը», Երևան, 2021, էջ 17-18։
  11. Գյումրի․ քաղաքը և մարդիկ, 2009։