Գզիրա ({{lang-en|Gżira, մալթ.՝ Il-Gżira)), քաղաք Մալթայի կենտրոնական մասում, Միջերկրական ծովի ափին։ Թաղամասերից մեկը գտնվում է մերձակա հանդիպակաց Մանոել կղզու վրա, ինչն էլ պայմանավորել է բնակավայրի Գզիրա անվանումը (Il-Gżira-ն մալթայերենից թարգմանած նշանակում է կղզի)։ Այդ կղզու վրա է գտնվում 1726 թվականին կառուցված բերդը, որը համարվել է 18-րդ դարի ռազմական ինժեներական գործի հրաշք։ 2014 թվականի մարտի տվյալներով Գզիրայի բնակչության թվաքանակը եղել է 8.029[3]:
19-րդ դարի կեսերին շևալյե Ժակոբ Տալյաֆեռոն Գզիրայում վիլլա է կառուցել։ Հետագա տասնամյակներին բնակավայրը աստիճանաբար վերափոխվել է Սլիմա քաղաքի բանվորական թաղամասի։ 20-րդ դարի կեսերից այստեղ ի հայտ են եկել բազմաթիվ բարեր, որոնց թվում՝ գլխավոր գործարար փողոցի՝ Strand-ի վրա գտնվող Snake Pit-ը, Britannia-ն, Granada-ն։ Բայց 1979 թվականիմարտի 31-ից, բրիտանական ծառայողների՝ Մալթա կղզուց հեռանալուց հետո, քաղաքում գործարար կյանքի ակտիվությունը կտրուկ կերպով նվազել է։
Տարիների ընթացքում բիզնեսի ուղղություններն այստեղ փոփոխության են ենթարկվել. սկսել են զարգանալ հյուրանոցային, ռեստորանային բիզնեսները, ֆինանսական, իրավաբանական, անշարժ գույքի առևտրով զբաղվող, առցանց շահումային ֆիրմաներն ու գրասենյակները։ Հատկապես վերջին տասնամյակի ընթացքում Գզիրան շինարարության, մասնավորապես բնակարանաշինության և անշարժ գույքի առուվաճառքի բում է ապրել։