Գերմանական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերմանական ճարտարապետությունը և կերպարվեստը։ Գերմանիայի տարածքում հայտնաբերվել են նոր քարի, բրոնզի և երկաթի դարերի դամբարաններ, շինություններ։ Մեր թվարկության սկզբին հարավում և արևմուտքում հիմնվել են Հին հռոմեական քաղաքներ։ Մ․ թ․ առաջին հազարամյակում ծաղկել է գերմանացիների շինարվեստը։

Սկզբնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն գերմանական ճարտարապետությունը կազմավորվել է միջին դարերում։ Պահպանվել են Ախենի պալատական (մինչև 798-805), Ֆուլդի Սանկտ-Միխայելի (մոտ 820-822) կենտրոնակազմ կապելլաները, բազիլիկ եկեղեցիները (Կորվեում, 822-885)։ «Կարոլինգյան վերածննդի» ավանդույթների կիրառմամբ են կառուցվել գերմանական վաղ ռոմանական ճարտարապետության բազիլիկները՝ Գեռնրոդեի մենաստանը (961 թվականից հետո), Տիլդեսհայմի Միխայելսկիրխեն (1001-1033)։ Հասուն ռոմանական ոճի շրջանում են կազմավորվել առաջին քաղաքները, դղյակների և մենաստանների համալիրները։ Կառուցվել են վանական խոշոր եկեղեցիներ (Մարիա-Լախ, 1093-1156) և տաճարներ («Կայսերական»՝ Շպայերում, Մայնցում, Վորմսում, 11-13-րդ դարեր, Բամբերգում, 1186-1237, Նաումբուրգում, մոտ 1210-1240, Լիմբուրգում, մոտ 1230-1235

Նյուշվայնշտայն ամրոցը

Զարգացումը 13-16-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

13-15-րդ դարեր գոթական ոճի ճարտարապետական հուշարձաններից են հզոր աշտարակներով և ամրացված դարպասներով քաղաքային ամրությունները, աղյուսե թաղակապ սրահներով ու դահլիճներով ռատուշաները (Լյուբեկում, 13-16-րդ դարեր, Տանգերմյունդում, մոտ 1430, Մյունստերում, սկսվել է 1335 թվականին, Բրաունշվայգում, 1302-1468), պահեստների, հոսպիտալների շենքերը, քարե և աղյուսե երկթեք ցցուն ծածկերով, հարուստ հարդարանքով մինչև 5 հարկանի քաղաքային տները, դղյակները (Մայսենի Ալբրեխտսբուրգ դղյակը, 1471-1485)։ Կոնստրուկտիվ լուծումների համարձակությամբ աչքի են ընկնում 1-2 սլացիկ աշտարակներով, քանդակազարդ հարդարանքով քարե տաճարները (Ֆրայ-բուրգ-իմ-Բրեյսգաու, մոտ 1200 թվականից մինչև 1-րդ դարի վերջ, Քյոլնում, սկսվել է 1248 թվականին, Ռեգենսբուրգում, 1275-1524, Ուլմում, 1377-1529) անպաճույճ, խստորոշ ու ազդեցիկ են դոմինիկյանների եկեղեցիները (Ռեգենսբուրգում, 13-րդ դարի 2-րդ կես, Էրֆուրտում, 15-րդ դարի 1-ին կես), հյուսիսարևելյան Գերմանիայի՝ պարզեցված ձևերով, բայց նախշուն շարվածքով հաճախ հարուստ հարդարված աղյուսե եկեղեցիները (Պրենցլաուի Մարիենկիրխե, 1326-1340)։ Հարավ-գերմանական ուշ գոթական ոճի, մեծ պատուհաններով դահլիճավոր եկեղեցիներից են Մյունխենի Ֆրաուենկիրխեն (1466-1492), Աննաբերգ-Բուխհոլցի Աննենկիրխեն (1499-1525)։ Վերածննդի ճարտարապետական ձևերն ու հատակագծման սկզբունքները Գերմանիա են ներթափանցել 16-րդ դարի 1-ին կեսին (Աուգս-բուրգ, Նյուրնբերգ, Տալլե) և առաջատար դեր են խաղացել բնակելի և հասարակական աշխարհիկ շենքերը։ Դարի վերջին, ճարտարապետական այդ ձևերը տարածում են գտել երկրում (Ֆրյոդենշտադի հատակագիծը, 16-րդ դարի վերջ-17-րդ դարի սկիզբ, Օտտոն Հայնրիխի մասնաշենքը Տայդելբերգում, 1556-1559), միահյուսվել գոթիկայի ավանդույթներին, ձեռք բերել ազգային ինքնատիպություն, սակայն հաճախ նաև՝ մաներիստական գծեր։ 18-րդ 1-ին կեսին բնորոշ է պալատական ու պաշտամունքային ճարտարապետության նոր վերելքը։

Խոշոր ճարտարապետները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ շրջանի խոշոր ճարտարապետներ են՝ Դինցենհոֆեր ընտանիքը, Նյոյմանը, Պյոպելմանը, Շլյուտերը։ Գերմանիայի Կնոբելսդորֆի կառույցներում առկա է անցումը կլասիցիզմին։ 18-րդ դարի 2-րդ կեսին 19-րդ դարի սկզբիին ստեղծվել են հասարակական շենքեր (թատրոններ, թանգարաններ, ուսումնական հաստատություններ)։ Այդ ասպարեզի խոշոր ճարտարապետ է է Շինկելը։ 19-րդ դարի կեսին քաղաքների տարերային զարգացման հետևանքով կլասիցիզմը տեղի է տվել Էկլեկտիզմին։ Ճարտարապետության կոմպոզիցիայի ռացիոնալ սկզբունքների որոնումներ է կատարել Զեմպերը։

Զարգացումը 19-20-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

19-20-րդ դարի սահմանագլխին ճարտարապետության մեջ հաստատվել է յուգենդստիլը։ Արդյունաբերության բուռն զարգացումը, մետաղի և բետոնի կիրառումը 1910-1920-ական թվականներին առաջ են բերել ճարտարապետական ֆունկցիոնալ արդարացման և նոր գեղագիտության ստեղծման ձգտում, որ արտահայտվել է մերթ պատմական ավանդույթների նորարարական մշակմամբ (Բերենս), մերթ ճարտարապետական ձևերի ռոմանտիկ Էքսպրեսիայում և դինամիկայում (Պյոլցիգ, Մենդելզոն), հաճախ նաև ֆունկցիոնալիզմի սկզբունքների հետևողական հաստատմամբ (Գրոպիուս, Տաուտ, Միս վան դեր Ռոե), որը լայնորեն կիրառվել է արդյունաբերական շինարարության, քաղաքների զանգվածային կառուցապատման ոլորտում։ Նոր որոնումների կենտրոնը դարձավ Բաուհաուզ դպրոցը։ Գոյություն է ունեցել նաև ավանդական շինարարական արհեստին կռվանած ուղղություն (Ֆիշեր), որի սկզբունքները շարունակվել են ֆաշիստական շրջանի մռայլ, ծանրանիստ, կեղծ դասական շինություններում։ Տարածված են նաև փայտագրությունը, բրուտագործությունը, խաղալիքների և զարդարանքների արտադրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 50